Ռեալ Մադրիդին տեխնիկական պարտություն է սպառնում🎥

Ռեալ Մադրիդին տեխնիկական պարտություն է սպառնում🎥

17/05/2023 - 15:31

Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Խետաֆեին»։

Այդուհանդերձ, «արքայական» ակումբի անվան դիմաց, հնարավոր է, այդ հանդիպման համար տեխնիկական պարտություն գրանցվի։

Բանն այն է, ինչպես հայտնում է As-ն, այդ հանդիպման գլխավոր մրցավար Խուան Մարտինես Մունուերան 84-րդ րոպեին թույլ է տվել «Ռեալին» չեղարկել արդեն տեղի ունեցող փոփոխությունը, որպեսզի վնասվածք ստացած Էդուարդո Կամավինգան կարողանա լքել խաղադաշտը։

Այդ պահին «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին որոշել էր հանդիպման միակ գոլի հեղինակ Մարկո Ասենսիոյի փոխարինել Ալվարո Օդրիոսոլայով, սակայն վերջինս դաշտ մտավ Կամավինգայի փոխարեն։

Աղբյուրի փոխանցմամբ` տեղի ունեցածը ՖԻՖԱ-ի կանոնադրության խախտում է։

ՖԻՖԱ-ի կանոնադրության 3-րդ հոդվածում ասվում է հետևյալը.

«Փոխարինումը համարվում է ավարտված այն պահին, երբ փոխարինողը դուրս է գալիս խաղադաշտ։ Այդ պահից նա դառնում է խաղացող ֆուտբոլիստ, իսկ փոխարինվածը` պահեստային»։

Diario Sport-ը և Mundo Deportivo-ն հաստատում են, որ այդ պահին Ասենսիոն արդեն լքած է եղել խաղադաշտը և իրավունք չի ունեցել վերադառնալ խաղադաշտ։

Կատարվածի առթիվ «Խետաֆեն» որոշել է բողոք ներկայացնել Իսպանիայի Մրցաշարերի կազմակերպան հանձնաժողովին` «Ռեալի» չեղարկված փոխարինման վերաբերյալ։

Մադրիդի արվարձանը ներկայացնող ակումբի ղեկավարները կարծում են, որ կատարվածն օրենքի լուրջ խախտում է և պահանջում են` «արքայական» ակումբի անվան դիմաց տեխնիկական պարտություն գրանցվի։

Կատարվածի առթիվ վարույթ է սկսվել, ինչից հետո Հանձնաժողովն ընդունել է «Խետաֆեի» բողոքարկման հայտը։

Այժմ «Ռեալը» պետք է 3 օրվա ընթացքում արձագանքի այդ դեպքին և փաստեր ներկայացնի` փորձելով ապացուցել, որ Մարկո Ասենսիոն, ամեն դեպքում, լքած չի եղել խաղադաշտի սահմանները։

Եթե ապացուցվի «Ռեալի» մեղավորությունն, ապա «Խետաֆեի» դեմ հանդիպման համար ակումբի անվան դիմաց 0:3 հաշվով տեխնիկական պարտություն կգրանցվի։

Բացի դրանից, «արքայական» ակումբին տուգանք է սպառնում` 6-9 հազար եվրոյի չափով։

Հավելենք, որ «Խետաֆեն» Լա լիգայի շրջանակում անվկացրած 34 խաղից հետո վաստակել է 34 միավոր և զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը և պայքարում է տեղն առաջնությունում պահելու համար։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023