ՉԼ․ Սևիլիա – Բորուսիա Դորտմունդ հանդիպմանն ընդառաջ

ՉԼ․ Սևիլիա – Բորուսիա Դորտմունդ հանդիպմանն ընդառաջ

17/02/2021 - 18:50

Փետրվարի 17-ին մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության փլեյ-օֆֆ փուլը։ 1/8 եզրափակչի առաջին դիմակայությունների շրջանակում ՊՍԺ-ն ու «Լիվերպուլը» հյուրընկալվելիս հաղթեցին համապատասխանաբար «Բարսելոնային» (1։4) ու «Լայպցիգին» (0։2): Փետրվարի 18-ին՝ Երևանի ժամանակով կեսգիշերից սկսած, կկայանան «Սևիլիա» – «Բորուսիա Դորտմունդ» և «Պորտու» – «Յուվենտուս» հանդիպումները։ Այժմ կխոսենք «Սևիլիա» – «Բորուսիա» դիմակայության մասին։

Դիմակայության պատմությունը

Ակումբներն իրենց հարուստ պատմության ընթացքում միայն երկու անգամ են հանդիպել միմյանց։ Կողմերը Եվրոպա լիգայի 2010/11 խաղարկության շրջանակում ընդգրկվել էին միևնույն խմբում։

Դորտմունդում կայացած խաղում «Սևիլիան» Լուկա Չիգարինիի խփած միակ գնդակի շնորհիվ հաղթեց 1։0 հաշվով, իսկ Իսպանիայում գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 2։2։ Այդ խաղում անդալուսական ակումբից գոլերի հեղինակներ դարձան Ֆրեդերիկ Կանուտեն ու Ռոմարիկը, իսկ «Բորուսիայի» կազմից՝ Շինջի Կագավան ու Նևեն Սուբոտիչը։

Երկու ակումբների դիմակայությունն այնքան էլ հարուստ չէ, այդ իսկ պատճառով անցնենք առաջ։

Թիմերի ներկայիս մարզավիճակը

«Սևիլիա» – Վերջին 10 հանդիպումներում Խուլիեն Լոպետեգիի թիմը տարել է 9 հաղթանակ՝ կրելով ընդամենը 1 պարտություն։ Հատկանշական է, որ «կարմրասպիտակներն» այդ միակ պարտությունը կրել են «Ատլետիկո Մադրիդից» (0:2): «Սևիլիան» վերջին 10 խաղերի շրջանակում դարձել է 20 գոլի հեղինակ, իսկ վերջին 7 խաղերում ընդհանրապես որևէ գնդակ բաց չի թողել՝ սեփական դարպասը պահելով անառիկ։ Անդալուսական ակումբը, Լա լիգայի շրջանակում անցկացրած 22 խաղից հետո, վաստակել են 45 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։

«Բորուսիա Դորտմունդ» – Նախորդ 10 հանդիպումներում «իշամեղուները» տարել են ընդամենը 5 հաղթանակ, կրել են 3 պարտություն, ևս 2 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի։ Էդին Թերզիչի թիմն այդ խաղերում դարձել է 17 գոլի հեղինակ, իսկ սեփականն ընդունել է 15-ը։ Այդ ընթացքում դորտմունդյան թիմն ընդամենը 2 «չոր» հանդիպում է անցկացրել, դեռ ավելին՝ ակումբը վերջին 8 խաղերում անխտիր նվազագույնը մեկ գնդակ բաց է թողել։ «Բորուսիան» Բունդեսլիգայի շրջանակում 21 տուրից հետո վաստակել է 33 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։

Թիմերի կորուստները խաղից առաջ

  • «Սևիլիա» – Մարկոս Ակունյա, Լուկաս Օկամպոս
  • «Բորուսիա Դորտմունդ» – Աքսել Վիտցել, Ռոման Բյուրկի, Դան-Աքսել Զագադու, Լուկաշ Պիշչեկ
Լուկաս Օկամպոս

Թիմերի հայտացուցակները

«Սևիլիա»

«Բորուսիա Դորտմունդ»

Ի՞նչ սպասել այս դիմակայությունից

Թիմերը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ-ին մոտենում են հակառակ տրամադրվածություններով․ «Բորուսիան» վերջին շրջանում ընդհանրապես չի ուրախացնում իր երկրպագուներին, իսկ «Սևիլիան», ընդհակառակը, գրագետ ֆուտբոլ է ցուցադրում։ Խուլիեն Լոպետեգին էլ ապացուցում է, որ բարձրակարգ մասնագետ է և նրան պարզապես չհավատացին ո՛չ «Ռեալի» և ո՛չ էլ Իսպանիայի հավաքականի ղեկավարները։

«Բորուսիայի» խնդիրների հիմնական պատճառներից մեկն այն է, որ ակումբի բարձրաստիճան ներկայացուցիչները Բունդեսլիգայի շրջանակում «Շտուտգարտին» 1։5 հաշվով պարտվելուց հետո հեռացրին ակումբի գլխավոր մարզիչ Լուսիեն Ֆավրին։ Շվեյցարացի մասնագետի հեռացումից հետո գլխավոր մարզչի ժ/պ նշանակվեց 38-ամյա անփորձ Էդին Թերզիչը, ով Ֆավրի օգնականն էր։

Ակնհայտ է, որ Թերզիչը չգիտի, թե ինչ պետք է փոխանցի ֆուտբոլիստներին և փորձում է շարունակել իր ուսուցչի աշխատանքը, ինչը ակնհայտ չի ստացվում նրա մոտ։ Միգուցե նա դեռ պետք է սովորի և ավելի հմտանա իր գործում։ Ամեն դեպքում, «իշամեղուները» հաջորդ մրցաշրջանի մեկնարկից ունենալու են նոր գլխավոր մարզիչ՝ ի դեպմս Մարկո Ռոզեի, ով ներկայումս մարզում է «Բորուսիա Մյունխենգլադբախը»։

Դիմակայության առաջին խաղից առաջ երկու ակումբներն էլ գրեթե հավասարազոր կորուստներով են մոտենում խաղին։

Դորտմունդյան ակումբի կազում լուրջ խնդիր է, իհարկե, Աքսել Վիտցելի բացակայությունը, ով ընթացիկ մրցաշրջանում, ամենայն հավանականությամբ, այլևս չի օգնի իր թիմին։ Ուսի վնասվածքի պատճառով «դեղինների» կազմից խաղը բաց կթողնի նաև հիմնական դարպասապահ Ռոման Բյուրկին, իսկ նրա փոխարինող Մարվին Հիթցը, մեղմ ասած, հուսալի տարբերակ չէ։

Ինչ վերաբերվում է անդալուսական ակումբի կորուստներին, ապա միանշանակ պետք է առանձնանցնենք Լուկաս Օկամպոսի վնասվածքը։ Արգենտինացի ֆուբոլիստը վերջերս կայացած «Խետաֆեի» (3:0) դեմ խաղում կոճի ծանր վնասվածք ստացավ և դեռևս հայտնի չէ, թե երբ նա խաղադաշտ կվերադառնա։ Օկամպոսի բացակայությունը, իրապես, լուրջ կորուստ է Լոպետեգիի համար, քանի որ 26-ամյա վինգերը «Սևիլիայի» հիմնական շարժիչ ուժն է։

Անկախ հավասարազոր կորուստներից՝ ինչպես առաջին հանդիպման, այնպես էլ ընդհանուր դիմակայության ֆավորտը միանշանակ «Սևիլիան» է։

Եկեք լինենք անկեղծ․ ունենալ Էրլինգ Հալանդի, Ջեյդոն Սանչոյի, Մարկո Ռոյսի, Տորգան Ազարի, Յուլիան Բրանդտի, Մաթս Հումելսի, Ջիովանի Ռեյնայի, Ջուդ Բելինգհեմի և նման մակարդակի այլ ֆուտբոլիստներ ու ցուցադրել դժգույն խաղ, պարզապես, անմտություն է։ «Բորուսիայի» խնդիրները ներկա պահին ոչ թե կապված են խաղացողների մակարդակի, այլ՝ հոգեբանության հետ։

Դորտմունդյան ակումբը անչափ երկար է վերականգնվում ծանր հարվածներից, դժվար է առաջ շարժվում և մոտիվացվում հաջորդ խաղերին, իսկ հանդիպումներին ավելի լավ պատրաստելը գլխավոր մարզչի ուսերին է դրված։ Արդեն նշեցինք, որ Թերզիչը պարզապես շատ անփորձ է։

Վերջին շրջանում դորմտունդյան ակումբի կազմում չի ստացվում նույնիսկ Էրլինգ Հալանդի խաղը, ով 2021 թվականին, անցկացրած 9 խաղում, դարձել է ընդամենը 6 գոլի հեղինակ։ Այո՛, ընդամենը, որորվհետև նորվեգացի հարձակվողը 2020/21 մրցաշրջանի մեկնարկում ավելի շատ գոլ էր խփում, քան հանդիպումների մասնակցում։

Ներկա պահին «Բորուսիայի» ամենալուսավոր կետը Ջեյդոն Սանչոյի խաղն է։ Անգլիացի վինգերը քայլ առ քայլ վերադառնում է իր նախկին մարզավիճակին։ Նախորդ տարվա կորոնադադարը պատճառ էր դարձել, որ 20-ամյա ֆուտբոլիստը կորցնի իր մարզավիճակը և ավելորդ քաշ հավաքի, սակայն ներկա պահին Սանչոն կրկին սկսել է լավ խաղալ։

Այդ մասին են վկայում նաև թվերը․ Սանչոն 2021 թվականին անցկացրած 9 խաղում դարձել է 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

«Սևիլիան» ներկա պահին շատ բալանսավորված թիմ է։ Խուլիեն Լոպետեգիին հաջողվել է ցանկացած դիրքում ունենալ մի առաջատար խաղացող, ով եղանակ կստեղծի և մրցակիցներին կստիպի հաշվի նստել նրանց հետո։

Հատկապես հիացնում է անդալուսական ակումբի խաղը պաշտպանական ֆազայում։ «Սևիլիան» Լա լիգայի շրջանակում կայացած 22 խաղերից հետո բաց է թողել ընդամենը 16 գնդակ և այդ ցուցանիշով երկրորդ լավագույն ակումբն է ներքին առաջնությունում՝ զիջելով միայն «Ատլետիկոյին, որը բաց թողել 13 գոլ։ Դարպասում փայլում է մարոկկացի դարպասապահ Բոնոն, պաշտպանության կենտրոնում՝ Ժյուլ Կունդեն, աջ եզրում՝ թիմի ավագ Խեսուս Նավասը։

Կիսապաշտպանությունում էլ «կարմրասպիտակները» որևէ խնդիր չունեն։ Վերջին շրջանում հիանալի ֆուտբոլ է ցուցարդում հատկապես Խուան Ժորդանը, ով կատարած 6 գոլային փոխանցումով ընթացիկ մրցաշրջանում իր թիմի լավագույն ասիստենտն է։

Սակայն, «Սևիլիայի» կիսապաշպտանության հիմնասյունը Իվան Ռակիտիչն է, ով ընթացիկ մրցաշրջանից առաջ վերադարձավ հարազատ ակումբ և իր փորձով շատ է օգնում անդալուսացիներին։

Առանձնահատուկ ուշադրության է արժանի հատկապես «Սևիլիայի» կենտրոնական հարձակվող Յուսեֆ Էն-Նեսիրին, ով ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրած 33 խաղում դարձել է 17 գոլի հեղինակ։

Մարոկկացի հարձակվողին 2020 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերեցին որպես այն ժամանակ դեռևս թիմի գոլահար Լյուկ դե Յոնգի փոխարինող, սակայն 23-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում դե Յոնգին դուրս թողեց թիմի մեկնարկային կազմից։

Վնասվածք ստացած Լուկաս Օկամպոսի համար էլ միանշանակ համարժեք փոխարինող կա՝ ի դեմս Ալեխանդրո Պապու Գոմեսի, ով վերջերս ընդամեը 5․5 մլն եվրոյի դիմաց «Ատալանտայից» տեղափոխվեց «Սևիլիա»։

Գոմեսն անկասկած շատ բան կարող է տալ ներկայիս «Սևիլիային»։

Դիմակայության առաջին խաղից սպասելիքն այն է, որ «Սևիլիան» պարզապես պարտավոր է սեփական դաշտում հաղթել վատ վիճակում գտնվող «Բորուսիային», սակայն դորտմունդցիները նվեր չեն և անելու են ամեն ինչ, որպեսզի Գերմանիա վերադառնան նվազագույնը խփած 1 գնդակով։

Թիմերի` հաջորդ փուլ դուրս գալու շանսերը

Ակնհայտ է, որ թիմերի ներուժերը գրեթե հավասար են, և նմանատիպ դիմակայություններում վճռորոշ դեր է խաղալու ներկայիս մարզավիճակը և մարզչական փորձը, իսկ այդ տեսանկյունից ներկա պահին «Սևիլիան» ահռելի առավելություն ունի։

Դրան գումարենք նաև խաղացողների փորձը․ Ջեյդոն Սանչոն և Էրլինգ Հալանդը չունեն այն փորձը, ինչ Խեսուս Նավասը, Խուան Ժորդանը, Սուսոն , Իվան Ռակտիչն ու Պապու Գոմեսը։

Այդ ամենից ելնելով՝ թիմերի՝ հաջորդ փուլ դուրս գալու շանսերը կգնահատենք հետևյալ կերպ․

«Սևիլիա» 65/35% «Բորուսիա Դորտմունդ»

Թիմերի հավանական մեկնարկային կազմերը դիմակայության առաջին խաղումըստ Interfootball-ի

# , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023