Պերես. «Ֆուտբոլն այլևս երբեք չի լինի մենաշնորհ»

Պերես. «Ֆուտբոլն այլևս երբեք չի լինի մենաշնորհ»

21/12/2023 - 17:42

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սուպերլիգան, ըստ Եվրոպական խորհրդի արդարադատության դատարանի կայացրած վճռի, հաղթել է ՈՒԵՖԱ-ի դեմ դատը։

ԵԽ դատարանի կայացրած որոշումից հետո «Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ.

««Ռեալը» մեծ գոհունակությամբ ողջունում է Եվրոպական խորհրդի արդարադատության դատարանի որոշումը, որը պատասխանատու է մեր սկզբունքների, արժեքների և ազատության երաշխավորման համար։

Առաջիկա օրերին մենք կուսումնասիրենք կայացված դատավճիռը, բայց ես արդեն կանխատեսում եմ պատմական մեծ նշանակություն ունեցող երկու եզրակացություն։

Առաջին, եվրոպական ֆուտբոլն այլևս երբեք մենաշնորհ չի լինի։ Երկրորդ, ակումբներն են լինելու իրենց իսկ ազատության տերը։

Ակումբները կարծում են, որ իրավունք ունեն առաջարկել և ստեղծել եվրոպական նոր մրցաշարեր, որոնք արդիականացնում են մեր մարզաձևը և ներգրավում երկրպագուներ ամբողջ աշխարհից։

Մի խոսքով, ազատ Եվրոպան այսօր կրկին հաղթեց, իսկ ֆուտբոլն ու նրա երկրպագուները ցնծում են։

Երկու տարուց ավելի է, ինչ ճնշումների ենք ենթարկվում, բայց այսօր գերակայում է օրենքը, բանականությունն ու ազատությունը։ Ուստի Մադրիդի «Ռեալը» կշարունակի աշխատել ի շահ ֆուտբոլի։

Ինչպես մենք արեցինք գրեթե 70 տարի առաջ, երբ հիմնաքարային քայլ կատարեցինք ֆուտբոլի պատմության մեջ և ստեղծեցինք Եվրոպական չեմպիոնների գավաթը, այսօր ևս մեկ անգամ պարտավոր ենք և պետք է եվրոպական ֆուտբոլին տանք այն նոր լիցքը, որը նրան այդքան անհրաժեշտ է:

Դրան հասնելու համար մենք կշարունակենք պաշտպանել մեր գաղափարը, որը լիովին համատեղելի է ազգային առաջնությունների հետ, բաց է բոլորի համար, հիմնված է սպորտային արժեքների վրա և արդյունավետ կերպով կհետևի ֆինանսական fair-play-ի բոլոր օրենքներին։

Նախագիծ, որը կապահովի տնտեսական կայունությունը բոլոր ակումբների համար և, առաջին հերթին, կպաշտպանի ֆուտբոլիստներին և կուրախացնի երկրպագուներին:

Մենք դա կյանքի կկոչենք՝ չնայած այն արշավներին, որոնցից տուժել ենք, և որոնք, անկասկած, այսօրվանից ավելի են սրվելու, սակայն ոչ ոք չի ասել, որ այսքան տասնամյակ անց մենաշնորհին վերջ դնելը հեշտ գործ է։

Մենք հիանալի հնարավորություն ունենք կատարելագործելու եվրոպական ակումբային ֆուտբոլը։ Ֆուտբոլը 21-րդ դարում հասել է իր գագաթնակետին, որը կարող է գոյակցել նոր տեխնոլոգիաների հետ։

Թույլ տվեք դիմել եվրոպական ակումբներին և նշել, որ մենք գտնվում ենք նոր ժամանակի սկզբում, որի ընթացքում կարող ենք ազատ աշխատել կառուցողական երկխոսության միջոցով` առանց սպառնալիքների, առանց որևէ մեկի դեմ գործելու։ Մենք նպատակ ունենք նորարարություններ կիրառել և արդիականացնել ֆուտբոլը։

Այսօրվանից եվրոպական ֆուտբոլի ներկան ու ապագան վերջապես ակումբների, ֆուտբոլիստների և նրանց երկրպագուների ձեռքում է։ Մեր ճակատագիրը մերն է, և մենք մեծ պատասխանատվություն ենք կրում։

Սա պատմական օր է ֆուտբոլի և, առհասարակ, ողջ սպորտի պատմության համար»,- Պերեսի խոսքերը մեջբերում է «Ռեալի» պաշտոնական կայքը։

Հավելենք, որ «Ռեալ Մադրիդը» Սուպերլիգայի համահիմնադիրներից է և «Բարսելոնայի» հետ այն երկու ակումբներից է, որոնք շարունակում են մնալ մրցաշարի կազմում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023