Չելսին վրեժխնդիր եղավ Լեսթերից․ «ազնվականների» խոշոր նվերը Լիվերպուլին🎥

Չելսին վրեժխնդիր եղավ Լեսթերից․ «ազնվականների» խոշոր նվերը Լիվերպուլին🎥

19/05/2021 - 01:16

Անգլիական Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, որտեղ «Չելսին» մրցեց «Լեսթերի» դեմ։

Հանդիպման առաջին խաղակեսում «Չելսիի» ֆուտբոլիստներն ունեին հսկայական առավելություն, գնդակի տիրում էին ժամանակի 64%-ը, մրցակցի դարպասի ուղղությամբ կատարեցին 11 հարված, որոնցից 3-ը՝ դիպում, ստեղծեցին բազում գոլային պահեր և նույնիսկ երկու անգամ գրավեցին Կասպեր Շմեյխելի պաշտպանած դարպասը, սակայն երկու անգամ չեղարկվեց Տիմո Վերների խփած գոլերը։

Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում։

Այն, ինչ չհաջողվեց անել լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստներին առաջին կեսում, արեցին երկորդ խաղակեսի հենց մեկնարկում․ 47-րդ րոպեին անկյունային հարվածի խաղարկումից հետո հանդիպման հաշիվը բացեց Անտոնիո Ռյուդիգերը։

Խփած գոլից հետո էլ Թոմաս Տուխելի սաները հանդիպման նախաձեռնությունը պահում էին իրենց ձեռքում, ինչը տվեց իր արդյունքը։ 66-րդ րոպեին Տիմո Վերները հարձակման ձախ եզրով փորձեց ներխուժել մրցակցի տուգանային հրապարակ, սակայն գերմանացի հարձակվողի նկատմամբ կանոնների խախտում թույլ տվեցին, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար Մայք Դինը գնաց դիտեց դրվագի տեսակրկնապատկերը՝ նշանակելով 11-մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Ժորժինիոն։

«Լեսթերը», որն ողջ հանդիպման ընթացքով ոչնչով աչքի չէր ընկել, 76-րդ րոպեին կարողացավ իր ամենալուրջ գրոհը վերածել գոլի․ Վիլֆրիդ Նդիդին հարվածային դիրք դուրս բերեց Կելեչի Իհեանաչոյին, վերջինս էլ կրճատեց հաշվի տարբերությունը։

«Աղվեսների» այդ գոլը խաղում ոչ մի ինտրիգ չմտցրեց, քանի որ հանդիպումն ամբողջությամբ ընթանում էր լոնդոնյան ակումբի թելադրանքով, որի ֆուտբոլիստները այն մոտեցրին հաղթական ավարտին։

Այսպիսով, «Չելսին» 2։1 հաշվով հաղթեց «Լեսթերին»՝ վրեժխնդիր լինելով օրեր առաջ Անգլիայի գավաթի եզրափակչում Բրենդան Ռոջերսի թիմից կրած պարտության դիմաց։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին կայացած եզրափակչում «Լեսթերը» հաղթեց 1։0 հաշվով «Չելսիին»՝ իր պատմության մեջ առաջին անգամ նվաճելով բաղձալի գավաթը։

Այս հաղթանակից հետո «ազնվականները» վաստակեցին 67 միավոր, շրջանցեցին հենց «Լեսթերին» և բարձրացան 3-րդ հորիզոնական։ «Լեսթերի» անվան դիմաց էլ կա 66 միավոր և նահանջեց 4-րդ հորիզոնական։

Հավելենք, լոնդոնյան ակւմբը խոշոր նվեր մատուցեց 5-րդ հորիզոնականը զբաղեցնող «Լիվերպուլին», քանի որ մերսիսայդյան ակումբն ընթացիկ տուրում դեռևս չի ացկացրել իր հանդիպումը, և եթե մայիսի 19-ին հյուրընկալվելիս հաղթի «Բյորնլիին», ապա նույնպես կվաստակի 66 միավոր, սակայն խփած և բաց թողած գոլերի ավելի լավ արդյունքի շնորհիվ կշարջանցի «Լեսթերին» և կներխուժի Չեմպիոնների լիգայի ուղեգիր՝ բարձրանալով 4-րդ հորիզոնական։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023