Նվիրական երազանքի հետևից. Հայաստանի հավաքականն սկսում է Սկոպյեից

Նվիրական երազանքի հետևից. Հայաստանի հավաքականն սկսում է Սկոպյեից

02/09/2021 - 15:35

Հյուսիսային Մակեդոնիա, Գերմանիա, Լիխտեյնշտեյն։ Ահա մեր մրցակիցները առաջիկա յոթ օրերի ընթացքում։ Ամեն ինչ սկսվում է հավատից ու աշխատանքից, ու թող ոչ ոք չմտածի, թե հեշտ է լինելու, բայց մենք ամենապայծառ տառերով գրել ենք այս պատմության սկիզբը ու չենք ուզում կանգ առնել։

Մեկնարկում են աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի հերթական հանդիպումները։

Հոգեբանական գործոնի մասին

Սեպտեմբերի 2-ին Հայաստանի ազգային հավաքականը Սկոպյեում մրցելու է Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու դեմ։ Ավելորդ է նշել այս խաղի կարևորությունը մրցաշարային աղյուսակում ոչ թե բարձր, այլ ամենաբարձր տեղերին հավակնելու համար։ Այո՛, եկել է այն ժամանակը, երբ մեր թիմի հաղթանակները դարձել են ոչ թե հաճելի կամ երկար սպասված անակնկալներ, այլ օրինաչափություն ու ըստ դրա էլ պահանջները ու սպասելիքները մեծացել են։

Մեր ֆուտբոլի հավաքականը ավելին է, քան պարզապես ազգային ընտրանի։ Մենք չենք կարող մեր թիմի խաղերին մոտենալ, որպես «հերթականի», ինչպես այլ երկրներում է։ Այն մեզ միավորողն է, մեզ մի բռունցք դարձնողը. չէ՞ որ տխրության ու բերկրանքի պահերին կարևոր չէ, թե այդ պահին քո կողքին գտնվող անձը ինչ քաղաքական կամ կրոնական հայացքներ ունի։ Այդ պահին մենք բոլորս միասին, ազգովի տխրում կամ ուրախանում ենք։
Մեր երկրի վրա պատուհասած արհավիրքից հետո Հայաստանի հավաքականի գարնանային հաղթանակները այնքան անհրաժեշտ ու ժամանակին էին, որ կարծես հմուտ բժշկի կողմից դուրս գրված դեղատոմս լիներ։
Այս հաղթողի հոգեբանությունը, որի մասին նաև խոսեց Խոակին Կապառոսը, պետք է շարունակել դաստիարակել հաղթանակներով։ Այն հատուկ հոգեվիճակ է, որը միշտ ապացուցման ու մարզման կարիք ունի։
Ինչպես նշեցինք, ոչ այդքան բարոյապես վիճակում գտնվող երկրում մեր մարզչին հաջողվեց ֆուտբոլիստներին համոզել, որ նրանք շատ ավելի լավն են, քան մրցակիցները, որ աշխատանքով ու հավատով հնարավոր է ամեն ինչ։ Այլևս չկա պարտվողի, որսի հոգեբանությունը։ Այժմ մենք ենք որսորդ։

Երկու խոսք մեր առաջիկա մրցակցի մասին

Խաղային առումով մենք երբեք նման մարզչական թիմ չենք ունեցել, ինչը շատ կարևոր է։ Իսլանդիայի ու Ռումինիայի նկատմամբ տոնած նախորդ երկու հաղթանակները լրիվ տարբեր էին, տարբեր խաղային ռիթմերով ու մարտավարական առաջադրանքներով, որոնցից յուրաքանչյուրին մենք առանձին անդրադարձել ենք։ Այժմ մեր մրցակիցը Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականն է, որն իր ֆիզիկական ճնշման փորձով նման է Իսլանդիայի ընտրանուն, սակայն, ի տարբերություն «վիկինգների», Բլագոյա Միլևսկիի թիմի եզրերը շատ ավելի լավ են աշխատում, իսկ Էգզիան Ալիոսկիի մասով պետք է նշենք, որ նա կարողանում է խաղալ մի քանի դիրքերում ու 4-2-3-1 տակտիկական դասավորությունը, որը նախընտրում են «մակերը», կարող է լինել հիբրիդ հենց նրա տեղափոխությունով կենտրոն, ինչի մասին, վստահ ենք, շատ լավ տեղեկացված է մեր մարզչական շտաբը։


Ընդհանուր առմամբ, մենք խոսեցինք մեր մարզչի մասին, բայց կարևոր մի հանգանանք ևս․ մենք երբեք, նման գիտակցված խաղով ազգային հավաքական չենք ունեցել։

Ազգային հավաքականում ցանկացած ֆուտբոլիստ ոչ միայն գիտի իր անելիքը, այլև բանականության մակարդակով ընկալում է, թե ինչի համար է դա անում։ Սա կարևոր է, ոչ միայն ողջ թիմի որակյալ խաղի, այլև առանձին ֆուտբոլիստների զարգացման համար։ Ամեն դեպքում, Սկոպյեում շատ բարդ է լինելու, քանի որ ունենք մի քանի կորուստներ․ որկազրկումների պատճառով հանդիպումը բաց են թողնելու Խորեն Բայրամյանը, Բարսեղյան Տիգրանը և Վարազդատ Հարոյանը, բայց վերադարձել է Հենրիխ Մխիթարյանը։

Հենրիխը վերադարձել է

Հենոն «Ռոմայում», Ժոզե Մոուրինիոյի գլխավորությամբ, լրիվ այլ որակներ է ձեռք բերել։ Ֆուտբալային առոմով նա ավելի է չարացել ու ծարավել։ Սա լրիվ այլ Մխիթարյան է։

Իհարկե, երբ նա կազմում է, Կապառոսի ընտրությունը մարտավարական տեսանկյունից անմիջապես դառնում է ավելի բազամազան։ Ա սերիայի երկու խաղերում մեկ գոլ ու մեկ գոլային փոխանցում, բայց սա առ ոչինչ է, եթե համեմատենք նրա կամային հատկանիշները, որոնք օ լավ մարզել է պորտուգալացի մարզչի գլխավորությամբ։ Նման հատկանիշներով նա կարող է «վառել» իր թիմակիցներին՝ ուղղորդելով նոր սխրանքների։


Հայաստանի ազգային հավաքականը հոյակապ արդյունք է գրանցել՝ անցկացրած երեք հանդիպումներից հետո 9 միավորով գլխավորելով J խումբը։ Մեզնից հետ են Հյուսիսային Մակեդոնիան, Գերմանիան, Ռումինան․․․․ բայց սա ոչինչ չի նշանակում, նշանակություն ունի, թե որտեղ կլինենք մենք վերջում, իսկ դրա համար արյուն ու քրտինք է պետք թափել խաղադաշտում։ Մեզ շատ բարդ հանդիպումներ են սպասվում։

Մեր ազգային թիմը, ինչպես նշեցինք, եկավ մեզ օգնության, դարձրեց մեզ մի բռունցք, երջանկացրեց բոլորիս։ Հիմա եկել է մեր հերթը և պետք է լինենք մեր թիմի կողքին ու երկրպագենք` անկախ արդյունքից։

Սիրահարներ ենք երկիրս ու ես,

Սիրուս անունն է Հայաստան։

Սիրե՛ք ֆուտբոլն, ապրե՛ք ֆուտբոլով !!!

Կարեն Պողոսյան

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023