Նոթինգհեմ Ֆորեսթը 23 տարի անց կրկին հաղթանակ տոնեց ԱՊԼ-ի շրջանակում 🎥

Նոթինգհեմ Ֆորեսթը 23 տարի անց կրկին հաղթանակ տոնեց ԱՊԼ-ի շրջանակում 🎥

14/08/2022 - 19:26

Անգլիական Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում առաջնության նորեկ «Նոթինգհեմ Ֆորեսթը»` «Սիթի Գրաունդ» մարզադաշտում, մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։

Հիմնականում հավասար պայքարում ընթացած առաջին կեսում «անտառապահները» կարողացան իրենց գոլային պահերից մեկը վերածել դարպասի գրավման. 45+2-րդ րոպեին աչքի ընկավ Տայվո Ավոնիյին։

Կողմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի պայմաններում։

Երկրորդ կեսի մեկնարկում «Ֆորեսթի» ֆուտբոլիստները կրկնապատկեցին իրենց առավելությունը, իսկ 54-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Բրենան Ջոնսոնը։

Այդուհանդերձ, հանդիպման գլխավոր մրցավար Ռոբերտ Ջոնսը, դիտելով դրվագի տեսակրկնապատկերը, խաղից դուրս իրավիճակի պատճառով չարձանագրեց դարպասի գրավումը։

Այդ դրվագից հետո հյուրերը տիրեցին նախաձեռնությանը ու մինչև խաղավարտ ստեղծեցին բազում գոլային պահեր, սակայն, հանուն արդարության, նշենք, որ մարզական բախտը մի փոքր երես էր թեքել «մրճահարներից», քանի որ դրվագներից երկուսում նրանց հարվածներից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, մեկ անգամ էլ այն դատարկ դարպասից հանեց տանտերերի պաշտպան Նեկո Վիլիամսը։

Բացի դրանից, փայլուն հանդիպում անցկացրեց «Նոթինգհեմ Ֆորեսթի» դարպասապահ Դին Հենդերսոնը, ով կատարեց 5 սեյվ։

65-րդ րոպեին Դևիդ Մոյեսի սաները հաշիվը հավասարեցնելու լավագույն պահն ունեցան, սակայն Դեկլան Ռայսի իրացրած 11-մետրանոցից հետո կրկին փայլեց Դին Հենդերսոնը` որսալով գնդակը։

Ի վերջո, Սթիվ Կուպերի թիմին հաջողվեց պահպանել հաղթական հաշիվն` առավելության հասնելով 1:0 հաշվով։

Վերջում հավելենք, որ «Նոթինգհեմ Ֆորեսթը» Պրեմիեր լիգայի շրջանակում վերջին հաղթանակը տոնել էր ավելին, քան 23 տարի առաջ` 1999 թվականի մայիսի 16-ին, երբ սեփական հարկի տակ 1:0 հաշվով առավելության հասավ «Լեսթերի» նկատմամբ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023