Պաշտոնական․ Լայպցիգը հայտարարեց ևս մեկ տրանսֆերի մասին
Ինչպես տեղեկացնում է «Լայպցիգի» պաշտոնական կայքը, ֆրանսիական «Ստրասբուրգի» կենտրոնական պաշտպան Մոհամեդ Սիմականը կարիերան կշարունակի «Լայպցիգի» կազմում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «ցլերը» 20-ամյա կենտրոնական պաշտպանի դիմաց «Ստրասբուրգին» կվճարեն 15 մլն եվրո, իսկ կողմերի միջև կկնքվի 5 տարվա պայմանագիր՝ մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Սիմականը նոր ակումբի շարքերը կհամալրի 2021 թվականի հուլիսի 1-ին։
Նոր ակումբի կազմում Մոհամեդ Սիմականը հանդես կգա «2» համարի մարզաշապիկով։
Հաղորդվում է, որ «Լայպցիգը» Սիմականին դիտարկում է որպես Դայո Ուպամեկանոյի փոխարինող, ով արդեն պայմանագիր է կնքել «Բավարիայի» հետ և հեռանալու է ակումբից։
Հավելենք, որ Մոհամեդ Սիմականը «Ստրասբուրգի» սան է, որի կազմում մինչ այս պահն անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ վերջերս «Լայպցիգը» հայտարարեց նաև «Այաքսի» 19-ամյա հարձակվող Բրայան Բրոբեյի հետ պայմանագիր կնքելու մասին, ով, նույնպես, նոր ակումբի շարքերը կհամալրի 2021 թվականի հուլիսի 1-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այաքս, Բավարիա, Բրայան Բրոբեյ, Դայո Ուպամեկանո, Լայպցիգ, Մոհամեդ Սիմական, Ստրասբուրգ, տրանսֆերներ