Միլանը Թեո Էրնանդեսին փոխարինելու երկու տարբերակ է դիտարկում

Միլանը Թեո Էրնանդեսին փոխարինելու երկու տարբերակ է դիտարկում

02/04/2023 - 14:53

«Միլանի» ձախ պաշտպան Թեո Էրնանդեսն սկսել է մտածել ակումբային գրանցումը փոխելու մասին։

Ինչպես հայտնում է Eurosport-ը, ֆրանսիացի լատերալը կլքի «ռոսոներիների» շարքերը, եթե միլանյան ակումբն ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով չնվաճի Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության խմբային փուլի ուղեգիր։

Ճիշտ է` 25-ամյա ֆուտբոլիստը վերջերս է մինչև 2026 թ. հունիսի 30-ը երկարաձգել պայմանագիրը «Միլանի» հետ, սակայն նրա ծառայություններով հետաքրքրված են բազմաթիվ անգլիական գրանդ ակումբներ։

Սպասվում է, որ եթե Էրնանդեսը հեռանա «Միլանից», ֆուտբոլիստի հավանական վաճառքից «ռոսոներիները» կպահանջեն նվազագույնը 70-80 մլն եվրո։

Աղբյուրի փոխանցմամբ` միլանյան ակումբի ղեկավարությունը հասկանում է, որ կա հավանականություն, որ առաջատար ֆուտբոլիստներից մեկը կհեռանա, այդ պատճառով էլ արդեն սկսել է դիտարկել 25-ամյա պաշտպանին փոխարինելու տարբերակներ։

Հաղորդվում է, որ Էրնանդեսի հեռանալու դեպքում «Միլանը» կփորձի ձեռք բերել Ալեխանդրո Գրիմալդոյին («Բենֆիկա») կամ Ֆաբիանո Փարիզիին («Էմպոլի»)։

Նշենք, որ «Միլանն» Ա սերիայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 27 խաղից հետո վաստակել է 48 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։

Ընթացիկ` 28-րդ տուրում «ռոսոներիները» հյուրընկալվելիս մրցելու են առաջնության առաջատար «Նապոլիի» դեմ։

Հիշեցնենք, որ Թեո Էրնանդեսը «Միլանի» կազմում հանդես է գալիս 2019 թ. հուլիսից` անցկացրած 154 խաղում դառնալով 23 գոլի և 28 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023