Մեսսիին խոշոր որակազրկում է սպառնում

Մեսսիին խոշոր որակազրկում է սպառնում

18/01/2021 - 12:19

Հունվարի 18-ին Իսպանիայի Սուպեր գավաթի եզրափակիչ հանդիպման շրջանակում «Բարսելոնան» լրացուցիչ ժամանակում 2։3 հաշվով պարտվեց «Ատլետիկ Բիլբաոյին»։ Հանդիպման 120+1-րդ րոպեին ոչ սպորտային արարքի համար կատալոնական ակումբի կազմից հեռացվեց Լեո Մեսսին։ Այժմ Մեսսիին խոշոր որակազրկում է սպառնում։ Մեսսին այդ դրվագում հարվածում է բասկյան ակումբի հարձակվող Ասյեր Վիլյալիբրեին։

Ինչպես տեղեկացնում է AS-ը, այժմ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցաշարերի անցկացման հանձնաժողովը պետք է հետաքննի խաղային այդ դրվագը, ինչից հետո, եթե վերոնշյալ հանձնաժողովը Մեսսիի գործողությունները որակի որպես ագրեսիվ, ապա արգենտինացի ֆուտբոլիստին սպառնալու է 4-12-խաղյա որակազրկում։

Հատկանշական է, որ Սուպեր գավաթի շրջանակում ստացած կարմիր քարտը կամ որևէ որակազրկում անդրադառնում է նաև Իսպանիայի ներքին բոլոր մրցաշարերի վրա։ Այսինքն, որակազրկման դեպքում Մեսսին բաց է թողնելու նաև Լա լիգայի ու Իսպանիայի թագավաորական գավաթի հանդիպումները։

Mundo Derortivo-ի տեղեկություններով էլ, «Բարսելոնա» – «Ատլետիկ» հանդիպման գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն Լեո Մեսսիի գործողությունները չի որակել ագրեսիվ։ Այդ դեպքում, ամենայն հավանակությամբ, 33-ամյա ֆուտբոլիստը կորակազրկվի երկու խաղով, սակայն, վերջնական որոշումը Մրցաշարերի անցկացման հանձնաժողովինն է լինելու։

Հավելենք, որ Լեո Մեսսին իր ողջ ֆուտբոլային կարիերայի ընթացքում ստացավ առաջին կարմիր քարտը։ Նման բան տեղի չէր ունեցել 753 հանդիպում։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023