Սիթին բոլորից ուժեղ է․ «աղվեսներն» անզոր էին 🎥

Սիթին բոլորից ուժեղ է․ «աղվեսներն» անզոր էին 🎥

03/04/2021 - 22:21

Անգլիական Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի շրջանակում «Լեսթերը» «Քինգ Փաուեր» մարզադաշտում ընդունեց առաջնության առաջատար «Մանչեսթեր Սիթիին»։

Հանդիպման հենց մեկնարկից Պեպ Գվարդիոլայի սաները տիրեցին նախաձեռնությանը և արդեն 5-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Էնթոնի Թեյլորը Ֆերնդանդինիոյի խփած գոլը չհաշվեց՝ արձանագրելով խաղից դուրս վիճակ։

Նախքան ընդմիջման գնալն էլ «քաղաքաբնակներն» աչքի ընկնելու լավ պահեր ունեին, սակայն նպաստավոր դիրքերից վրիպեցին Ռիյադ Մարեզն ու Կևին դե Բրոյնեն․ վերջինիս հարվածից հետո «աղվեսներին» փրկեց դարպասաձողը։

Ամեն դեպքում, «Մանչեսթեր Սիթիին» չհաջողվեց առաջին կեսում բացել խաղի հաշիվը։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում էլ հանդիպման պատկերը գրեթե չփոխվեց․ հյուրերը գրոհում էին, իսկ «Լեսթերի» տղաները շարունակում էին պաշտպանվել։

58-րդ րոպեին, ի վերջո, այդ գրոհները տվեցին իրենց արդյունքը, քանի որ Բենջամին Մենդին առաջ մղեց «Սիթիին»։

74-րդ րոպեին Գաբրիել Ժեզուսը մարզադաշտի լուսատախտակին վառեց արդեն 2։0 հաշիվը՝ եզրափակելով փոխարինման դուրս եկած Ռահիմ Սթերլինգի կատարած փոխանցումը։

Խփած երկրորդ գոլից հետո մանկունյական ակումբը հանգստացրեց խաղը և այն մոտեցրեց իր տրամաբանական ու հաղթական ավարտին։

Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 2։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Լեսթերի» նկատմամբ, վաստակեց 74 միավոր և շարունակում է գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Մանչեսթեր Յունայթեդին» գերազանցելով 14 միավոր։

Հավելենք, որ «կարմիր սատանաները», «Սիթիի» համեմատ, դեռևս երկու հանդիպում պակաս են անցկացրել։

«Լեսթերն» էլ մնաց 56 միավորով և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023