Հերթական ապացույցը, որ լավագույններն են վիճարկելու «լոշտակի» ճակատագիրը

Հերթական ապացույցը, որ լավագույններն են վիճարկելու «լոշտակի» ճակատագիրը

10/05/2021 - 17:04

«Մանչեսթեր Սիթիի» երկրպագուները «Չելսիի» դեմ հանդիպումից արդեն մի քանի ժամ առաջ հավաքվել էին «Էթիհադ» մարզադաշտի մոտ՝ ակնկալելով, որ իրենց սիրելի թիմը հաղթանակ կտոնի և կնվաճի նաև Պրեմիեր Լիգայի չեմպիոնական տիտղոսը։

Մյուս երկրպագուների համար այս խաղը որպես Չեմպիոնների Լիգայի եզրափակիչի նախերգանք էր ընկալվում և կար հետաքրքրություն, թե ինչպես կխաղան այս թիմերը միմյանց դեմ՝ գլխում ունենալով մայիսի 29-ի եզրափակիչը։ Ընդ որում, եզրափակիչը, որը պետք է կայանա Ստամբուլում, հնարավոր է տեղափոխվի այլ մարզադաշտ․պատճառը նույն կորոնավիրուսն է։ Խնդիրն այն է, որ Թուրքիայում վարակը հսկայական թափ է հավաքել և Մեծ Բրիտանիայի կառավարությունը մեր հարևաններին (ոչ բարով) ընդգրկել է, այսպես կոչված,  «կարմիր երկրների» ցանկում։ Այդ երկրներ քաղաքացիներին խորհուրդ չի տրվում մեկնել, իսկ այն քաղաքացիները, ովքեր կվերադառնան «կարմիր երկրների» ցանկում ընդգրկված երկրներից, պետք է 10 օր մեկուսանան պետության կողմից առանձնացված հուրանոցներում։ Նույնիսկ այդ դեպում սա անհնար է, քանի որ արդեն հունիսի 11-ին մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը։ Ինչևէ, դա թողնենք ՈւԵՖԱ-ին, մենք էլ անցնենք այս Չեմպիոնների լիգայի եզրափակիչի համ ու հոտով, սակայն Պրեմիեր լիգայի շրջանակում կայացած խաղին, որում լոնդոնյան ակումը հյուրընկալվելիս հաղթեց 2։1 հաշվով։

Առաջին խաղակես Անտոնիո Ռյուդիգերի թերացումը

Արդեն մեկնարկային կազմերից պարզ դարձավ, որ Պեպ Գվարդիոլան ամեն գնով չի ձգտելու հենց այդ խաղում նվաճել չեմպիոնական տիտղոսը։ Այստեղ կա նաև հոգեբանական խնդիր․ կարծում եня, որ կատալոնացի մարզիչը հանգիստ տալուց զատ, չէր ցանկանում, որքան էլ պարադոքսալ հնչի, հաղթանակի հասնել այս խաղում այն ֆուտբոլիստներով, ովքեր կլինեն հիմնական կազմում ՉԼ-ի եզրափակիչում, ինչի պատճառը հաղթանակի զգացողությունը չբթացնելու համար էր։ Քանի որ եթե մի թիմի դեմ հաղթանակ ես տանում ու նվաճում ես չեմպիոնությունը, հնարավոր է հոգեբանական բարդույթ առաջանա ու ամենը շատ հեշտ թվա։ Դեժավյուն իրականությունից հեռացնելու երևույթ է, ինչը Պեպը հաստատ հաշվի է առել։ Այս ամենին ավելացնենք, որ Կևին դե Բրոյնեն ու Ջոն Սթոունզն ընդհանրապես հայտավորված չէին և հետևում էին խաղին տրիբունայից։

 Թոմաս Տուխելը նույնպես որոշակի փոփոխություններ կատարել էր, բայց տակտիկական դասավորությունը նույն բազայինն էր ՝ 3-4-2-1 հիբրիդ, որը կարող է վերածվել 3-5-2-ի կամ 3-4-3-ի, իսկ պաշտպանվելիս 5 պաշտպանները պարտադիր էին։

«Մանչեսթեր Սիթին» խաղում էր 4-4-2 հիբրիդ դասավորությամբ,  որը պաշտպանվելիս վերածվում էր 5-3-2 -ի։ Պատճառը «Չելսիին» զրկել եզրերում թվային առավելությունից։ Գրոհելիս Գվարդիոլայի թիմը մի քանի խորամանկ կոմբինացիա ձեռնարկեց․ ահա խնդրեմ Բիլի Գլիմուրը Ռոդրիին հսկում է հենց «Սիթիի» գրոհի մեկնարկի պահին․

Այստեղ Ռուբեն Դիաշը պատրաստ է գնդակ ընդունելու համար։ Սա խաղակցված կոմբինացիա էր, ու Պեպը մատնանշեց Տուխելին, որ Անտնիո Ռյուդիգերը թերանում է դիրքային առումով, երբ Ֆերրան Տորեսը դառնում է երրորդ հարձակվողը․ առաջին պահը առաջացավ հենց խաղասզկբում, երբ գերմանացի պաշտպանը հետապնդեց իսպանացուն, բայց մի պահ սկսեց խաղալ ըստ գնդակի․

Արդյունքում «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանը հայտնվեց բարենպաստ հարվածային դիրքում․

Այս դրվագից հետո լոնդոնյան ակումբն սկսեց ավելի ուշադիր լինել այդ կողմին, հատկապես, որ դեպի Դիաշի փոխանցումները կրկնվում էին․ այստեղ Ռոդրին ավելի շատ ուշադրության շեղման դեր էր տանում, երբ փակ էր, իսկ երբ Գլիմուրը չէր հասցնում, նա էր սկսում գրոհը։ «Չելսիի» նման ուշադրության արդյուքնում եզրերից մեկում սկսեց առաջանալ ծանրաբեռնվածություն, ինչից մի քանի անգամ օգտվեցին «Մանչեսթերի» ֆուտբոլիստները։ Ահա այդ դրվագներից մեկը, երբ «Սիթին» ձախ կողմում ունի և՛ թվային առավելություն, և՛ տարածություն․

Ուղղակի նման դեպքերում Գվարդիոլայի ֆուտբոլիստները սխալ որոշումներ էին կայացնում, բայց գաղափարն ակներև էր։ Այս ամենն աշխատում էր «ազնվականների» օգտին այնքան ժամանակ, քանի լոնդոնցիների հարձակման գիծը հեռու էր պահում Դիաշին, կամ Ռյուդիգերի դիրքային սխալները արդյունավետ չէին դառնում։ Հանդիպման 44-րդ րոպեին նշված երկու հանգամանքները եղան միաժամանակ․

Ուշադրություն դարձրեք Ռուբեն Դիաշի դիրքին․ Հակիմ Զիեշը ուշանում է, Ռյուդիգերն էլ թողնում է դիրքը, խաղալով, ըստ գնդակի, ինչի արդյունքում 2-ը 2-ի դեմ իրավիճակ, որը ավարտվում է դարպասի գրավումով։ «Մանչեսթեր Սիթիի» այդ առավելությունը կարող էր էլ ավելի մեծանալ, եթե Սերխիո Ագուերոն խախտեր ավանդույթը և 11 մետրանոցից հաշիվը դարձներ 2-0։

Երկրորդ խաղակես․ Ռոդրիի հավերժական թվացող խնդիրը

Երկրորդ խաղակեսում Թոմաս Տուխելը մի քանի մատնանշումներ արեց,  ինչի հետևանքով «Չելսին» նախ սկսեց ավելի խելացի պաշտպանվել, ապա ավելի շատ տիրեց նախաձեռնությանը․ նախ գերմանացու հրահանգով Դիաշի նկատմամբ ավելի ուշադիր էին գրոհի մեկնարկի ժամանակ, հիմնականում Տիմո Վերներն էր հսկում պորտուգալացուն, իսյ Նգոլո Կանտեն ավելի բարձր սկսեց խաղալ երկրորդ կեսում։

Ընդհանուր առմամբ, լոնդոնյան թիմը սկսեց ավելի բարձր և ագրեսիվ խաղալ, հատկապես՝ պրեսինգի առումով։ Տուխելի սաներն սկսեց տարբեր հատվածներում «թակարդներ» ստեղծել՝ թվային առավելության հաշվին, և այն հրաշալի էր աշխատում ընդդեմ Ռոդրիի։ Այստեղ չկա ցանկություն իսպանացուն քավության նոխազ սարքել,  պարզապես, պետք է նշենք,  որ Ռոդրին շատ է տարվում գնդակով խաղին։ Լա լիգայում գուցե թիմերի մեծ մասը թույլ տան, որ դու գնդակին մի քանի անգամ հպվես, կամ դիրքդ կորցնես, բայց Պրեմիեր Լիգայում, երբ մրցակիցդ լավագույններից է, երբ թիմերը 45 րոպեի ընթացքում շոշափումներով զգում են թույլ տեղերդ, չի կարելի կրկնել նույն սխալը։

Տեսեք՝ այստեղ Ռոդրին առանց հսկողության սկսում է իր թիմի գրոհը․

Ու մի քանի ավել հպումը թույլ է տալիս հայտնվել շրջափակման մեջ, հատկապես փայլում է Սեզար Ասպիլիկուետան․ իսպանացին հոյակապ է կարդում դրվագը («Չելսիի» ավագին դեռ, անպայման, կանդրադառնանք)։

Լոնդոնցիների ավագը ոչ միայն արագ փակում է Ռահիմ Սթերլինգին, այլև խլում է Ռոդրիից գնդակը, հետո այն խաղարկելով Պուլիշիչի հետ, փոխանցում կատարում է դեպի Զիեշը, որը հետագայում վերածվում է գոլի։

Այստեղ «քաղաքաբնակների» կիսպաշտպանը գնդակը կորցնելուց բացի, չի փակում նաև իր դիրքը, ինչի հետևանքով հաշիվը հավասարվում է։

Մենք խոսեցինք նաև «Չելսիի» պրեսինգ-թակարդների մասին։ Ահա մեկ հրաշալի օրինակ․ լոնդոնյան թիմի մի քանի խաղացողներ կենտրոնանում են դաշտի կողմերից մեկում՝ իրենց վրա տանելով «Մանչեսթեր Սիթիի» մի քանի ֆուտբոլիստի։ Այստեղ գնդակը խաղարկում են  Կանտեն, Ասպիլիկուետան, Ռիս Ջեյմսը և Քրիստիան Պուլիշիչը, իսկ նրանց հսկում են համապատասխանաբար Ռոդրին, Սթերլինգը, Բեջամեն Մենդին և Նաթան Ակեն։

Հաջորդ դրվագում  Ռոդրին կորցնում է ֆրանսիացուն և կենտրոնանում է գնդակի վրա, արդյունքում Կանտեն ներխուժում է ազատ գոտի․

Երկու մարիզչները կատարեցին փոխարինումներ՝ էլ ավելի բացելով խաղը։ Հանդիպման վերջում արդեն «Չելսիի» հերթական գրոհն ավարտվեց Մարկոս Ալոնսոյի գոլով։ Տուխելը հերթական անգամ ապացուցում է, որ չկա հարց, թե ով է այս «Սիթիի» գլխավոր մրցակիցը և գլխացավանքը։ Մեզ, իրոք, մայիսի 29-ին գերազանց հանդիպում է սպասվում։

Մի քանի խոսք ամենաչգնհատված պաշտպաններից մեկի մասին

Սեզար Ասպիլիկուետան ամենաչգնահատված պաշտպանն է․ այս ֆուտոբլիստի մասին մի անգամ Ժոզե Մոուրինիոն ասել է, որ 11 Ասպիլիկուետաներից բաղկացած թիմը հաստատ կհաղթի Չեմպիոնների լիգան։ «Չելսիի» ավագը հոյակապ է կարդում առանձին դրվագները, հիանալի է խաղում ինչպես 3, այնպես էլ 4 պաշտպանների դասավորությաններում, գերազանց է առանձին մենամարտերում ու միշտ լուռ անում է իր գործը առանց դժգոհությունների ու ավելորդ այլաբանությունների։ Լուռ լիդեր, ով օրինակելի է խաղադաշտում և դրանից դուրս։

Սիրե՛ք ֆուտբոլը, ապրե՛ք ֆուտբոլով !!!

Կարեն Պողոսյան

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023