Դրամա Մանչեսթերում․ Միլանը պայքարեց և հասավ իր նպատակին 🎥

Դրամա Մանչեսթերում․ Միլանը պայքարեց և հասավ իր նպատակին 🎥

11/03/2021 - 23:57

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունեց «Միլանին»։

Հանդիպումը չափազանց ակտիվ սկսեցին երկու թիմերն էլ և արդեն 6-րդ րոպեին միլանի պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն առաջ մղեց իր թիմին, սակայն մրցավարներն արձանագրեցին խաղից դուրս վիճակ։

Երկու րոպե անց աչքի ընկնելու հերթը Անտոնիո Մարսիալինն էր, որի հարվածից հետո թվում էր, թե գնդակն ընթանում է դեպի Ջանլուիջի Դոնարումայի պաշտպանած դարպասը, սակայն ինքը՝ դարպասապահը, այլ կարծիքի էր, և գեղեցիկ ցատկով փրկեց իր թիմին վերահաս գոլից։

12-րդ րոպեին «ռոսոներիները» Ֆրանկ Կեսիեի գոլի շնորհիվ ևս մեկ անգամ հաշվի մեջ առաջ անցնելու փորձ են կատարում, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Սլավկո Վինչիչը, օգտվելով VAR համակարգից, կրկին չեղարկում է գոլը, այս անգամ արձանագրելով ձեռքով խաղ հարձակվող թիմի կողմից։

Առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածը շարունակվեց թիմերի փոխնիփոխ գրոհներով, սակայն հաջողությունը երես էր թեքել երկու թիմերից էլ, որոնց հարվածները գոլի չէին վերածվում։ Արդյունքում՝ կողմերն ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսը ակտիվ սկսեցին Օլե-Գունար Սուլշերի տղաները և արդեն 50-րդ րոպեին կոտ դԻվուարցի 18-ամյա հարձակվող Ամադ Դիալոյի գլխի դիպուկ հարվածի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։ Հատկանշական է, որ գոլային դրվագում մեղքի իր բաժինն ուներ Դոնարուման, ով բավական առաջ էր եկել՝ դարպասը թողնելով անպաշտպան։

Այս գոլից հետո կողմերը կարծես թե հանդարտվեցին։ Տպավորություն էր, թե երկու թիմերին էլ բավարարում է նման հաշիվը, սակայն համեմատության համար պետք է նշել, որ ավելի ակտիվ էին Ստեֆանո Պիոլիի սաները, ովքեր դեմ չէին մեկ գնդակ խփել և առավելություն ստանալ պատասխան խաղից առաջ։

Խաղավարտին հյուրերին, այնուամենայնիվ, հաջողվեց խառնել Սուլշերի խաղաքարտերը, և հանդիպման 90+2-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո «Միլանի» պաշտպան Սիմոն Կյայերը բոլորից բարձր ցատկեց և գլխի հարվածով գրավեց Դին Հենդերսոնի պաշտպանած դարպասը՝ դարձնելով հաշիվը 1։1։

«Միլանին» հաջողվեց խուսափել պարտությունից, իսկ խաղն ավարտվեց 1։1 հաշվով։ Կողմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 18-ին՝ «ռոսոներիների» հարկի տակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023