Հիանալի ֆուտբոլ Մադրիդում. Ատլետիկոն հաղթեց Ռեալին 🎥

Հիանալի ֆուտբոլ Մադրիդում. Ատլետիկոն հաղթեց Ռեալին 🎥

25/09/2023 - 01:00

Իսպանական Լա լիգայի 6-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Մադրիդի «Ցիվիտաս Մետրոպոլիտանո» մարզադաշտում, որտեղ «Ատլետիկոն» մրցեց «Ռեալի» դեմ։

«Հնդկացիները» պարզապես շոկային մեկնարկ էին պատրաստել «արքայական» ակումբի համար և արդեն 18-րդ րոպեի դրությամբ հաղթում էին 2:0 հաշվով։

Դիեգո Սիմեոնեի թիմի կազմից հաշիվը 4-րդ րոպեին բացեց Ալվարո Մորատան, իսկ 18-րդ րոպեին այն կրկնապատկեց Անտուան Գրիզմանը։

«Սերուցքայինները» բավական ուշ սկսեցին արձագանքել կատարվածին, սակայն նախքան ընդմիջում կրճատեցին հաշիվը. 35-րդ րոպեին հեռահար հիանալի հարվածով աչքի ընկավ Տոնի Կրոսը։

Կողմերն ընդմիջման գնացին 2:1 հաշվի պայմաններում։

Տանտերերը երկրորդ կեսի մեկնարկում կրկին սառը ցնցուղ էին պատրաստել Կառլո Անչելոտիի թիմի համար` 46-րդ րոպեին Մորատայի ջանքերով վերականգնելով երկու գնդակի տարբերությունը. վերջինս իր անվան դիմաց դուբլ գրանցեց։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում «Ռեալն» ուներ տարածքային առավելություն, սակայն հյուրերը, մեծ հաշվով, այդպես էլ չկարողացան լուրջ գոլային պահեր ստեղծել Յան Օբլակի պաշտպանած դարպասի ուղղությամբ։

Ի վերջո, «Ատլետիկոն» պահպանեց հաղթական հաշիվն` առավելության հասնելով 3:1 հաշվով։

Այս հաղթանակից հետո «հնդկացիները» վաստակեցին 10 միավոր` բարձրանալով 5-րդ հորիզոնական։

«Ռեալը», 15 միավորով, 3-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023