Յուվենտուսը պատրաստ է փոխանակում առաջարկել ՊՍԺ-ին՝ գործարքում ներառելով Ռոնալդուին

Յուվենտուսը պատրաստ է փոխանակում առաջարկել ՊՍԺ-ին՝ գործարքում ներառելով Ռոնալդուին

14/04/2021 - 12:45

Շարունակվում են այն խոսակցությունները, որ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հեռանալու է ակումբից։

Ինչպես տեղեկացնում է AS-ը, պորտուգալացի ֆուտբոլիստը նախապատվություն տալիս է «Ռեալ» վերադառնալու գաղափարին, սակայն մադրիդյան ակումբը ներկա պահին կենտրոնացած է այլ տրանսֆերներ իրականացնելու վրա։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 36-ամյա խաղացողի ծառայություններով կրկին հետաքրքրված է ՊՍԺ-ն։ Նշվում է, որ թուրինյան ակումբը պատրաստ է բաց թողնել Ռոնալդուին, եթե ՊՍԺ-ն համաձայնի ֆուտբոլիստների փոխանակում իրականացնել։

«Բյանկոներիները» ցանկանում են Կրիշտիանու Ռոնալդուին փոխանակել փարիզյան ակումբի հարձակվողներ Մոյզե Քինի և Մաուրո Իկարդիի հետ։ Հատկանշական է, որ Քինի տրանսֆերային իրավունքները ներկա պահին նույնիսկ «Պարի Սեն-Ժերմենին» չեն պատկանում․ նա վարձակալությամբ է հանդես գալիս փարիզյան ակումբի կազմում և համարվում է «Էվերտոնի» ֆուտբոլիստ։

Հիշեցնենք, որ Մոյզե Քինը հենց «Յուվենտուսի» սան է, որի համակարգում հանդես է եկել 2011-2019 թթ․, ինչից հետո 27․5 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Էվերտոն», իսկ 2020-ի հոկտեմբերին՝ վարձակալությամբ ՊՍԺ։

Ինչ վերաբերում է Մաուրո Իկարդիին, ապա արգենտինացի ֆուտբոլիստն Ա սերիայում հանդես գալու հարուստ փորձ ունի։ Նա 2011-2013 թթ․ խաղացել է «Սամպդորիայի», իսկ 2013-2019 թթ․՝ «Ինտերի» կազմում, իսկ Ա սերիայի շրջանակում ընդհանուր առմամբ անցկացրել է 219 հանդիպում՝ դառնալով 121 գոլի և 30 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023