Կուրտուայի գլխին «մութ ամպեր» են կուտակվում

Կուրտուայի գլխին «մութ ամպեր» են կուտակվում

02/10/2019 - 11:15

Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, Չեմպիոնների Լիգայի 2-րդ տուրի Ռեալ Մադրիդ – Բրյուգե (2 – 2) հանդիպումից հետո Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ընդմիջման ժամանակ դարպասապահի փոխարինումը կապված էր Տիբո Կուրտուայի ինքնազգացողության վատացման հետ: «Տիբոն սրտխառնոց ուներ և գլխապտույտ, այդ պատճառով էլ մենք նրան փոխարինեցինք», – փոխանցում է AS պարբերականը:

Սակայն արդեն իսկ տարածվել է այն վարկածը, որ Զիզուն երեկվա խաղի առաջին խաղակեսից հետո վերջնականապես հիասթափվել է Տիբոյից, այդ պատճառով էլ նրան հանեց խաղադաշտից:

Իսպանիայի առաջնության վերջին երկու «չոր» հանդիպումները՝ Սևիլիայի և Ատլետիկո Մադրիդի դեմ, կարծես թե ամրապնդել էին Տիբոյի տեղը դարպասում, սակայն եթե չհաշվենք այս երկու խաղերը, Կուրտուան մեղմ ասած ձախողում է իր առաջին մրցաշրջանը Մադրիդում և չի արդարացնում սերուցքայինների հույսերը:

Դեռևս մինչմրցաշրջանային ժամանակահատվածում Չեմպիոնների միջազգային գավաթի ժամանակ մեկ խաղակեսում Ատլետիկոյից բաց թողնելով միանգամից 5 գնդակ, Կուրտուան արդեն հասցրեց հիասթափեցնել Ռեալի երկրպագուներին: Սակայն Զիդանը շարունակեց դարպասում տեղը վստահել Տիբոյին և դարպասապահի թեման փակված էր համարում:

Երեկվա խաղը սակայն կարծես թե Զիդանի համար բացեց այս թեման նորովի և ֆրանսիացի մասնագետի գլխացավանքներին ավելացրեց ևս մեկը:

Առաջիկա շաբաթ օրը Լա Լիգայի շրջանակում առաջին տեղում ընթացող Ռեալը սեփական դաշտում հյուրընկալելու է երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Գրանադային: Կախված նրանից, թե այդ խաղում ում է վստահելու դարպասը Զիզուն, պարզ կլինի, թե արդյոք երեկվա խաղում Կուրտուան փոխարինվեց ինքնազգացողության պատճառով, թե այդուհանդերձ Զիդանը սկսել է ավելի շատ վստահել Արեոլային:

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023