Կանավարո․ «Մեր մեջ սուպերհերոսներ չկան․ ոչ մեկ պաշտպանված չէ»

Կանավարո․ «Մեր մեջ սուպերհերոսներ չկան․ ոչ մեկ պաշտպանված չէ»

01/04/2020 - 14:59

Իտալիան շարունակում է տառապել կորոնավիրուսից։ Վարակվածների թվով Իտալիան երկրոնդ է ԱՄՆ-ից հետո, իսկ մահերի թվով գերազանցում է բոլորին։

Իտալիայի հավաքականի լեգենդար ավագ, աշխարհի չեմպիոն, «Ոսկե գնդակի» 2006 թվականի դափնեկիր Ֆաբիո Կանավարոն, ով ներկայումս մարզում է չինական «Գուանչժոու Էվերգրանդը», The Players Tribune հարթակում խոսել է ստեղծված իրավիճակի մասին․

«Ողջունում եմ բոլոր իտալացիներին։

Ինձ համար շատ ցավալի է, թե ինչ է տեղի ունենում այժմ մեր երկրում։ Բառեր չեմ գտնում նկարագրելու համար, թե ինչերի միջով է ներկայումս անցնում Իտալիան։ Ցավակցում եմ բոլոր նրանց, ում անմիջականորեն վնասել է այս սարսափը, հատկապես նրանց, ովքեր կորցրել են հարազատներին։

Ցանկանում եմ ծափարել նրանց, ովքեր աշխատում են առողջապահաության համակարգում, նրանց, ովքեր պայքարում են մեր կյանքը փրկելու համար։ Դուք իսկական հերոսներ եք, որոնց կարիքն այժմ մեր երկիրը շատ ունի։

Ցավոք, մեր մեջ չկան սուպերհերոսներ․ ոչ ոք պաշտպանված չէ այդ վարակից։ Երբ Չինաստանում սկսվեց համաճարակը, մտածեցի, որ Իտալիայի հետ ամեն ինչ լավ կլինի։ Մտածում էի, որ դա մեզ չի հասնի։

Ես այն մարդկանց թվում էի, ովքեր ճիշտ չէին գնահատում իրավիճակը։ Թվում էր, թե պարզապես գրիպ է։ Ինչպե՞ս կարող էի ես սխալվել։

Մենք փակել ենք բոլոր սահամանները և ստիպել ենք մարդկանց մնալ տանը։ Չինաստանում կարանտինը սկսվել էր ավելի շուտ։ Այնտեղ հաճախ են բախվում այսպիսի խնդիրների առջև։ Իտալիայում երբևէ այսպիսի բան չի եղել։

Այժմ մենք մարտնչում ենք և պետք է միավորվենք, որպեսզի հաղթենք «թշնամուն»։ Պետք է դառնանաք ավելի լավը, որպեսզի հաղթանակ տոնենք։

Իտալիան շատ գեղեցիկ երկիր է։ Մենք ունենք գեղեցիկ ծովեր և հողեր։ Այստեղի կլիման թույլ է տալիս ամբոջ տարի թարմ և մաքուր օդ շնչել։ Մենք պարծենում և հպարտանում ենք մեր նորաձևությամբ, բոլորը գիտեն, թե ինչպիսի խոհանոց ունեն իտալացիները։ Իտալիայում կյանքն այնքան հիասքանչ է, որ երբեմն մենք թևաթափ ենք լինում և սկսում ենք մտածել միայն մեր մասին և չենք գործում ի շահ պետության։

Բարեբախտաբար, կան պահեր, երբ մենք հպարտորեն հիշում ենք, որ միասնական ազգ ենք։ Հաճախ դա տեղի է ունենում դժվար իրավիճակներում։ Ես դա շատ անգամներ եմ տեսել, հատկապես, երբ Իտալիայի հավաքականը հանդես է գալիս աշխարհի առաջնություններում։ Հնարավոր է՝ սա կոպիտ օրինակ է, քանի որ ոչ մեկ սպորտի տրամադրություն չունի, սակայն Իտալիայում ֆուտբոլն ավելին է, քան սպորտ։ Ֆուտբոլը միավորում է մարդկանց։ Երբ խաղում է հավաքականը, ամեն ինչ կանգ է առնում։

Հիշում եմ 1982 թվականի աշխարհի առաջնությունը, որի շրջանակում մենք դարձանք չեմպիոն։ Այդ ժամանակ ես ութ տարեկան էի և ապրում էինք Նեապոլում։ Հանդիպումներն այդ ժամանակ դիտում էի ընկերներիս և հարազատներիս հետ։ Հիշում եմ, թե ինչպես էինք տոնում յուրաքանչյուր խփված գնդակ։ Հիշում եմ, թե ինչպես էին մարդիկ միմյանց գրկախառնվում, եթե նույնիսկ չէին էլ ճանաչում։

Երբ ես 2006 թվականին դարձա հավաքականի ավագը, այդ ամենը ես տեսա մյուս խաղացողների մեջ։ Մրցաշարի մեկնարկից առաջ արդեն սկսվել էր Կալչիոպոլիի հայնտի սկանդալը, և իրվաճակը շատ բարդ էր։ Շատերը կարծում էին, որ մեզ մոտ ոչինչ չի ստացվի, սակայն մեր թիմի ներսում մթնոլորտը միշտ շատ լավն էր, իսկ դա ամենակարևորն է։ Այդ դժվար իրավիճակում մենք իրավունք չունեինք լինել եսասեր։ Բացի այս ամենից՝ մենք ունեինք հիանալի լիդեր՝ ի դեմս Մարչելո Լիպիի, ով հոգ էր տանում մեր մասին և մոտիվացնում էր մեզ։ Մեկնելով Գերմանիա՝ մենք գրեթե մոռացանք այդ սկանդալի մասին և անհամբերությամբ սպասում էինք, թե երբ ենք դուրս գալու խաղադաշտ։ Ինձ հաճախ են հարցնում, թե ինչպե՞ս հաջողվեց անել դա։ Դա մեզ հաջողվեց ոչ նրա համար, որ մեր բախտը բերեց, այլ որ մենք այդ պահին աշխարհի ուժեղագույն հավաքականն էինք և հավատում էինք մեր ուժերին։

Այժմ Իտալիային պետք է նույն տրամադրվածությունը։ Ես արդեն տեսել եմ համերաշխության դրսևորումներ։ «Ամեն ինչ լավ կլինի» արտահայտությունը ոգեշնչում է այն մարդկանց, ովքեր տանն են, պետք է օգնի այն մարդկանց, ովքեր վախենում են, ովքեր իրենց միայնակ են զգում։ Մարդիկ դուրս են գալիս պատշգամբներ, որպեսզի ծափահարեն և շնորհակալություն հայտնեն բուժաշխատողներին։ Հարևանները միասին երգում էին։ Սա միակ բանն է, որի կարիքը ներկայումս մենք ունենք։

Երբ այս ամենը վերջանա, Իտալիան կդառնա «ուրիշ» պետություն։ Շատերը կկորցնեն իրենց աշխատանքը։ Շատերի բիզնեսները կսննկանան։ Պետք է կրկին շատ աշխատել։ Հուսով եմ՝ շուտով ի հայտ կգա անհրաժեշտ դեղամիջոցը և ամեն ինչ կավարտվի, իսկ մինչև այդ պետք է սպասենք։ Եկե՛ք մնանք տանը, ժամանակ անցկացնենք մեր ընտանիքի հետ՝ սահմանափակելով այլ մարդկանց հետ շփումները։

Հանուն ընդհանուր շահի՝ եկեք անենք ամեն ինչ, ինչ մեզնից հասնում է։ 2006 թվականի աշխարհի չեմպիոններով «Կարմիր խաչի» հովանավորությամբ դրամահավաք ենք անցկացնում։ Այդ գումարը թույլ կտա հիվանդանոցներին ունենալ անհրաժեշտ միջոներ, որպեսզի կարողանան պայքարել կորոնավիրուսի դեմ։ Հուսով եմ՝ դուք նույնպես կմիանաք այս դրամահավաքին, իսկ եթե այս նախագծին միանալու հնարավորություն չունեք, պարզապես հոգատար եղեք ձեր հարևանների նկատմամբ։ Մենք պետք է միասնական լինենք այս պայքարում։ Մեզ պետք է բոլորի օգնությունը։

Ճիշտ է՝ ոչ ոք սուպերհերոս չէ, սակայն, երբ մենք միասնական ենք, ապա կարող ենք ամեն ինչ։ Իտալացինե՛ր, առողջ եղե՛ք։

Ձեր Ֆաբիո»,- գրել է Ֆաբիո Կանավարոն։

Նշենք, որ Իտալիայում կորոնավիրուս վարակվածների թիվը գերազանցում է 100 հազարը, իսկ մահերինը՝ 10 հազարը։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023