Լուկակուն փայլում է, Գատուզոյի թիմը վերջապես հաղթում է, իսկ Լացիոն խնդիրներ չունեցավ?

Լուկակուն փայլում է, Գատուզոյի թիմը վերջապես հաղթում է, իսկ Լացիոն խնդիրներ չունեցավ?

15/01/2020 - 11:41

Մեկնարկել է Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչը։ Միլանի «Ինտերը» «Սան Սիրո» մարզադաշտում 4։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ առաջնության բացահայտումներից «Կալյարիի» նկատմամբ։

«Ներաձուրիների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռոմելու Լուկակուն, մեկական անգամ էլ աչքի ընկան Բորխա Վալերոն և Անդրեա Ռանոկիան, իսկ սիցիլակական ակումբից՝ Քրիստիան Օլիվան։

Այսպիսով, Անտոնիո Կոնտեի սաները դուրս եկան մրցաշարի 1/4 եզրափակիչ, որտեղ կմրցեն «Ֆիորենտինա» – «Ատալանտա» զույգի հաղթողի հետ։

Ջենարո Գատուզոյի գլխավորած «Նապոլին» վերջապես ընդհատեց անհաջող խաղերի շարքը՝ սեփական հարկի տակ 2։0 հաշվով առավելության հասնելով «Պերուջայի» նկատմամբ։

Նեապոլիտանական ակումբին հաղթանակ պարգևեց Լորենցո Ինսինյեն, ով առաջին խաղակեսում երկու անգամ հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը։

Նշենք նաև, որ առաջին խաղակեսի վերջնամասում՝ 45+7-րդ րոպեին, հյուրերը նույնպես վաստակեցին 11 մետրանոցի իրավունք, որը սակայն Պիետրո Իմելոն չկարողացավ հստակ իրացնել ։ Հարվածից հետո հիանալի խաղաց Դավիդ Օսպինան։

«Լացիոն» շարունակում է վստահ խաղերի շարքը։ Այս անգամ հռոմեական ակումբի զոհը դարձավ Բ սերիայի ներկայացուցիչ «Կրեմոնեզեն»։ Սիմոնե Ինձզագիի սաները 4 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։

Գոլերի հեղինակներ դարձան Պատրիկ Գաբարոնը, Մարկո Պարոլոն, Չիրո Իմոբիլեն, ինչպես նաև Բաշտուշը։

«Լացիոն» ու «Նապոլին» 1/4 եզրափակիչում կմրցեն միմյանց դեմ։

1/8 եզրափակիչ հերթական խաղում «Տորինոն» սեփական հարկի տակ 11 մետրանոց հարվածաշարով հաղթեց «Ջենովային»։

Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1։1 հաշվով։ Հյուրերի կազմում 14-րդ րոպեին հաշիվը բացեց Անդրե Ֆավիլին, իսկ 23-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Լորենցո դի Սիլվեստրին։

11 մետրանոց հարվածաշարի ժամանակ տանտերերի ֆուտբոլիստներն իրենց բոլոր հարվածները իրացրին դիպուկ, իսկ միակ վրիպումը «Ջենովայի» կազմից թույլ տվեց Իվան Ռադովանովիչը։ Հարվածից հետո Սալվատորե Սիրիգուն փայլուն խաղաց։

«Տորինոն» 1/4 եզրափակչում կմրցի «Միլան» – ՍՊԱԼ զույգի հաղթողի դեմ։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023