Լիվերպուլը փորձում է վերգտնել իրեն․ Տոտենհեմն անզոր էր գերմոտիվացված մրցակցի դեմ🎥

Լիվերպուլը փորձում է վերգտնել իրեն․ Տոտենհեմն անզոր էր գերմոտիվացված մրցակցի դեմ🎥

29/01/2021 - 01:56

Անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում Լոնդոնում միմյանց դեմ մրցեցին «Տոտենհեմն» ու «Լիվերպուլը»։

Հանդիպումը բավական բուռն մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 3-րդ րոպեին խաղի հաշիվը բացելու լավ հնարավորություն ուներ Սադիո Մանեն, սակայն սենեգալցի վինգերի հարվածը նպաստավոր դիրքրից շեղ ստացվեց։

Հաջորդ իսկ գրոհին Հին Մին Սոնին հաջողվեց գոլի հեղինակ դառնալ, սակայն գլխավոր մրցավար Մարտին Ատկինսոնը, խորհրդակցելով VAR համակարգի իր գործընկերների հետ, որոշեց չեղարկել գոլը՝ արձանագրելով խաղից դուրս վիճակ։

Ընդհանրապես, առաջին կեսում «Լիվերպուլի» ֆուտբոլիստներն ավելի շատ էին վերահսկում գնդակը, ավելի վտանգավոր էին գրոհում, իսկ «շնաձկները» հիմնականում ապավինում էին հակագրոհներով խաղին։

Ամեն դեպքում, հանդիպման հաշիվը բացվեց միայն 45+4-րդ րոպեին, երբ Սադիո Մանեի փոխանցումից հետո աչքի ընկավ Ռոբերտո Ֆիրմինոն։

Հատկանշական է, որ Յուրգեն Կլոպի սաները Պրեմիեր լիգայի շրջանակում գոլի հեղինակ չէին դարձել 2020 թվականի դեկտեմբերի 27-ից ի վեր, երբ 15-րդ տուրի շրջանակում գրավել էին «Վեսթ Բրոմվիչի» դարպասը (1:1):

Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում թիմերը բավական արագ փոխանակվեցին խփած գնդակներով։

Նախ 47-րդ րոպեին Տրենտ Ալեքսանդր-Առնոլոդը կրկնապատկեց իր թիմի առավելությունը, ապա 49-րդ րոպեին Պիրեր-Էմիլ Հոյբերգը մեկ գնդակ հետ բերեց Ժոզե Մոուրիոյի թիմի համար։

56-րդ րոպեին «Լիվերպուլի» ֆուտբոլիստները վերականգնեցին երկու գնդակի առավելությունը, սակայն Մարտին Ատկինսոնն այս խաղում արդեն երկրորդ անգամ չեղարկեց խփված գնդակը։ Ատկինսոնի «զոհն» այս անգամ Մոհամեդ Սալահն էր։

65-րդ րոպեին Յուրգեն Կլոպի սաները, ի վերջո, հաշիվը դարձրին 1։3։ Գոլի հեղինակ դարձավ Սադիո Մանեն, իսկ գոլային փոխանցման հեղինակ՝ Տրենտը։

Երկրորդ խաղակեսում «Տոտենհեմի» ֆուտբոլիստների մոտ գրեթե ոչինչ չէր ստացվում և ողջ 45 րոպեի ընթացքում նրանց կատարած միակ հարվածը վերածվեց գոլի․ ավելին անել լոնդոնյան ակումբին չհաջողվեց։

Այսպիսով, «Լիվերպուլը» պահպանեց հաղթական հաշիվը՝ հաղթելով 3։1։

Այդ կերպ ԱՊԼ-ի շրջանակում մերսիսայդյան ակումբն ընդհատեց անհաջող հանդիպումների շարքը, որը սկսվել էր վերոնշյալ «Վեսթ Բրոմվիչի» դեմ խաղից և 2021 թվականին ներիքն առաջնությունում տարավ առաջին հաղթանակը։

Կլոպի տղաներին չէր հաջողվում հաղթել արդեն 5 հանդիպում։ Այս հաղթանակից հետո «կարմիրները» վաստակեցին 37 միավոր և վերադարձան 4-րդ հորիզոնական, իսկ «Տոտենհեմը» 33 միավորով 6-րդն է։

Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023