Լիբերտադորեսի գավաթ․ Պալմեյրասը հյուրընկալվելիս խոշոր անակնկալ մատուցեց🎥

Լիբերտադորեսի գավաթ․ Պալմեյրասը հյուրընկալվելիս խոշոր անակնկալ մատուցեց🎥

06/01/2021 - 12:49

Հունվարի 6-ին՝ վաղ առավոտյան կայացավ Լիբերտադորեսի գավաթի (Լատինական Ամերիկայի Չեմպիոնների լիգա) 2020/21 խաղարկության առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը։

Լիբերտադորեսի գավաթի խաղարկության վերջին տարիների ամենահաջողակ ակումբներից մեկը՝ արգենտինական «Ռիվեր Փլեյթը» «Մոնումենտալ» մարզադաշտում մրցեց բրազիլական «Պալմեյրասի» դեմ։

Հանդիպումը մեկնարկեց արգենտինական թիմի առավելությամբ, որի ֆուտբոլիստները մի շարք իրական գոլային պահեր ստեղծեցին, որոնք չկարողացան վերածել գոլի, իսկ խաղի հաշիվը 27-րդ րոպեին անսպասելիորեն բացեցին հանդիպման հյուրերը։ «Ռիվերի» դարպասապահ Ֆրանկո Արմանին գնդակն անչափ անհաջող հեռացրեց աջ եզրից կատարված փոխանցումից հետո, ինչի հետևանքով այն հայտնվեց Ռոնիի մոտ, ով էլ մրցակցի տուգանային հրապարակի մատույցներից գրավեց Արմանիի դարպասը՝ բացելով խաղի հաշիվը։

32-րդ րոպեին «Պալմեյրասի» ֆուտբոլիստները ևս մեկ անգամ գրավեցին «Ռիվերի» դարպասը, սակայն հանդիպման գլխավոր մրցավարը, խորհրդակցելով VAR համակարգի իր գործընկերների հետ, չեղարկեց գոլը՝ Գուստավո Սկարպայի մոտ արձանագրելով խաղից դուրս վիճակ։

Երկրորդ խաղակեսի հենց սկզբում բրազիլական ակումբի ֆուտբոլիստները կրկնապատկեցին իրենց առավելություն։ «Միլանի» և «Շախտյորի» նախկին հարձավող Լուիս Ադրիանոն մեն-մենակ էր մնացել մրցակցի դարպասապահի առջև և հանգիստ հաշիվը դարձրեց 0։2։

60-րդ րոպեին «Ռիվերի» կիսապաշտպան Խորխե Անդրես Կարասկալի նյարդերը տեղի տվեցին, և անչափ կոպիտ խաղի համար նա հեռացվեց խաղադաշտից, իսկ այդ դրվագում Աբել Ֆերեյրայի սաները տուգանային հարվածի իրավունք ստացան, որի խաղարկումից հետո էլ «Պալմեյրասի» պաշտպան Մաթիաս Վինեն հաշիվը դարձրեց արդեն ջախջախիչ՝ 0։3։

Խաղավերջում բրազիլական ակումբը մոտ էր հաշիվն էլ ավելի խոշոր դարձնելուն, սակայն այն մնաց անփոփոխ։

Այսպիսով, «Պալմեյրասը» հյուրընկալվելիս հաղթեց 0։3 հաշվով՝ մատուցելով գերխոշոր անակնկալ։ Կողմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա հունվարի 13-ին՝ Բրազիլիայում՝ Սան Պաուլոյում։

Հավելենք, որ մրցաշարի երկրորդ կիսաեզրափակիչ դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հունվարի 7-ի վաղ առավոտյան, որի շրջանակում «Բոկա Խունիորսը» Բուենոս Այրեսում կմրցի «Սանթոսի» դեմ։

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023