Կապելո․ «Իտալական ֆուտբոլը ցածրորակ է․ մենք չունենք համարձակություն»

Կապելո․ «Իտալական ֆուտբոլը ցածրորակ է․ մենք չունենք համարձակություն»

18/03/2021 - 22:23

Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի 1/8 եզրափակիչ փուլի արգելքը չկարողացավ հաղթահարել իտալական և ոչ մի ակումբ։ Երկու խաղերի արդյունքում «Յուվենտուսը» զիջեց «Պորտուին», «Ատալանտան»՝ «Ռեալին», «Լացիոն»՝ «Բավարիայի», իսկ «Ինտերը» ընդհանրապես չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը՝ իր խմբում զբաղեցնելով վերջին հորիզոնականը։

Ստեղծված իրավիճակում իտալական ակումբների վատ մրցելույթների պատճառներից է խոսել իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելոն․

«Ցավո՛ք, Իտալիայում դանդաղ ֆուտբոլ են խաղում․ չկա ինտենսիվություն և ագրեսիա։ Մենք կարծում ենք, թե կարելի է հաղթել միայն մարտավարության և գնդակին տիրելու շնորհիվ, սակայն դա շատ բարդ է իրագործել, երբ դու խաղում ես ինչ-որ թիմի դեմ, որն ունի վարպետության հստակ մակարդակ և ինտենսիվություն։

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան չորս հանդիպումներում մենք տեսանք, որ հաղթեցին այն ակումբները, որոնք ավելի ինտենսիվ գործեցին։ Իտալական ֆուտբոլը ցածրորակ է, մենք չունենք համարձակություն և տուժում ենք այն ակումբների դեմ խաղերում, որոնք ավելի համարձակ են գործում, քան մենք։

«Չելսին» ու «Բավարիան» ագրեսիվ ֆուտբոլ են խաղում, որում ներգրավված են բոլոր ֆուտբոլիստները, իսկ մեր հարձակվողները չեն մասնակցում պաշտպանողական գործողություններին․ նրանք մնում են առջևում և սպասում։ Տեսնել, թե ինչպես են «Ռեալի» և «Չելսիի» ֆուտբոլիստները վերադառնում սեփական կիսադաշտ, շատ տպավորիչ է։

Ինչ վերաբերում է «Չելսիին», ապա չեմ կարող ասել՝ արդյոք դա Թոմաս Տուխելի նվաճումն է, թե՝ ոչ, կարողացավ նա նորություն բերել թիմին, փոխել վերաբերմունքը պարապմունքների հանդեպ, թե՝ ոչ, սակայն նրա թիմը ցուցաբերում է զարմանալի համախմբվածություն և անհավանական վարպետություն»,- Կապելոյի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։

Հատկանշական է, որ սկսած 2016 թվականից՝ առաջին անգամ իտալական ոչ մի ակումբ չի կարողանում հաղթահարել ՉԼ-ի 1/8 եզրափակչի արգելքը։

Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023