Հիասքանչ Չելսի! Ատլետիկոն անօգնական տեսք ուներ🎥

Հիասքանչ Չելսի! Ատլետիկոն անօգնական տեսք ուներ🎥

18/03/2021 - 01:53

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Չելսին» սեփական հարկի տակ մրցեց «Ատլետիկո Մադրիդի» դեմ։

Հիշեցնենք, որ կողմերի միջև կայացած առաջին խաղում լոնդոնյան ակումբը Օլիվիե Ժիրուի խփած միակ գոլի շնորհիվ հաղթել էր 1։0 հաշվով։

Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա առաջին խաղակեսը գոլային պահերով սակավ էր․ երկու թիմերն էլ փորձում էին անհանգստություններ պատճառել մրցակցին, սակայն բավարարվում էին, այսպես ասած, կիսապահերով։

Ամեն դեպքում, «Չելսիի» գրոհներն ավելի սուր էին, որի ֆուտբոլիստներն էլ 34-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը։ «Ազնվականները» նետվեցին կտրուկ հակագրոհի, ինչի արդյունքում Տիմո Վերները ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ և հարվածային դիրք դուրս բերեց Հակիմ Զիեշին, ով էլ հաշիվը դարձրեց 1։0։

Առաջին խաղակեսի վերջնամասում մոտ էր աչքի ընկնելուն նաև Մատեո Կովաչիչը, սակայն մրցակցի տուգանայինի մատույցներից խորվաթ ֆուտբոլիստի կատարած հարվածը մի փոքր շեղ ստացվեց։

Կողմերն ընդմիջման գնացին «կապույտների» նվազագույն առավելությամբ և պետք է նշենք, որ Թոմաս Տուխելի սաներն իրենց գոլը խփեցին կատարած միակ դիպուկ հարվածով։

Երկրորդ կեսն էլ ակտիվ մեկնարկեցին լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստները։ Աչքի ընկնելուն մոտ էին նույն Վերներն ու Զիեշը, սակայն երկու դեպքում էլ «Ատլետիկոյին» փրկեց Յան Օբլակը։

Դիեգո Սիմեոնեն փորձեց փոփոխությունների միջոցով վերադասավորել իր թիմի խաղը, սակայն «հնդկացիների» խաղում բացարձակ ոչինչ չէր ստացվում։ «Չելսին» ոչ միայն վստահ կասեցնում էր մրցակցի ցանկացած գրոհի փորձ, այլև վերահսկում էր խաղի ընթացքը և ակնհայտ էր, որ խաղն ընթանում է հենց «թոշակառուների» սցենարով։

Միայն հանդիպման վերջնամասում մադրիդյան ակումբը հասկացավ, որ պետք է գրոհի և նետվեց առաջ՝ բեկելու դիմակայության ընթացքը։ «Ատլետիկոն» փորձեց ստանդարտներից սպառնալ մրցակցին, սակայն ապարդյուն։

82-րդ րոպեին էլ հյուրերի խնդիրներին ավալացավ Ստեֆան Սավիչի կարմիր քարտը։ Անկյունայինի հերթական խաղարկումից հետո 30-ամյա պաշտպանը արմունկով հարվածեց Անտոնիո Ռյուդիգերի կրծքավանդակին, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար Դանիելե Օրսատոն անմիջապես հեռացրեց նրան։

Այդ դրվագից հետո հանդիպման տեմպը վերջնականապես ընկավ, ինչից էլ օգտվեցին Թոմաս Տուխելի սաները, ովքեր 90+4-րդ րոպեին կրկնապատկեցին իրենց առավելություն, իսկ գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Էմերսոնը։

Այսպիսով, «Չելսին» հաղթեց 2։0 հաշվով և դիմակայության արդյունքում առավելության հասնելով 3։0 հաշվով՝ նվաճեց Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023