Իվուն շատ մոտ է ակումբային գրանցումը փոխելուն

Իվուն շատ մոտ է ակումբային գրանցումը փոխելուն

12/07/2023 - 10:46

«Ուրարտուի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նորեկ «Ռուբինի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է Sportball24-ը, 23-ամյա ֆուտբոլիստը բոսնիական «Զրինսկիի» դեմ կայացած խաղում (0:1) վերջին տնային հանդիպումն է անցկացրել «Ուրարտուի» կազմում, ինչի մասին հայտարարել է նաև մարզադաշտի հաղորդավարը։

Աղբյուրի փոխանցմամբ` Իվուի ծառայություններով հետաքրքրված ակումբներից «Ռուբինն» ամենահստակ քայլերն է ձեռնարկել նրա հետ պայմանագիր կնքելու համար։

Այժմ կողմերի միջև բանակցությունները վերջնական փուլում եմ և շատ մոտ են վերջնական համաձայնության հասնելուց։

Ակնկալվում է, որ Իվուն պաշտոնապես «Ուրարտուից» կհեռանա «Զրինսկիի» դեմ կայանալիք պատասխան հանդիպումից հետո, որը տեղի կունենա հուլիսի 18-ին։

«Զրինսկիի» դեմ կայացած հանդիպումից հետո «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն նույնպես ակնարկեց, որ Իվուն մոտ է ակումբից հեռանալուն.

«Իվուի տրանսֆերի հարցում ակումբների միջև բանակցություններ են ընթանում, այդ պատճառով էլ նա մեծ ցանկությամբ էր խաղում և նույնիսկ մոտ էր գոլի հեղինակ դառնալուն։ Նա այստեղ հանդես է գալիս արդեն 5 տարի և ցանկանում էր գեղեցիկ հեռանալ։

Իվուն առանցքային դեր ունի մեր խաղում, սակայն մենք արդեն պատրաստ ենք նրա հեռանալուն, բայց ստիպված ենք լինելու փոխել խաղային կառուցվածքը»,- նշել է Գունկոն։

Ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Մելիքսեթյանն էլ Telegram-ի իր ալիքում գրում է, որ անցնող օրերին «Ուրարտուն» Իվուի տրանսֆերի հարցում առաջարկներ է ստացել թուրքական և իսրայելական մի շարք ակումբներից, Անգլիայի երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Չարլթոնից», սերբական «Պարտիզանից», ռուսական «Ուրալից», սակայն նրա հետ պայմանագիր կնքելուն այժմ ամենամոտը «Ռուբինն» է։

Հավելենք, որ Ուգոչուկվու Իվուն «Ուրարտուի» կազմում հանդես է գալիս 2019 թ. օգոստոսից` անցկացրած 97 խաղում դառնալով 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023