Թրիլլեր Թուրինում. Յուվենտուսն ու Սալերնիտանան չպարզեցին հաղթողին🎥

Թրիլլեր Թուրինում. Յուվենտուսն ու Սալերնիտանան չպարզեցին հաղթողին🎥

12/09/2022 - 01:24

Իտալական Ա սերիայի 6-րդ տուրում «Յուվենտուսը»` Թուրինի «Ալիանց» մարզադաշտում, մրցեց «Սալերնիտանայի» դեմ։

Հանդիպման առաջին կեսից հետո բավական անակնկալ հաշիվ էր վառվում լուսատախտակին, քանի որ Սալերնոյից ժամանած հյուրերը հաղթում էին 2:0 հաշվով։

Դավիդե Նիոլայի թիմի կազմից 18-րդ ու 45+4-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Անտոնիո Կանդրևան ու Կշիշտոֆ Պյոնտեկը։

Երկրորդ կեսի հենց մեկնարկում` 50-րդ րոպեին, Գլեյսոն Բրեմերը գլխի դիպուկ հարվածով մեկ գնդակ հետ բերեց «բյանկոներիների» համար։

Մինչև խաղավարտ թուրինյան ակումբը խաղային ու տարածքային մեծ առավելություն ուներ, սակայն տևական ժամանակ տանտերերին չէր հաջողվում խփել երկրորդ պատասխան գնդակը։

Այդուհանդերձ, հանդիպման վերջնամասը պարզապես թրիլլերային ստացվեց։

90+1-րդ րոպեին «Սալերնտիանայի» կիսապաշտպան Տոնի Վիլենիան սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Ալեքս Սանդրոյի նկատմամբ, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար Մատեո Մարչերանոն 11-մետրանոց նշանակեց «Յուվենտուսի» օգտին։

Նշակետին մոտեցավ Լեոնարդո Բոնուչին, սակայն նրա առաջին հարվածից հետո հյուրերին փրկեց դարպասապահ Լուիջի Սեպեն, սակայն իտալացի պաշտպանը երկրորդ հատվածով գրավեց դարպասն ու հավասարեցրեց հաշիվը։

Թվում էր` վերջ, հանդիպումը կավարտվի ոչ-ոքի արդյունքով, սակայն 90+5-րդ րոպեին Արկադիուշ Միլիկն անկյունայինի խաղարկումից հետո խփեց նաև «ծեր սինյորայի» հաղթական գնդակը։

Սակայն, VAR համակարգի սենյակում աշխատող մրցավարները Մատեո Մարչերանոյին հուշեցին, որ գոլային դրվագում Լեոնարդո Բոնուչին, գտնվելով պասիվ խաղից դուրս իրավիճակում, ակտիվացել է, ինչը կանոնների խախտում է համարվում։

29-ամյա մրցավարը գնաց անձամբ դիտեց դրվագի տեսակրկնապատկերը և, ի վերջո, չեղարկեց լեհ ֆուտբոլիստի խփած գոլը։

Հատկանշական է, որ նախքան գոլի չեղարկումը, Միլիկը հանել էր խաղաշապիկն ու ստացել երկրորդ դեղին քարտը` հեռացվելով խաղադաշտից։

Նշենք, որ հանդիպման վերջնամասն այնքան լարված էր, որ կարմիր քարտով պատժվեցին նաև «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալերգրին, թուրինյան ակումբի եզրային կիսապաշտպան Խուան Կուադրադոն և «Սալերնիտանայի» ավագ Ֆեդերիկո Ֆասիոն։

Ամեն դեպքում, հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով։

Այս ոչ-ոքիից հետո «Յուվենտուսը» վաստակեց 10 միավոր և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։

«Սալերնիտանան», 7 միավորով, 10-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023