Թրիլլեր Բրատիսլավայում. Սլովանն ու Բազելը գոլառատ խաղում չպարզեցին հաղթողին🎥

Թրիլլեր Բրատիսլավայում. Սլովանն ու Բազելը գոլառատ խաղում չպարզեցին հաղթողին🎥

13/10/2022 - 22:55

Կոնֆերենցիաների լիգայի 4-րդ տուրում «Սլովանը» Բրատիսլավայի «Ազգային» մարզադաշտում մրցեց «Բազելի» դեմ։

Հանդիպման առաջին կեսում կողմերը փոխանակվեցին խփած մեկական գնդակով։

Ընդ որում, գլխավոր մրցավար Սերգեյ Բոյկոն ակումբների դարպասին մեկական անգամ նշանակեց 11-մետրանոց։

Նախ նշակետից աչքի ընկավ Դարիան Մալեսն ու առաջ մղեց շվեյցարական ակումբին, ապա տանտերերի պատասխան գոլը խփեց Վլադիմիր Վայս կրտսերը։

Կողմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում։

«Սլովանը» պարզապես շոկային մեկնարկ էր պատրաստել երկրորդ կեսում ու շատ արագ ոչ միայն առաջ անցավ հաշվի մեջ, այլև առավելությունը կրկնապատկեց. 49-րդ ու 53-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Յուրայ Կուցկան ու Ալեքսանդր Չավրիչը։

Նշենք, որ տանտերերի երրորդ գոլի ասիստը կատարեց Տիգրան Բարսեղյանը։

Թվում էր` Բրատիսլավան ներկայացնող ակումբի ֆուտբոլիստները ձեռքից բաց չեն թողնի երկու գնդակի առավելությունը, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէին Ալեքսանդր Ֆրայի սաները, ովքեր երկրորդ կեսի միջնամասում մեծացրին ճնշումն ու նախ շատ արագ կրճատեցին, ապա հավասարեցրին հաշիվը։

65-րդ ու 72-րդ րոպեներին գոլերի հեղինակներ դարձան Անդի Դիուֆը և Էնդի Զեքրին։

Խաղավերջում այլևս գոլեր չգրանցվեցին։

Այսպիսով, այս թրիլլերային հանդիպումն ավարտվեց 3:3 հաշվով։

Նշենք, որ այս խմբում կկայանա ևս մեկ հանդիպում.

«Ժալգիրիս» – «Փյունիկ»

H խումբը ներկա պահին ունի հետեյալ տեսքը.

  1. «Բազել» – 7 միավոր (անցկացրած 4 հանդիպում)
  2. «Փյունիկ» – 6 միավոր
  3. «Սլովան» – 5 միավոր (անցկացրած 4 հանդիպում)
  4. «Ժալգիրիս» – 1 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023