Թեժ կրքեր Խետաֆեում․ Ատելտիկոն կրկին հույս է տալիս մրցակիցներին🎥

Թեժ կրքեր Խետաֆեում․ Ատելտիկոն կրկին հույս է տալիս մրցակիցներին🎥

14/03/2021 - 01:55

Իսպանական Լա լիգայի 27-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Ատլետիկո Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Խետաֆեի» դեմ։

Առաջին խաղակեսը հիմնականում անցավ «հնդկացիների» առավելությամբ։ «Ատլետիկոյի» ֆուտբոլիստներն ավելի շատ էին տիրում գնդակին (69%), սակայն մադրիդյան ակումբի խաղում չկար սրություն, իսկ «Խետաֆեն» էլ ժամանակ առ ժամանակ հակագրոհում էր և որոշ դրվագներում ավելի վտանգավոր էր գործում հարձակման կրակածայրում։

Ամեն դեպքում, առաջին կեսը գոլային պահերով սակավաթիվ էր, ինչի արդյունքում էլ կողմերն ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում։

Երկրորդ կեսն էլ, կարծես, առաջինի սցենարի շարունակությունը լիներ․ «Ատլետիկոն» տիրում էր գնդակին, «Խետաֆեն» էլ շարունակում էր նույն մարտավարությամբ հանդես գալ։

60-րդ րոպեին Պեպե Բորդալասի թիմն աչքի ընկնելու լավ հանավորություն ուներ, սակայն Էնես Ունալի՝ մոտ տարածությունից կատարած հարվածից հետո «Ատլետիկոյին» փրկեց Յան Օբլակը։

70-րդ րոպեին «Խետաֆեի» ֆուտբոլիստները մնացին 10 հոգով։ Ալան Նյոմը «բաց» ոտքով հարվածեց Ռենան Լոդիին, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար Խոսե Սանչես Մարտինեսը սկզբում դեղին քարտ ցույց տվեց կամերունցի պաշտպանին, սակայն VAR համակարգի սենյակում աշխատող մրցավարները Մարտինեսին հուշեցին, իսկ նա չեղարկեց դեղին քարտը, իսկ դրա փոխարեն Նյոմին պատժեց կարմիրով։

Ստանալով քանակական առավելություն՝ Դիեգո Սիմեոնեի թիմը նետվեց առաջ՝ հաղթանակ կորզելու: Հյուրերը սկսեցին լուրջ առավելություն ձեռք բերել, սակայն նպաստավոր դիրքերից վրիպեցին Ժոաո Ֆելիշն ու Մուսա Դեմբելեն։

89-րդ րոպեին Մուսա Դեմբելեն կրկին աչքի ընկնելու հիանալի պահ ուներ, սակայն ֆրանսիացի հարձակվողն անհավանական վրիպում թույլ տվեց՝ 2-3 մետր հեռավորությունից գլխով շեղ հարվածելով։

Ժամանակն անցնում էր, իսկ «Խետաֆեի» ֆուտբոլիստները շարունակում էին անձնուրաց պաշտպանվել և դիմանալ հյուրերի հսկայական ճնշմանը։

Ունենալով այդքան առավելություն՝ «Ատլետիկոն» ոչ մի կերպ չկարողացավ կոտրել «Խետաֆեի» դիմադրությունը, իսկ հանդիպումն ավարտվեց 0։0 հաշվով, ինչը նշանակում է, որ մրցող կողմերը կիսեցին միավորը։

«Ատլետիկոն» այս ոչ-ոքիից հետո վաստակեց 63 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Ռեալին» գերազանցելով 6 միավոր։

Երրորդ հորիզոնականը զբաղեցնող «Բարսելոնան», որի ակտիվում կա 56 միավոր, ընթացիկ տուրում դեռևս իր հանդիպումը չի անցկացրել։ Կատալոնական ակումբը մարտի 16-ին՝ ուշ երեկոյան, «Նոու Կամպ» մարզադաշտում կմրցի առաջնության ակնհայտ հետնապահ «Ուեսկայի» դեմ։

Ինչ վերաբերում է «Խետաֆեին», ապա համանուն քաղաքը ներկայացնող ակումբը վաստակեց 28 միավոր և զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023