Ռեալը Զիդանին փոխարինելու երկու թեկնածու է դիտարկում

Ռեալը Զիդանին փոխարինելու երկու թեկնածու է դիտարկում

29/03/2021 - 23:21

Դեռևս անհայտ է «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ապագան, ում պայմանագիրն «արքայական» ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը, իսկ ֆրանսիացի մասնագետը դեռևս երբեք որևէ ակնարկ չի արել, որ պատրաստվում է մնալ «սերուցքայինների» ղեկին։

Ինչպես տեղեկացնում է AS-ը, Զիդանը հետաքրքրված է «Յուվենտուսը» և Ֆրանսիայի հավաքականը գլխավորելու տարբերակներով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հենց այդ պատճառով մադրիդյան ակումբը սկսել է Զիդանին փոխարինելու թեկնածուներ դիտարկել։ Ֆրանսիացի մասնագետին փոխարինելու գլխավոր թեկնածուն մնում է Ռաուլը, ով ներկա պահին մարզում է «Ռեալի» երիտասարդական թիմը՝ «Կաստիլիան»։

Բացի Ռաուլից, «արքայական» ակումբի ղեկավարությունը դիտարկում է նաև Յոաքիմ Լյովի տարբերակը, ով Եվրո-2020-ից հետո հեռանալու է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։ Վերջերս տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ 61-ամյա մասնագետը սկսել է հաճախել իսպաներենի դասերի։

Չնայած «Ռեալի» արդյունքները վերջին շրջանում հիմնականում դրական են, ակումբի ղեկավարությունը Զինեդին Զիդանի աշխատանքի հետ կապված որոշ հարցեր ունի։

Բանն այն է, որ ակումբի ղեկավարությունը ցանկանում է, որ «Ռեալը» 48-ամյա մասնագետի գլխավորությամբ ավելի կայուն արդյունքներ գրանցի, ինչպես նաև նրանց հետաքրքրում է, թե ինչու «լոս բլանկոսի» կազմում այդպես էլ իրենց տեղը չգտան Լուկա Յովիչն ու Մարտին Էդեգորը։

Ամեն դեպքում, հաղորդվում է, որ Զինեդին Զիդանը վայելում է «Ռեալի» տնօրենների խորհրդի բոլոր անդամների վստահությունը։

Հավելենք, որ «Ռեալը» Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 28 խաղից հետո վաստակել է 60 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը՝ առաջատար «Ատլետիկոյին» զիջելով 6 միավոր։

Մադրիդյան ակումբը դուրս է եկել նաև Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ, որի շրջանակում պետք է մրցի «Լիվերպուլի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023