Երիտասարդական Չեմպիոնների լիգա. հայտնի դարձան եզրափակիչի մասնակիցները🎥

Երիտասարդական Չեմպիոնների լիգա. հայտնի դարձան եզրափակիչի մասնակիցները🎥

22/04/2022 - 23:56

Ապրիլի 22-ին կայացան Երիտասարդական Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի հանդիպումները։

Նախ պայքարի մեջ մտան «Յուվենտուս» Մ-19-ն ու «Բենֆիկա» Մ-19-ը։

Պորտուգալական ակումբը «ծեր սենյորայի» համար սառը ցնցուղ էր պատրաստել հանդիպման մեկնարկում, քանի որ արդեն 10-րդ րոպեին հաղթում էր 2:0 հաշվով. աչքի ընկան Մարտիմ Նետուն ու Լուիշ Սեմեդուն։

Հանդիպման 35-րդ րոպեին «արծիվները», ինչպես ամրոպ անամպ երկնքում, մնացին 10 հոգով. դաշտից հեռացվեց թիմի դարպասապահ Սամուել Սոարեշը։

Ստանալով քանակական առավելություն` թուրինյան ակումբը մեծ ճնշում սկսեց գործադրել երկրորդ խաղակեսի հենց մեկնարկից, ինչն էլ տվեց իր արդյունքը։

«Յուվենտուսին» հաջողվեց ոչ միայն կրճատել, այլև հավասարեցնել հաշիվը. 51-րդ րոպեին աչքի ընկավ Անժե Ժոզու Չիբոզոն, իսկ 73-րդ րոպեին` Ռիկարդո Տուրիկիան։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով, իսկ կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին 11-մետրանոց հարվածներ, իսկ «վիճակախաղի» շրջանակում ավելի դիպուկ գտվեցին «Բենֆիկայի» ֆուտբոլիստներն ու հաղթեցին 4:3 հաշվով։

Կիսաեզրափակիչ մյուս խաղում էլ մրցեցին «Ատլետիկո Մադրիդ» Մ-19-ն ու «Զալցբուրգ» Մ-19-ը։

«Ցլերը» հանդիպման ողջ ընթացքում ունեին տոտալ առավելություն ու մադրիդյան ակումբին ջախջախեցին 5:0 հաշվով։

«Զալցբուրգի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Ռոկո Շիմիչը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ումար Դիակիտեն, Տոլգահան Շահինն ու Դիյոն Կամերին։

Այսպիսով, Երիտասարդական Չեմպիոնների լիգայի եզրափակիչի շրջանակում ապրիլի 25-ին միմյանց դեմ կմրցեն «Բենֆիկա» Մ-19-ն ու «Զալցբուրգ» Մ-19-ը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023