Sho՞w, թե՞ խայտառակություն․ ինչո՞ւ ձախողվեց Սուպերլիգայի գաղափարը

Sho՞w, թե՞ խայտառակություն․ ինչո՞ւ ձախողվեց Սուպերլիգայի գաղափարը

21/04/2021 - 15:20

Անցնող օրերին ֆուտբոլային աշխարհում աննախադեպ իրադարձություններ էին տեղի ունենում։ Նախ ապրիլի 19-ին եվրոպական 12 գրանդ ակումբներ հայտարարեցին, որ ստեղծում են ֆուտբոլային Սուպերլիգա , ապա այդ գաղափարը բախվեց լուրջ քննադատությունների․ ողջ ֆուտբոլային հանրությունը շոկի մեջ էր, տարատեսակ քննադական ելույթներ, բողոքի ցույցեր, հարցազրույցներ։ Կարելի է ասել՝ չկար մի մարդ, ով կողմ էր Սուպերլիգա յի իրագործմանը (իհարկե, որոշ բացառություններ էլ եղան) և այդ ամենը հանգեցրեց նրան, որ Սուպերլիգայի հիմնադիր-ակումբները քիչ-քիչ սկսեցին լքել մրցաշարը։ Այժմ Սուպերլիգա յում մնացել են ընդամենը 4 ակումբ՝ «Միլանը», «Յուվենտուսը», «Բարսելոնան» ու «Ռեալը»։

12 ակումբների սեփականատերերը ցանկանում էին խլել այն ամենասիրելին ու թանկը, որոնք կան ֆուտբոլում, քանի որ նրանց մեջ չկան ֆուտբոլասերներ, բայց կան բիզնեսմեններ ու փառամոլներ։

Ֆուտբոլն ավելին է, քան սպորտ։ Ինչո՞ւ, որովհետև այն միավորում է միլիարդավոր մարդկանց։ Մենք կարող ենք լինել տարբեր, կարող ենք ունենալ տարբեր քաղաքական հայացքներ, բայց միաժամանակ կարող ենք նստել միասին ու ֆուտբոլ դիտել։ Այն խաղ է, հնարավորություն   բոլորի համար՝ անկախ մաշկի գույնից, կրոնական ու ազգային պատկանելիությունից։

Քանի՜, քանի՜ հիշարժան պահեր ունենք բոլորս այս խաղի հետ կապված։ Անմոռանալի պահեր, որոնք դաջվել են մեր հիշողության մեջ, հավերժ դարձել մեր անբաժան մասնիկը։

Այն կատարսիսի (խմբ․՝ հունարեն բառ է, որը բառացի նշանակում է զգացողություն, երբ առաջանում է գեղեցիկը, վեհը տեսնելիս) զգացողությունը, որը տալիս է այս խաղը աշխարհում ոչ մի խաղ չի կարող տալ․ գոլեր վերջին րոպեներին,  հաղթանակներ ու․․․ ու գրողը տանի այս խաղում  նույնիսկ պարտությունն է փառահեղ դիտվում ու դառնում անմոռանալի։

Սուպերլիգան ցանկանում էր խլել այս ամենը, քանի որ այնտեղ չէր գործելու մարզական սկզբունքը․ 15 ակումբներ, որոնք, անկախ արդյունքներից, մշտական ունենալու էին իրենց տեղը։ Այս պարագայում դուրս է մնում մարզական սկզբունքի ցանկացած տրամաբանություն։

Ինչու՞ տապալվեց Սուպերլիգայի այս ֆորմատը

Եկեք կարևոր հանգամանք արձանագրենք․ մենք չենք ասում, որ ավանդապաշտ ենք, և ամեն ինչ պետք է  լինի այնպես, ինչպես միշտ եղել է։ Ո՛չ, ո՛չ ու էլի ոչ։ Աշխարհը փոխվում է, պահանջները նույնպես և դրան զուգահեռ պետք է փոխվեն մատուցվող ծառայությունները,  բայց այն չպետք է շահարկվի միայն ֆինանսական ասպեկտով, այն էլ ՝ ի շահ փոքրամասնության և ի վնաս մեծամասնության, ի վնաս հենց «ֆուտբոլ» խաղի։

Այժմ խոսենք տապալման բուն պատճառների մասին։

Հապճեպություն

Սուպերլիգայի ստեղծման մասին 12 ակումբների համատեղ հայտարարությունը ուղղակի բուրում էր հապճեպությամբ։ Չկային   հստակ ժամկետներ   այն անցկացնելու համար, հիմնական 15 թիմերի շարքերը համալրված չէին («Բավարիան», «Բորուսիան Դորտմունդը» և ՊՍԺ-ն մերժել էին առաջարկը) ու ամենակարևոր հանգամանքը՝ չկար պատրաստի կնքված պայմանագիր հեռուստաընկերությունների հետ։ 

Այս ամենը ցույց է տալիս, որ ակումբները շտապում էին, և նման հայտարարությունը վաղուց է պատրաստ եղել, պարզապես սպասել են մի քանի ակումբների համաձայնությանը։ Այժմ դժվար է ասել, թե որ թիմերն են վերջում համաձայնվել, բայց «Յուվենտուսը» «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Բարսելոնան» հաստատ դրանց թվում չեն․ վերջինիս նախկին նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն իր հրաժարական տալուց առաջ արդեն ակնարկում էր Սուպերլիգայի մասին, դե իսկ Ֆլորենտինո Պերիսն անհիշելի ժամանակներից խոսում է դրա մասին։

Հաշվի չէին առնվել արտաքին ազդակների արձագանքը

Հասարակությունը, երկրպագուները, հայտնի մարզիչներն ու ֆուտբոլիստները պարզապես դեմ արտահայտվեցին Սուպերլիգային՝ դա որակելով որպես պատերազմ ֆուտբոլի դեմ։

Որոշ անգլիական ակումբներ նույնիսկ վարձակալել էին աշխարհահռչակ InHouse Communications -ի մեդիա մենեջերից մեկին, ով աշխատել է Մեծ Բրիտանիայի նախկին և ներկա վարչապետերի՝ Թերեզա Մեյի և Բորիս Ջոնսոնի հետ, որպեսզի այդ գաղափարը ավելի ընկալելի ու ընդունելի դարձնի հասարակության շրջանում, բայց լրիվ ապարդյուն։

Պարզվեց, որ երկրպագուները ֆուտբոլից շատ ավելի խորն են հասկանում, քան 12 ակումբների ղեկավարները։ Այսինքն, վերը նշված թիմերը ցանկանում են ամեն տարի ունենալ հստակեցված, հարյուր տոկոսանոց եկամուտ՝ անկախ իրենց մրցելույթներից։ Այժմ այդպես չէ․ այն թիմերը, որոնք չեն մասնակցի ՉԼ-ին կամ դուրս կմնան խմբային փուլից, ավելի քիչ կվաստակեն,քան այն ակուբները, որոնք չեն կարողացել ավելի առաջ գնալ մրցաշարում։

Բանը նաև հասավ նրան, որ երկրպագուները բազմահազարանոց ցույցեր սկսեցին անել իրենց ակումբների մարզադաշտերի հարևանությամբ։

ՈՒԵՖԱ-ի և ազգային առաջնությունների գործոնը

Սուպերլիգայի ակուբները չէին սպասում կամ չէին պատկերացնում, որ ՈւԵՖԱ-ի հետ կլինեն նաև ազգային լիգաները՝ Պրեմիեր Լիգան, Լա Լիգան, Ա Սերիան, կարելի է ասել նաև Բունդեսլիգան։։

Չնայած գերմանական ակումբները չեն միացել Սուպերլիգային՝ շատ կտրուկ և միանշանակ դեմ հանդես եկան այդ գաղափարին։

Այս ամենը, իհարկե հաշվարկված չէր։ Եթե Ֆլորենտինո Պերեսը և ընկերները սպասում էին ՈւԵՖԱ -ի կտրուկ դիրքորոշմանը, ապա ազգային լիգաների դիրքը շատ հարցեր առաջացրեց։ Այստեղ կարևոր է հասկանալ, որ որքան էլ վերը նշված կառույցները սպառնան զրկել խաղերից Սուպերլիգային մասնակցող թիմերին, ամեն ինչ այդքան միանշանակ չէ։

Պրակտիկորեն այն հեշտ է հնչում, բայց գործնականում այդքան էլ դյուրին չէ իրագործելը։ Օրինակ՝ հեռարձակողները կարող են դատական հայց ներկայացնել ազգային լիգաների դեմ, եթե, օրինակ, Պրեմիեր Լիգայի «մեծ վեցնյակի» թիմերը հանվեն առաջնությունից։

ՖԻՖԱ- գաղտնի՝ դեռ չասված գործոնը

Հետաքրքիր է, որ սրա մասին դեռ չի հայտարարվել, բայց ՖԻՖԱ-ն կարող է թույլ չտալ տրանսֆերի իրականացումը Սուպերլիգա յին մասնակցող թիմերի միջև, ինչը շատ կարևոր հանգամանք է, և այս ծանր հրետանին դեռ չի էլ կիրառվել, իսկ ակումբները արդեն ֆիասկո են ապրում։

Ֆինանսական գործոնը

Ինչպես գիտեք, ամերիկյան JP Morgan Chase բանկային հոլդինգը պատրաստվում է ֆինանսավորել Սուպերլիգան ներկայացնող ակումբներին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ խոսակցություններ կային, որ Սուպերլիգայի հիմնադիր-ակումբները մրցաշարի կազմակերպման և այլ մանր-մունր ծախսերի համար բանկից ստանալու են 3․5-10 մլրդ եվրո։

Այժմ հարց է ծագում․ արդյո՞ք այդ բանկն ակումբներին վերոնշյալ քանակի գումարը տրամադրելու էր հենց այնպես։ Իհարկե, ոչ։ Ենթադրաբար դա լինելու էր վարկի տեսքով, որը ակումբները տարիների ընթացքում պետք է հետ վերադարձնեին JP Morgan Chase-ին։ Որևէ ամերիկյան բանկային ընկերություն հենց այնպես, պարզապես, չէր ֆինանսավորի Սուպերլիգայի գաղափարը, եթե վստահ չլիներ, որ այդ ակումբները հետ պետք է վերադարձնեն գումարը։

Սուպերլիգա ն ներկայացնող ակումբները որքան էլ կնքեն բազմամիլիոնանոց հովանավորչական պայմանագրեր, որքան էլ վաճառեն հանդիպումների հեռարձակման իրավունքը, միևնույն է, 10 մլրդ եվրոյի հետ կատակ չեն անում և մեր օրերում առկա կորոնավիրուսային համաճարակի պայմանները հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ ցանկացած պահ կարող է ամեն ինչ գլխի վայր շուռ գալ, և եթե ակումբները չկարողանան հետ վերադարձնել գումարը, ապա կհայտնվեն JP Morgan Chase-ի վերահսկողության տակ։

Այսպիսով, կարելի է փաստել, որ Սուպերլիգայի այս կառուցվածքով տապալումը կատարյալ խայտառակություն է 12 ակումբների ղեկավարների համար, ինչը մաքուր ֆիասկո է ու այժմ, հավանաբար, ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդեր Չեֆերինը իր գրասենյակում սիգար է ծխում ու հայկական կոնյակով նշում իր հաղթանակը, բայց սա ողջ ֆուտբոլի, մեր, քո, բոլորիս հաղթանակն է։ Ֆուտբոլը ողջ է, քանի որ այն Լոնդոնում, Մանչեսթերում, Լիվերպուլում, Մադրիդում, Բարսելոնայում, Թուրինում և Միլանում, աշխարհի բոլոր մասերում ունի բազմամիլիոնանոց երկրպագուների բանակ, որոնց գումար պետք չէ այս խաղը սիրելու համար։ Ֆուտբոլն ավելին է, քան սպորտ։ Ֆուտբոլը կյանք է։

 Սիրե՛ք ֆուտբոլը, ապրե՛ք ֆուտբոլով !!!

Կարեն Պողոսյան

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023