Բրեյթվեյթի ու Արաուխոյի մղձավանջը․ Բարսան առանց Մեսսիի ոչինչ չի կարողանում ցույց տալ Էյբարին🎥

Բրեյթվեյթի ու Արաուխոյի մղձավանջը․ Բարսան առանց Մեսսիի ոչինչ չի կարողանում ցույց տալ Էյբարին🎥

30/12/2020 - 00:11

Իսպանական Լա լիգայի 16-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Էյբարի» դեմ։

Կատալոնական ակումբն արդեն 8-րդ րոպեին կարող էր բացել խաղի հաշիվը, սակայն Մարտին Բրեյթվեյթը շեղ հարվածեց 11-մետրանոց նշակետից։

Դանիացի հարձակվողն, ի վերջո, 25-րդ րոպեին գրավեց բասկյան ակումբի դարպասը, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Ալբերոլա Ռոխասը, խորհրդակցելով VAR համակարգի սենյակում աշխատող իր գործընկերների հետ, չեղարկեց գոլը՝ արձանագրելով խաղից դուրս իրավիճակ։

Ընդհանուր առմամբ առաջին կեսն անցավ «Բարսելոնայի» առավելությամբ․ կատալոնացիները վերահսկում էին գնդակի ընթացքը, սակայն առանց Լեո Մեսսիի չէին կարողանում սրություն մտցնել հարձակման գծում։

Հանդիպման երկրորդ խաղակեսը մեկնարկեց բավական անսպասելի, քանի որ 57-րդ րոպեին հյուրերը Կիկե Գարսիայի ջանքերով բացեցին հաշիվը։ Կիկեն այդ դրվագում օգտվեց «կապտանռնագույնների» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արախուոյի՝ դաշտի կենտրոնում թույլ տված կոպիտ սխալից։

Բաց թողած գոլից հետո Ռոնալդ Կումանի սաները մեծ ուժերով նետվեցին առաջ, որպեսզի փրկեն հանդիպումը, և 67-րդ րոպեին, վերջապես կարողացան գոլային գրոհ զարգացնել։ Խունիոր Ֆիրպոն ձախ թևից ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ, փոխանցեց դեպի հակառակ եզրում գտնվող Ուսման Դեմբելեին, ով էլ հավասարեցրեց հաշիվը։

Խաղի վերջում՝ 90+1-րդ րոպեին, «Բարսելոնան» կարող էր հաղթանակ կորզել, սակայն Ֆրանսիսկո Տրինկաոն նպաստավոր դիրքից վրիպեց։

Այսպիսով, «Բարսելոնան» առանց Լեո Մեսսիի չկարողացավ կոտրել «Էյբարի» դիմադրությունը․ գրանցվեց 1։1 հաշիվ։ Այս ոչ-ոքիից հետո կատալոնական ակումբը վաստակեց 25 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, իսկ «Էյբարը» 16 միավորով 14-րդն է։

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023