Բրայթոնի կիսապաշտպանը 24 տարեկանում ավարտել է կարիերան սրտի ժառանգական հիվանդության պատճառով

Բրայթոնի կիսապաշտպանը 24 տարեկանում ավարտել է կարիերան սրտի ժառանգական հիվանդության պատճառով

10/10/2022 - 16:29

Ինչպես տեղեկացնում է «Բրայթոնի» պաշտոնական կայքը, ակումբի կիսապաշտպան Էնոկ Մվեպուն 24 տարեկանում ավարտել է կարիերան։

Բանն այն է, որ զամբիացի ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է սրտի ժառանգական այնպիսի հիվանդություն, որը թույլ չի տալիս նրան շարունակել կարիերան։

Մվեպուի առողջական վիճակը վատթարացել է ինքնաթիռում, երբ Զամբիայի հավաքականի հետ մեկնում էր Մալի` մասնակցելու այդ երկրի ընտրանու հետ ընկերական հանդիպմանը (0:1)։

Մվեպուն որոշ ժամանակ գտնվել է Մալիի հոսպիտալներից մեկում, ինչից հետո վերադարձել է Բրայթոն, որտեղ լրացուցիչ հետազոտություններ է անցել, որոնց ընթացքում պարզվել է, որ նա սրտի ժառանգական հիվանդություն ունի։

Այդ հիվանդությունն արտահայտվում և սրվում է ավելի ուշ տարիքում, որն ավելի վաղ կատարված սրտի կանոնավոր զննումների ժամանակ հնարավոր չի եղել ախտորոշել։

Ցավոք, այդ հիվանդությունը կարող է սրվել սպորտով զբաղվելու հետևանքով, այդ պատճառով էլ բժիշկների հորդորներով Մվեպուն կարիերան ավարտելու որոշում է կայացրել։

Հատկանշական է, որ «Բրայթոնը» պատրաստվում է հոգալ նախկին ֆուտբոլիստի բժշկական հետազոտությունների բոլոր ծախսերը։

Հավելենք, որ Էնոկ Մվեպուն «Բրայթոնի» կազմում հանդես էր գալիս 2021 թ. հուլիսից` անցկացրած 27 խաղում դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Ավելի վաղ զամբիացի նախկին ֆուտբոլիստը հանդես է եկել «Զալցբուրգի» (2018-2021 թթ., 119 խաղ, 18 գոլ և 20 գոլային փոխանցում) և «Լիֆերինգի» (2017-18 թթ., 23 խաղ, 6 գոլ և 4 գոլային փոխանցում) կազմում։

Մվեպուն ևս 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել Զամբիայի հավաքականի կազմում անցկացրած 24 խաղում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023