Բետիսի մեծ նվերը Բարսելոնային?

Բետիսի մեծ նվերը Բարսելոնային?

09/03/2020 - 02:21

Իսպանական Լա լիգայի 27-րդ տուրի վերջին խաղի շրջանակում գրանցվեց այս խաղային շաբաթվա ամենամեծ անակնկալը։ Առաջնության առաջատար «Ռեալը» հյուրընկալվելիս 2։1 հաշվով պարտվեց «Բետիսին»։

Առաջին խաղակեսում «Բետիսն» ավելի լավ տեսք ուներ, և տանտերերի գրոհներն ավելի վտանգավոր էին։

27-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո Ռաֆայել Վարանից գնդակն անդրադարձավ դեպի Մարկ Բարտրան, սակայն իսպանացի պաշտպանի հարվածը 3-4 մետրից բարձր ստացվեց։

35-րդ րոպեին Սերխիո Կանալեսի ձախ եզրից կատարած փոխանցումից հետո Նաբիլ Ֆեկիրը մեկ հպումով հարվածեց, սակայն Տիբո Կորտուան հիանալի սեյվի հեղինակ դարձավ։

40-րդ րոպեին անդալուսական ակումբն աջ եզրում անկյունային հարվածի իրավունք ստացավ։ Տանտերերը գնդակը խաղարկեցին, ինչից հետո տուգանային հրապարակի մատույցներից Նաբիլ Ֆեկիրի հարվածը անհաջող ստացվեց, իսկ ստեղծվաց խառնաշփոթ իրավիճակից անմիջապես օգտվեց կենտրոնական պաշտպան Սիդնեյը՝ թնդանոթային հարվածով գրավելով Կուրտուայի պաշտպանած դարպասի մոտակա անկյունը։

Թվում էր՝ առաջին խաղակեսն այդպես էլ կավարտվի 1։1 հաշվով, սակայն մրցավարի կողմից ավելացրած ժամանակում Վինիսիուս Ժունիորի ձախ եզրից կատարած փոխանցումից հետո Մարսելոյի նկատմամբ կանոնների խախտում թույլ տվեցին։ Մրցավարն առանց վարանելու ցույց տվեց 11 մետրանոց նշակետը, իսկ Կարիմ Բենզեման անվրեպ իրացրեց հարվածը։

Ողջ առաջին խաղակեսի ընթացքում «արքայական» ակումբը կատարեց ընդամենը մեկ դիպուկ հարված, որն էլ ավարտվեց դարպասի գրավմամբ։

Երկրորդ խաղակեսն անցավ բավականին թեժ և էմոցիոնալ պայքարում․ երկու կողմերն աչքի ընկնելու հիանալի հնարավորություններ ունեին։

55-րդ րոպեին տանտերերի վետերան հարձակվող Խոակինը գեղեցիկ հակագրոհի արդյունքում մեն-մենակ դուրս եկավ Կուրտուայի դիմաց, շրջանցեց նրան, սակայն նպաստավոր դիրքից չգիտես ինչու որոշեց փոխանցում կատարել, սակայն Լուկա Մոդրիչը կանգնեց գնդակի ճանապարհին՝ թույլ չտալով Լորենցո Մորոնին գրավել դատարկ դարպասը։

70-րդ րոպեին հաշվի մեջ առաջ անցնելու հիանալի հնարավորություն ուներ «Ռեալը»։ Նախ Լուկա Մոդրիչի հարվածից հետո Խոել Ռոբլեսը փրկեց իր թիմին, ինչից հետո գնդակը հայտնվեց Ֆերլան Մենդիի մոտ։ Ֆրանսիացի պաշտպանի հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին, իսկ Կարիմ Բենզեմայի հարվածը Մարկ Բարտրան փակեց։

75-րդ րոպեին Սերխո Կանալեսի փոխանցումից հետո Անդրես Գուարդադոն փորձեց մեկ հպումով գրավել դարպասը, սակայն նրա՝ տուգանային հրապարակի մատույցներից կատարած հարվածը մի փոքր շեղ ստացվեց։

Հանդիպման 82-րդ րոպեին Կարիմ Բենզեման դաշտի կենտրոնում կոպիտ սխալ թույլ տվեց, ինչից հետո գնդակը հայտնվեց Գուարդադոյի մոտ, ով էլ արագ կողմնորոշվեց և մեկ հպումով Քրիստիան Տելյոյին մեն-մենակ դուրս բերեց դարպասապահի դիմաց, վերջնս էլ հանգիստ գրավեց դարպասը՝ կրկին առաջ մղելով իր թիմին։

Հանդիպման մնացած հատվածում «սերուցքայինները» լուրջ ճնշում գործադրեցին Խոել Ռոբլեսի դարպասի ուղղությամբ, սակայն այդպես չհաջողվեց փրկել հանդիպումը։

Այսպսիով, «Բետիսը» մեծ նվեր է մատուցում «Բարսելոնային»՝ «Ռեալին» թույլ չտալով վերադառնալ առաջին հորիզոնական։ «Ռեալը» 56 միավորով մնաց 2-րդ հորիզոնականում՝ երկու միավոր զիջելով առաջատար «Բարսելոնային»։ «Բետիսը» 33 միավորով բարձրացավ 12-րդ հորիզոնական։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023