Բարսան օգտվում է Ռեալի նվերից՝ հավասարվելով վերջինիս🎥

Բարսան օգտվում է Ռեալի նվերից՝ հավասարվելով վերջինիս🎥

01/02/2021 - 01:52

Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։

Հանդիպման մեկնարկային րոպեներից կատալոնական ակումբը նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը, և առաջին 15 րոպեների ընթացքում առաջատար Լեո Մեսսին երկու վտանգավոր հարվածներով սպառնաց Ունայի Սիմոնի դարպասին, սակայն դրանք գոլով չավարտվեցին։

Մեսսիի աստեղային պահը եկավ 20-րդ րոպեին, երբ կատալոնական ակումբը տուգանային հարվածի իրավունք վաստակեց նպաստավոր դիրքում, իսկ արգենտինացի ֆուտբոլիստը գեղեցիկ գոլով բացեց հանդիպման հաշիվը։

Ընդհանրապես, Ռոնալդ Կումանի թիմն առաջին խաղակեսում վերահսկում էր հանդիպման ընթացքը և նախքան ընդմիջման գնալը կարող էին մեծացնել իրենց առավելությունը, սակայն կողմերն ընդմիջման գնացին 1։0 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ 50-րդ րոպեին բասկյան ակումբին հաջողվեց հավասարեցնել հաշիվը․ ինքնագոլի հեղինակ դարձավ Ժորդի Ալբան։

Բաց թողած գոլից հետո «կապտանռնագույնները» չընկճվեցին և նետվեցին առաջ, որպեսզի հաղթանակ կորզեն, ինչն էլ տվեց իր պտուղները, քանի որ 75-րդ րոպեին դաշտի տերերը բազմաքայլ գրոհ իրականացրին, որն իր տրամաբանական ավարտին հասցրեց Անտուան Գրիզմանը՝ եզրափակելով Օսկար Մինգեսայի փոխանցումը։

Հանդիպման վերջնամասում խաղի տեմպը հանդարտվեց, սակայն որոշ դրվագներում Մարսելինո Գարսիա Տորալի սաները վտանգավոր իրավիճակներ ստեղծեցին «Բարսելոնայի» տուգանային հրապարակում, որոնք չտվեցին իրենց արդյունքը։ Տանտերերին հաջողվեց պահպանել հաղթական հաշիվը։

Այսպիսով, «Բարսելոնան» հաղթեց 2։1 հաշվով, միավորների քանակը հասցրեց 40-ի, շրջանցեց «Սևիլիային» ու «Ռեալին»՝ բարձրանալով 2-րդ հորիզոնական։

40 միավոր ունի նաև «արքայական» ակումբը, սակայն լրացուցանիշներով հենց կատալոնական ակումբն է 2-րդը։

Առաջնության առաջատարը «Ատլետիկո Մադրիդն» է, որն ունի 50 միավոր և մեկ հանդիպում էլ պակաս է անցկացրել իր հիմնական մրցակիցների համեմատ։

«Ատլետիկ Բիլբաոն» էլ ընդհատեց հաղթարշավը, որը բաղկացած էր 6 անընդմեջ հաղթանակներից և 29 միավորով մնաց 11-րդ հորիզոնականում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023