Բարսելոնան կրկին տառապում է🎥

Բարսելոնան կրկին տառապում է🎥

19/12/2020 - 21:40

Իսպանական Լա լիգայի 14-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Վալենսիայի» դեմ։

Հանդիպման մեկնարկում հյուրերն ունեին առավելություն, ինչն էլ նպաստեց, որ «Վալենսիայի» ֆուտբոլիստներն անկյունայինի խաղարկումից հետո 29-րդ րոպեին Մուկտար Դիախաբիի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։

Բաց թողած գոլից հետո կատալոնական ակումբն ուշքի եկավ և մինչև ընդմիջման գնալը հավասարեցրեց հաշիվը։ 45+1-րդ րոպեին Խոսե Լուիս Գայան սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց, ինչի արդյունքում նշանակվեց 11-մետրանոց հարված։ Այդ դրվագում հանդիպման գլխավոր մրցավար Ալեխանդրո Էրնանդես Էրնանդեսը կարմիր քարտով վատժեց Գայային, սակայն, VAR համակարգի մրցավարները նրան հուշեցին, որ այդ դրվագում «վերջին հույսի» խախտում չկա, իսկ կարմիր քարտը չեղարկվեց։

11-մետրանոց հարվածն իրացրեց Լեո Մեսսին, սակայն արգենտինացու հարվածից հետո «Վալենսիայի» դարպասապահ Խաումե Դոմենեկը փրկեց իր թիմին, ինչից հետո Մեսսին վրա հասավ և «ավելացրեց»՝ հաշիվը դարձնելով 1։1։ Այդ գոլի շնորհիվ Լեո Մեսսին «Բարսելոնայի» կազմում խփեց 643-րդ գոլը, ինչը համաշխարհային ռեկորդի կրկնություն է։ Այժմ Մեսսին մեկ ակումբի կազմում Պելեի հետ միասին ամենաշատ գոլերն են խփել։ Ժամանակին բրազիլացի ֆուտբոլիստը երբ հանդես էր գալիս «Սանթոսի» կազմում նույնպես խփել է 643 գնդակ։ Խոսքը պաշտոնական հանդիպումների մասին է։

Երկրորդ խաղակեսում «Բարսելոնան» ուներ լուրջ առավելություն և թվում էր, թե կլուծի հաղթողի հետ կապված բոլոր հարցերը։ Դրան էլ տանում էին իրադարձությունները, քանի որ 52-րդ րոպեին Ռոնալդ Արաուխոն անկյունայինի խաղարկումից հետո առաջ մղեց իր թիմին։

69-րդ րոպեին շատերի համար անսպասելիորեն «Վալենսիայի» ֆուտբոլիստները հավասարեցրին հաշիվը։ Խոսե Գայան ուղղեց իր սխալը և գոլային փոխանցում կատարեց Մաքսի Գոմեսին, ով էլ հաշիվը դարձրեց 2։2։

Բաց թողած երկրորդ գոլից հետո Ռոնալդ Կումանի սաները գրեթե ողջ կազմով նետվեցին առաջ՝ հաղթանակ կորզելու։ «Բլաուգրանասի» ֆուտբոլիստները մի շարք իրական գոլային պահեր ստեղծեցին, սակայն վալենսիական ակումբը դիմացավ և 1 միավոր տուն տարավ «Նոու Կամպից»։

Այսպիսով, կողմերը չպարզեցին հաղթողին, և գրանցվեց 2։2 հաշիվ։ Այս ոչ-ոքիից հետո «կապտանռնագույնները» վաստակեցին 21 միավոր և զբաղեցնում են 5-րդ հորիզոնականը, իսկ «Վալենսիան» 15 միավորով 12-րդն է։

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023