Բարսայի ազատ անկումը շարունակվում է. Ալավեսը միավորներ խլեց կատալոնացիներից🎥

Բարսայի ազատ անկումը շարունակվում է. Ալավեսը միավորներ խլեց կատալոնացիներից🎥

31/10/2021 - 00:55

Իսպանական Լա լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Ալավեսի» դեմ։

Առաջին խաղակեսում կատալոնական ակումբն ուներ տարածքային հսկայական առավելություն և գնդակին տիրում էր ժամանակի 80%-ը, ստեղծեց մի շարք վտանգավոր պահեր, սակայն «բլաուգրանասին» չէր հերիքում սրությունը։

«Ալավեսը» հաջողությամբ հետ մղեց տանտերերի բոլոր գրոհների փորձերը, իսկ կողմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաններում։

Այն, ինչ «Բարսելոնային» չհաջողվեց անել առաջին կեսում, արեցին երկրորդի հենց սկզբում. 49-րդ րոպեին պտտեցրած հարվածով հիանալի գոլի հեղինակ դարձավ Մեմֆիս Դեպայը` բացելով խաղի հաշիվը։

«Բլաուգրանասի» ուրախությունը շատ կարճ տևեց, քանի որ 52-րդ րոպեին Լուիս Ռիոխան դուրս եկավ հարվածային դիրք, շրջանցեց Մարկ-Անդրե Տեր Շտեգենին ու հավասարեցրեց հաշիվը։

Հյուրերի խփած գոլը մեծ հաշվով չփոխեց խաղի տրամաբանությունը. «Բարսելոնան» շարունակում էր գրոհել, իսկ «Ալավեսը»` պաշտպանվել։

59-րդ րոպեին Դեպայը կարող էր վերականգնել կատալոնական ակումբի առավելությունը, սակայն նրա հարվածն այս անգամ դիպավ դարպասաձողին։

Այդ դրվագից հետո էլ Սերխի Բարխուանի սաները շարունակում էին ճնշում գործադրել, սակայն բանը չէր հասնում իրական գոլային պահերին։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում տանտերերն այդպես էլ չկարողացան խփել այդքան ցանկալի հաղթական գնդակը. խաղն ավարտվեց 1:1 հաշվով

Այսպիսով, «Բարսելոնան» Լա լիգայի շրջանակում չի հաղթում արդեն երրորդ հանդիպումն անընդմեջ` այդ ընթացքում կրելով երկու պարտություն։

Այս ոչ-ոքիից հետո «կապտանռնագույնները» վաստակեցին 16 միավոր և բարձրացան 9-րդ հորիզոնական։

«Ալավեսը», 10 միավորով, 16-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023