Ա սերիայում թեժ պայքար է ընթանում Չեմպիոնների լիգայի ուղեգրերի համար🎥
Իտալական Ա սերիայի 29-րդ տուրի շրջանակում միաժամանակ կայացան մի քանի հանդիպումներ։
Ամենահետաքրքիր և դրամատիկ հանդիպումը կայացավ Նեապոլի «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում, որտեղ «Նապոլին» մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Կրոտոնեի» դեմ։
Ջենարո Գատուզոյի սաները հանդիպումը տարածքային լուրջ առավելությամբ մեկնարկեցին և 22-րդ րոպեի դրությամբ հաղթում էին արդեն 2։0 հաշվով, իսկ գոլերն իրենց անվան դիմաց գրանցեցին Լորենցո Ինսինյեն ու Վիկտոր Օսիմենը։
«Կրոտոնեի» ֆուտբոլիստները շատ արագ 25-րդ րոպեին Սիմի Նվանկվոյի ջանքերով մեկ գնդակ հետ բերեցին, սակայն 34-րդ րոպեին Դրիս Մերտենսը տուգանայինից կատարած հարվածով գնդակը վարպետորեն ուղարկեց մրցակցի դարպասը՝ հաշիվը դարձնելով 3։1։
Առաջին խաղակեսն ավարտվեց «Նապոլիի»՝ երկու գնդակի առավելությամբ։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում հյուրերը փոքրիկ հրաշք գործեցին և ընդամենը 11 րոպեի ընթացքում հետ բերեցին կորցրածը։ Նախ 48-րդ րոպեին Սիմի Նվանկվոն դարձավ դուբլի հեղինակ, ապա 59-րդ րոպեին լուսատախտակին 3։3 հաշիվը վառեց Ջունիոր Մեսիասը։
Հավելենք, որ Նվանկվոյի երկրորդ գոլի դրվագում էլ Մեսիասը դարձել էր նաև գոլային փոխանցման հեղինակ։
Տանտերերը նետվեցին առաջ՝ հաղթանակ կորզելու և 72-րդ րոպեին կրկին առաջ անցան հաշվի մեջ, իսկ գոլի հեղինակ դարձավ Ջիովանի Դի Լորենցոն։
Հետագայում «Նապոլիի» ֆուտբոլիստներն ավելի մոտ էին հաշվի տարբերությունը մեծացնելուն, քան «Կրոտոնեն՝ հավասարեցնելուն, սակայն ամեն դեպքում այս խաղում այլևս գոլեր չգրանցվեցին, իսկ նեապոլիտանական ակումբը հաղթեց 4։3 հաշվով։
Եվս մեկ հետաքրքիր հանդիպում երկրպագուներին պարգևեցին արդեն «Սասուոլոն» ու «Ռոման»։
Խաղը բավական ակտիվ մեկնարկեցին Ռոբերտո Դի Ձերբիի սաները, սակայն նպաստավոր դիրքերից վրիպեցին Ֆիլիպ Ջուրիչիչն ու Համեդ Տրաորեն։
Այդ դրվագներից հետո «գայլերը» հետագայում խաղի նախաձեռնությունը վերցրին իրենց ձեռքը և 26-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը․ 11-մետրանոցից աչքի ընկավ Լորենցո Պելեգրինին։
Կողմերն ընդմիջման գնացին 0։1 հաշվի պայմաններում․ հաղթում էին «Ռոմայի» տղաները։
Երկրորդ խաղակեսի մեկնարկն էլ անցավ տանտերերի առավելությամբ, սակայն մեկ տարբերությամբ․ այս անգամ «Սասուոլոյի» ֆուտբոլիստները դարձան գոլի հեղինակ։ 57-րդ րոպեին Ֆիլիպ Ջուրիչիչի իրացրած անկյունային հարվածից հետո Համեդ Տրաորեն, ի վերջո, խփեց իր գոլը՝ հավասարեցնելով հաշիվը։
Բաց թողած գոլից հետո Պաուլու Ֆոնսեկայի սաները շատ արագ՝ 69-րդ րոպեին, Բրունո Պերեսի շնորհիվ կրկին առաջ անցան հաշվի մեջ, սակայն այս խաղում «Ռոմային» վիճակված չէր հաղթանակ տոնել, քանի որ 85-րդ րոպեին «Սասուոլոյի» հարձակվող Ջակոմո Ռասպադորին դրեց հանդիպման վերջակետը՝ 2։2։
Գոլառատությամբ աչքի ընկավ նաև «Ատալանտա» – «Ուդինեզե» հանդիպումը։
Բերգամոն ներկայացնող ակումբը Լուիս Մուրիելի և Դուվան Սապատայի գոլերի շնորհիվ համառ պայքարում հաղթեց 3։2 հաշվով։ «Ուդինեզեի» կազմից էլ գոլերը խփեցին Ռոբերտո Պերեյրան ու Յենս Լարսենը։
Քիչ մնաց միավորներ կորցներ նաև «Լացիոն», որը Հռոմում մրցեց «Սպեցիայի» դեմ։
«Սպեցիան», որն ընթացիկ մրցաշրջանում իտալական գրանդ ակումբերի դեմ խաղերում հիանալի է հանդես գալիս, այս հանդիպման առաջին կեսում ուներ խաղային առավելություն, սակայն չկարողացավ բացել խաղի հաշիվը։
Այն, ինչ չարեցին Վինչենցո Իտալյանոյի սաները, 58-րդ րոպեին արեց «արծիվների» եզրային պաշտպան Մանուել Լացարին՝ բացելով խաղի հաշիվը։
Ամեն դեպքում, 73-րդ րոպեին հաշիվը հավասարվեց, իսկ գոլի հեղինակ դարձավ Դանիելե Վերդեն։
Թվում էր՝ խաղն ավարտվելու է ոչ-ոքի արդյունքով, սակայն 88-րդ րոպեին «Լացիոն» վաստակեց 11-մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Ֆելիպե Կայսեդոն՝ իր թիմին պարգևելով անչափ կարևոր հաղթանակ։
Հատկանշական է, որ խաղավերջում՝ 90+5-րդ րոպեին, տանտերերի կազմից միանգամից երկու ֆուտբոլիստ պատժվեցին կարմիր քարտով․ դաշտից հեռացվեցին Մանուել Լացարին և Խոակին Կոռան։
Այսպիսով, այս հանդիպումներից հետո Չեմպիոնների լիգայի ուղեգրերի համար պայքարն ավելի սրվեց, իսկ Ա սերիայի մրցաշարային աղյուսակի վերջնամասն ունի հետևյալ տեսքը․
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ատալանտա, Բրունո Պերես, Դանիելե Վերդե, Դուվան Սապատա, Լացիո, Լորենցո Ինսինե, Լորենցո Պելեգրինի, Լուիս Մուրիել, Կրոտոնե, Համեդ Տրաորե, Մանուել Լացարի, Նապոլի, Ուդինեզե, Պաուլու Ֆոնսեկա, Ջենարո Գատուզո, Ջիովանի դի Լորենցո, Ջունիոր Մեսիաս, Ռոբերտո դե Ձերբի, Ռոմա, Սասուոլո, Սիմի Նվանկվո, Սպեցիա, Վիկտոր Օսիմեն, Ֆելիպե Կայսեդո, Ֆիլիպ Ջուրիչիչ