Լացիոյին միանգամից երկու տեխնիկական պարտություն է սպառնում
«Լացիոն», հնարավոր է, Ա սերիայի շրջանակում պատժվի միանգամից երկու տեխնիկական պարտությամբ։ Խոսքը ներքին առաջնության 6-րդ և 7-րդ տուրերի հանդիպումների մասին է, որոնց շրջանակում «Լացիոն» համապատասխանաբար մրցել է «Տորինոյի» (4։3) և «Յուվենտուսի» (1։1) դեմ։
Բանն այն է, որ ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, հռոմեական ակումբը կասկածվում է Covid-19-ի կանոնակարգը խախտելու և ֆուտբոլիստների դրական թեստերը կեղծելու համար։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 2020 թվականի նոյեմբերից սկսած՝ հետաքննություն է ընթանում։ Հետաքննությունը նշանակվել է այն բանից հետո, երբ «արծիվների» ֆուտբոլիստների՝ Ա սերիայի և Չեմպիոնների լիգայի հանդիպումներից առաջ հանձնած թեստերի շրջանակում անհամաձայնություններ են եղել։
Հետաքննություն անցկացնող մարմինն արդեն ուսումնասիրել է Սալերնոյի լաբորատորիայի՝ 2020 թվականի հոկտեմբերի 27-ի և նոյեմբերի 3-ի անցկացրած թեստավորումները։
«Լացիոյի» ղեկավարությունը մեղադրում է այդ բժշկական հաստատությանը, որը ֆուտբոլիստների դրական թեստի պատասխանները չի փոխանցել տեղի քաղաքային առողջապահական մարմիններին։
Football Italia-ն գրում է նաև, որ ներկա պահին հռոմեական ակումբի գործը գտնվում է կարգապահական կոմպիտեի ձեռքում, որի կայացրած վճիռը կարող է շատ խիստ լինել «Լացիոյի» համար։
Ըստ հետազոտության արդյունքների՝ հնարավոր է՝ սահմանվեն տարբեր պատժամիջոցներ, այդ թվում՝ բացառված չէ, որ «Լացիոյի» անվան դիմաց տեխնիկական պարտություններ կգրանցվեն «Տորինոյի» և «Յուվենտուսի» դեմ խաղերում, որոնց շրջանակում «արծիվները» վաստակել էին 4 միավոր։
# Ա-սերիա, Լացիո, կորոնավիրուս, Յուվենտուս, Չեմպիոնների-լիգա, Տորինո