Անչելոտի. «Ակումբի պատմությունն օգնում է մեզ չհանձնվել»
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասախան խաղում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով լրացուցիչ ժամանակում հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»։
«Արքայական» ակումբն ընդհանուր դիմակայությունում հաղթեց 6:5 հաշվով` դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։
Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին.
«Չեմ կարող ասել, թե մենք սովոր ենք նման բաների, բայց այն, ինչ եղավ, արդեն պատահել էր նաև ՊՍԺ-ի և «Չելսիի» դեմ խաղերում։
Եթե հարցնեք, թե ինչպես է այս ամենը տեղի ունենում, ապա այս ակումբի պատմությունն օգնում է մեզ չհանձնվել, երբ թվում է, թե մենք արդեն դուրս ենք մնացել պայքարից։
Դիմակայության ելքը գրեթե կանխորոշված էր, բայց մեզ հաջողվեց գտնել վերջին ուժերը։ Մենք լավ հանդիպում անցկացրինք ուժեղ մրցակցի դեմ։
Երբ մեզ հաջողվեց հավասարեցնել ընդհանուր դիմակայության հաշիվը, հոգեբանական առավելություն ստացանք լրացուցիչ ժամանակում։
Մեզ ամեն ինչ դժվար էր տրվում, «Սիթին» վերահսկում էր խաղը, բայց վերջին պահին կարողացանք փոխել ամեն ինչ։
Ես ուրախ եմ, որ եզրափակչում խաղալու ենք մեկ այլ ուժեղ հակառակորդի դեմ: Մենք սովոր ենք դրան: Դա ֆանտաստիկ հանդիպում կլինի», – նշել է «Պապա Կառլոն», ում խոսքերը մեջբերում է BBC-ն։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչում միմյանց դեմ կմրցեն «Լիվերպուլն» ու «Ռեալ Մադրիդը»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կառլո Անչելոտի, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ