Ռեալը գերանհավանական comeback արեց Ման. Սիթիի դեմ խաղում` դուրս գալով ՉԼ եզրափակիչ🎥

Ռեալը գերանհավանական comeback արեց Ման. Սիթիի դեմ խաղում` դուրս գալով ՉԼ եզրափակիչ🎥

05/05/2022 - 01:35

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Ռեալ Մադրիդը» «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «քաղաքաբնակները» հաղթել էին 4:3 հաշվով։

Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա առաջին խաղակեսում հիմնականում պրագմատիկ և տակտիկական ֆուտբոլի ականատես եղանք։

«Ռեալը» փորձում էր տիրել նախաձեռնությանը` շեշտը դնելով եզրային գրոհների վրա, սակայն հարձակման եզրափակիչ հատվածում Կառլո Անչելոտիի թիմին չէր հերիքում դիպուկությունը։

«Սիթիի» գրոհներն ավելի վտանգավոր էին, որի ֆուտբոլիստները մի քանի անգամ սպառնացին Տիբո Կուրտուային, ով առաջին կեսում 4 անգամ փրկեց իր թիմին։

Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվով։

Երկրորդ կեսի հենց մեկնարկում հաշիվը կարող էր բացել Վինիսիուսը, սակայն վերջինս վրիպեց նպաստավոր դիրքից։

«Արքայական» ակումբը ժամանակ առ ժամանակ ակտիվանում էր, փորձում էր վտանգավոր պահեր ստեղծել, սակայն հյուրերը շատ գրագետ էին պաշտպանվում։

Ժամանակն անցնում էր, սակայն տանտերերի վտանգավոր պահերը չէին հասունանում. Պեպ Գվարդիոլայի թիմն անչափ գրագետ էր «սառեցնում» խաղը։

73-րդ րոպեին մանկունյական ակումբը, կարելի է ասել, երկրորդ կեսում իր առաջին իսկ վտանգավոր գրոհը վերածեց գոլի. աչքի ընկավ Ռիայդ Մարեզն ու բացեց խաղի հաշիվը։

Թվում էր` վերջ. «Ռեալն» այլևս չի կարող ուշքի գալ, սակայն ընդամենը մեկ րոպեի ընթացքում «արքայական» ակումբը գլխիվայր շրջեց ամեն ինչ` ոչ միայն հավասարեցնելով, այլև առաջ անցնելով հաշվի մեջ։

Հերոսացավ փոխարինման դուրս եկած Ռոդրիգո Գոյեսը, ով աչքի ընկավ 90-րդ ու 90+1-րդ րոպեներին` դառնալով դուբլի հեղինակ։

Հիմնական ժամանակն ավարտվեց մադրիդյան ակումբի հաղթանակով` 2:1 հաշվով։

Ընդհանուր դիմակայությունում հաշիվը դարձավ 5:5, իսկ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

Նոր-նոր էր մեկնարկել լրացուցիչ ժամանակը, երբ 93-րդ րոպեին Ռուբեն Դիաշը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Կարիմ Բենզեմայի նկատմամբ, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար Դանիելե Օրսատոն 11-մետրանոց նշանակեց «Ռեալի» օգտին։

Գնդակին մոտեցավ հենց խ Բենզեման, ով հաշիվը դարձրեց 3:1 ու այս դիմակայությունում առաջին անգամ առաջ մղեց «արքայական» ակումբին։

Բաց թողած երրորդ գոլից հետո հյուրերը նետվեցին առաջ` փրկելու հանդիպումը։

105+2-րդ րոպեին «Սիթին» կարող էր կրճատել հաշվի տարբերությունը, սակայն Ֆերնանդինիոն վրիպեց անհավանական դիրքից։

Լրացուցիչ առաջին խաղակեսում այլևս գոլեր չգրանցվեցին։

Լրացուցիչ երկրորդ խաղակեսում էլ «Սիթին» տիրում էր գնդակին ավելի շատ, սակայն տանտերը շատ գրագետ էին պաշտպանվում` հնարավորության դեպքում էլ գցելով հանդիպման տեմպը։

Ի վերջո, «Ռեալ Մադրիդը» գերանհավանական սցենարով ընթացած խաղում հաղթեց 3:1, իսկ ընդհանուր` 6:5 հաշվով` դուրս գալով Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։

Այսպիսով, Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչում մայիսի 28-ին` Փարիզի «Ստատդ դե Ֆրանս» մարզադաշտում միմյանց դեմ կմրցեն «Ռեալ Մադրիդն» ու «Լիվերպուլը»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023