Անգլիայում տոներին էլ են ֆուտբոլ խաղում․ մեկնարկում է Boxing day-ը

Անգլիայում տոներին էլ են ֆուտբոլ խաղում․ մեկնարկում է Boxing day-ը

26/12/2019 - 13:29

Անգլիական Պրեմիեր լիգան հատում է հասակարածը։ Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ԱՊԼ-ի շրջանակում մեկնարկում է 19-րդ տուրը։ Սովորության համաձայն՝ Մեծ Բրիտանիայում ամանորյա օրերին նույնպես խաղում են ֆուտբոլ՝ երկրպագուներին պարգևելով իսկական տոն։ Boxing day-ը թոփ առաջնությունների իսկական զարդն է։ Իսկ թե ինչ հանդիպումներ են այս տուրից արժանի ուշադրության կծանոթանանք միասին։

«Բորնմութ» – «Արսենալ» 26․12, 19։00

Միկել Արտետայի առաջին խաղը՝ որպես «զինագործների» գլխավոր մարզիչ։ Սեփական հարկի տակ ոչ այնքան վստահ հանդես եկող «Բորնմութը», կփորձի միավորներ խլել «Արսենալից»։ Սակայն, Միկել Արտետայի սաների համար շատ հարմար մրցակից է հաղթելու և իսպանացի մասնագետին իսկական նվեր մատուցելու համար։ Բայց, նդիրը կայանում է նրանում, որ շատ թիմեր անգլիական թիմերը մրցաշրջանի այս հատվածումորոշակի առումով ուժերը խնայելով են հանդես գալիս, քանի որ հաջորդ հանդիպումն անց են կացնելու արդեն 2-3 օր անց։ Բայց եթե «Արսենալը» ցանկանում է հաջորդ մրցաշրջանում խաղալ որևէ եվրագավաթում, այսօր պարտավոր է հաղթել։ Այսօր ենթադրաբար կգործի նոր մարզիչ-նոր հաղթանակ սկզբունքը։ Արտետան պետք է նոր իմպուլս հաղորդի թիմին։

Նշանակելով Միկել Արտետային՝ «Արսենալի» ղեկավարները կրկին շատ մեծ ռիսկի գնացին, քանի որ իսպանացի մասնագետը երբեք որևէ թիմ չի մարզել, միայն 2 մրցաշրջան աշխատել է որպես Պեպ Գվարդիոլայի օգնական։ Սակայն, դա էլ կարող է բավարար լինել, որպեսզի թիմը լուրջ հաջողություններ գրանցի։ Ու ակնհայտ է, որ Արտետան փորձելու է կրկնօրինակել Գվարդիոլայի խաղային մոդելը։

Կանխատեսում՝ «Արսենալի» հաղթանակ

«Լեսթեր» – «Լիվերպուլ» 26․12, 23։55, «Հ2» ՀԸ

Տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Քինգ Փաուեր» մարզադաշտում կմրցեն առաջնության առաջատարները։ «Լիվերպուլը» աշխարհի ակումբային չեմպիոն դառանալուց հետո, կանցկացնի առաջին հանդիպումը։ Եթե «Լեսթերը» ցանկանում է խառնվել չեմպիոնական պայքարին, ապա այսօր երեկոյան պարտավոր է հաղթանակ տանել, քանի որ եթե խաղն ավարտվի թեկուզ ոչ-ոքի և պահպանվի միավորների նույն տարբերությունը, որը կազմում է 10 միավոր, ապա շատ բարդ կլինի հետագայում հետ բերել կորցրածը։

Ակնհայտ է, որ «Լեսթերը» այս մրցաշրջանում մեկ գլուխ բարձր է մյուս միջակ թիմերից, սակայն Բրենդան Ռոջերսի սաները դեռևս պատրաստ չեն պայքարել չեմպիոնական տիտղոսի համար, քանի որ «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթն» մյուս թիմերից այնքան են պոկվել, որ դժվար կլինի այս երկուսին կանգնեցնել։ Պարզապես այս մրցաշրջանում Պեպ Գվարդիոլայի սաները շատ միավորներ կորցրին այնտեղ, որտեղ չպետք է կորցնեին։ Այն, որ «Լեսթերը» դեռևս պատրաստ չէ պայքարել չեմպիոնության համար համոզվեցինք նախորդ տուրում, երբ «Սիթին» սեփական հարկի տակ պարզապես որևէ շանս չտվեց մրցակցին, իսկ Ռիյադ Մարեզը բառի բուն իմաստով կասկածի տակ դրեց «Լեսթերի» անխոցելի պաշտպանությունը՝ առնվազն 3-4 անգամ անհատական անցումից հետո սպառնալով մրցակցի դարպասապահին։

Այսօր «Լեսթերն» այս մրցաշրջանում առաջին անգամ սեփական պատերի ներքո կմրցի առաջատարներից մեկի հետ։ Հյուրընկալվելիս Ռոջերսի սաները պարտվել են թե՛ «Լիվերին» և թե՛ «Սիթիին»։ Սակայն, սեփական հարկի տակ լրիվ այլ պատմություն է։ Հետաքրքիր հանդիպում է սպասվում, որը մի փոքր անկախատեսելի կարող է լինել, քանի որ «Լեսթերին» սեփական հարկի տակ չենք տեսել հզոր մրցակցի դեմ խաղալիս։ Այսօր « Լիվերի» համար էմոցիոնալ առումով բավականին դժվար հանդիպում է սպասվում, քանի որ դժվար է տրամադրվել, երբ դու մի քանի օր առաջ պաշտոնապես դարձել ես 2019 թվականի լավագույն ակումբ։ Սակայն, եթե ցանկանում ես դառնալ չեմպիոն, պարտավոր ես բոլոր խաղերին մոտենալ ինչպես եզրափակչի։

Կանխատեսում՝ ոչ-ոքի

«Վուլվերհեմպտոն» – «Մանչեսթեր Սիթին» 27․12, 23։45, «Հ2» ՀԸ

Տուրի մյուս կենտրոնական հանդիպումը կկայանա «Վուլվերհեմպտոնի» «Մոլինյու» մարզադաշտում, որտեղ Նունու Էսպիրինտու Սանտուի սաները կընդունեն «Մանչեսթ Սիթիին»։ «Վուլվերհեմպտոնի» հաջողությունները արդեն վաղուց չեն զարմացնում երկրպագուներին։ Ընթացիկ մրցաշրջանը Նունի սաները սկսել էին ոչ այնքան հաջող, սակայն հետագայում օգտվեցին մրցակիցների սխալներից, քիչ-քիչ հայտնվեցին այնտեղ, որտեղ պիտի լինեին։ Նրանց մի փոքր չի հերիքում ՉԼ գոտում հայտնվելու համար, սակայն եթե «Չելսին» շարունակի միավրոներ բաժանել, ապա «Վուլվզը» հիանալի հնարավորություն ունի պատմություն կերտելու։

Այս մրցաշրջանում «Վուլվզն» արդեն հաղթել է «Սիթիին» և սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ «գայլերը» թոփերի դեմ գերմոտիվացված են հանդես գալիս։ Ավելին՝ «Վուլվզը» ամենից հաջող հանդես է գալիս հենց Գվարդիոլայի թիմի դեմ։ Գվարդիոլայի օրոք «Սիթին» 5 անգամ տարբեր մրցաշարերի շրջանակում հանդիպել է «Վուլվերհեմպտոնին», սակայն ընդամենը մեկ անգամ է հաջողվել 90 րոպեի ընթացքում հաղթանակ տանել, ինչը Նունի սաներին տալիս է որոշակի վստահություն։

«Սիթին» կարծես թե հաղթահարել է նոյեմբեր ամսվա խաղային ճգնաժամը։ Հենց այդ ամիսվսա կորցրած միավորների պատճառով Պեպի սաները չեմպիոնական պայքարում արդեն հայտնվել են անհույս վիճակում՝ 11 միավորով զիջելով «Լիվերպուլին», որը նաև մեկ խաղ պակաս է անցկացրել։ Իսկ այս արտագնա հանդիպումը բավականին դժվար է ստացվելու։ Սակայն, «քաղաքաբնակները» վերջին 4 հանդիպումներում բավականին վստահ տեսք ունեին հատկապես «Լեսթերի» դեմ խաղում։ Մրցաշրջանի գարնանային հատվածում սպասվում է ավելի ուժեղ «Սիթի», քանի որ մի շարք առաջատարներ կրկին շարք կվերադառնան։

Կանխատեսում՝ ոչ-ոքի

Այս տուրի շրջանակում կկայանա ևս 7 հանդիպում․

«Տոտենհեմ» – «Բրայթոն» 26․12, 16։30

«Աստոն Վիլլա» – «Նորվիչ» 26․12, 19։00

«Քրիստալ Փելես» – «Վեսթ Հեմ» 26․12, 19։00

«Չելսի» – «Սաութհեմպտոն» 26․12, 19։00

«Շեֆիլդ Յունայթեդ» – «Վոթֆորդ» 26․12, 19։00

«Էվերտոն» – «Բյորնլի» 26․12, 19։00

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Նյուքասլ» 26․12, 21։30

Միքայել Մելիքբեկյան

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023