Անգլիական գրանդ ակումբները հետաքրքրված են Յոշկո Գվարդիոլի ծառայություններով
«Լայպցիգի» և Խորվաթիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Յոշկո Գվարդիոլը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը:
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 21-ամյա պաշտպանին իրենց շարքերում են ցանկանում տեսնել «Մանչեսթեր Սիթին», «Չելսին» և «Լիվերպուլը»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին մի քանի ամիսներին «Լիվերպուլի» սկաուտները բազմիցս ներկա են եղել «ցլերի» հանդիպումներին՝ հետևելու Գվարդիոլի խաղին, իսկ «Չելսին» դեռ 2022 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ շատ մոտ էր նրան գնելուն, սակայն գործարքն ինչ-ինչ պատճառներով չկայացավ:
Հատկանշական է, որ խորվաթ ֆուտբոլիստը վերջերս The Times-ին տված հարցազրույցի ժամանակ հաստատել է, որ ցանկանում է կարիերան շարունակել անգլիական Պրեմիեր լիգայում:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում կայացած «Լայպցիգ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումից հետո (1:1) «ցլերի» գլխավոր մարզիչ Մարկո Ռոզեն անդրադարձել է Գվարդիոլի այդ հարցազրույցին.
«Հաջորդ մրցաշրջանում Յոշկո Գվարդիոլը կշարունակի հանդես գալ «Լայպցիգի» կազմում: Ես նրա մարզիչն եմ և խնդրում եմ նրան մնալ այստեղ: Նա երջանիկ է մեզ հետ: Նա ասել է, որ ցանկանում է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում, սակայն չի ասել, թե երբ»,- Ռոզեի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:
Նշենք, որ վերոնշյալ խաղում գերմանական ակումբի միակ գոլը խփել է հենց 21-ամյա պաշտպանը:
Հավելենք՝ «Լայպցիգը» ցանկանում է, որ Յոշկո Գվարդիոլը դառնա ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք պաշտպանը, ինչի համար ակումբները նրա դիմաց «ցլերին» ստիպված կլինեն վճարել 87 մլն եվրոյից ավելի գումար. հենց այդքան է 2019 թ. ամռանը «Մանչեսթեր Յունայթեդը» վճարել «Լեսթերին» Հարի Մագուայերի գործարքի դիմաց, ինչը մինչ օրս ռեկորդային տրանսֆեր է կենտրոնական պաշտպանների շրջանակում:
Վերջում ավելացնենք, որ Յոշկո Գվարդիոլը «Լայպցիգի» շարքերը համալրել է 2021 թ. հուլիսին, որի կազմում մինչ օրս անցկացրել է 73 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am