Անատամ Անգլիայի հավաքական!!! Շոտլանդիան միավորներ խլեց «երեք առյուծներից»🎥

Անատամ Անգլիայի հավաքական!!! Շոտլանդիան միավորներ խլեց «երեք առյուծներից»🎥

19/06/2021 - 00:47

Եվրո-2020-ի D խմբի շրջանակում Անգլիայի հավաքականը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում մրցեց Շոտլանդիայի հավաքականի դեմ։

Հանդիպման առաջին խաղակեսում, ճիշտ է, անգլիացիներն ունեին տարածքային և խաղային որոշակի առավելություն, սակայն վտանգավոր ու գոլային պահերով Շոտլանդիայի հավաքականը միանշանակ չէր զիջում ավելի զորեղ մրցակցին։

Առաջին իրական գոլային պահը ստեղծեցին Գարեթ Սաութգեյթի սաները, ովքեր 11-րդ րոպեին կարող էին բացել խաղի հաշվը, սակայն անկյունայինի խաղարկումից հետո Ջոն Սթոունզի գլխով կատարած հարվածից հետո հյուրերին փրկեց դարպասաձողը։

Շոտլանդացիներն իրենց իրական գոլային պահով պատասխանեցին 30-րդ րոպեին, երբ հարվածային դիրքում էր Ստեֆեն Օ’Դոնելը, սակայն նրա հարվածից հետո փայլեց «երեք առյուծների» դարպասպահ Ջորդան Պիկֆորդը։

Ամեն դեպքում, առաջին կեսում գոլեր չտեսանք։

Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում էլ տանտերերը կարող էին բացել խաղի հաշիվը, սակայն 48-րդ րոպեին Մեյսոն Մաունթի հարվածից հետո Շոտլանդիայի հավաքականին փրկեց դարպասպահ Դևիդ Մարշալը։

63-րդ րոպեին Սթիվ Կլարկի սաներն ստեղծեցին այս խաղի ամենառեալ գոլային պահը. անկյունայինի խաղարկումից հետո հարվածային դիրքում հայտնվեց Լինդոն Դայքսը, սակայն նրա հարվածից հետք Ռիս Ջեյմսը գնդակը հեռացրեց դատարկ դարպասից։

Այդ դրվագից երկու հավաքականների մարզիչներն էլ մի շարք փոփոխություններ կատարեցին` փորձելով բեկել այս հանդիպման ընթացքը, սակայն կողմերին չէր բավականացնում դիպուկությունը, իսկ գրոհներն այնքան էլ սուր չէին։

Հանդիպումը մոտենում էր ավարտին, սակայն երկու հավաքականներն այդպես էլ չէին կարողանում գտնել մրցակցի դարպասը տանող ճանապարհը։

Ի վերջո, այս խաղում գոլեր չտեսանք և գրանցվեց 0:0 հաշիվը։

Այս խմբում կայացել է նաև Խորվաթիա – Չեխիա հանդիպումը, որի շրջանակում էլ գրանցվել է 1:1 հաշիվը։

Երկրորդ տուրից հետո D խումբն ստացավ հետևյալ տեսքը.

  1. Չեխիա – 4 միավոր
  2. Անգլիա – 4 միավոր
  3. Խորվաթիա – 1 միավոր
  4. Շոտլանդիա – 1 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023