Աղբյուր․ «Հարոյանը չի տեղափոխվել հունական ակումբ և մեկնել է ռազմաճակատ»

Աղբյուր․ «Հարոյանը չի տեղափոխվել հունական ակումբ և մեկնել է ռազմաճակատ»

02/10/2020 - 15:58

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարզադատ Հարոյանը, ով վերջերս է հեռացել ռուսական «Ուրալից», մոտ է եղել հունական Սուպերլիգան «Լարիսա» տեղափոխվելուն, սակայն գործարքը չի կայացել սեպտեմբերի 27-ից արցախա-ադրբեջանական ողջ երկայնքով սկսված ռազմական գործողությունների պատճառով։ Այդ մասին հունական ակումբին պաշտոնապես հայտնել է հայազգի ֆուտբոլիստի գործակալ Դավիթ Ազինը․

«Այս պահին Հայաստանում ռազմական դրություն է, այդ պատճառով էլ Վարազդատ Հարոյանը չի կարող մեկնել Եվրոպա։

Ցավում եմ, սակայն Հայաստանում այս պահին շատ ծանր վիճակ է։ Մենք ոչ պաշտոնական պատերազմ ենք վարում Թուրքիայի դեմ, որն իր զորքերը տեղափոխել է Ադրբեջանի տարածք և չենք կարող գուշակել այս մեծ պատերազմի ելքը։

Ձեզ հետ անչափ հաճելի էր աշխատելը։ Հուսով ենք՝ պատերազմը շուտով կավարտվի և ամեն ինչ իր տեղը կընկնի։ Աստված օգնական բոլորիս»,- նշվում է գործակալի ուղարկած հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է «Լարիսայի» պաշտոնական կայքում։

Իսկ ինչպես տեղեկացնում է հունական ակումբի պաշտոնական կայքը, Հայաստանում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք, ինչն էլ պատճառ է դարձել, որպեսզի Հարոյանի տրանսֆերը չկայանա։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 28-ամյա հայ ֆուտբոլիստն արդեն մեկնել է ռազմաճակատ։

Հարոյանի՝ Արցախում գտնվելու փաստը հաստատում են նաև մի շարք իսպանական պաբերականներ․

«Հայաստանի ազգային հավաքականի ավագը՝ Վարազդատ Հարոյանը մի կողում է թողել ֆուտբոլը և մեկնել է պատերազմ։

Հայաստանն ու Ադրբեջանը ներկա պահին թեժ մարտեր են վարում, իսկ ԵՄ-ն ու Ռուսաստանը պահանջում են դադարեցնել կրակը։ Հայաստանն իր հերթին բանակն ամրապնդելու նպատակով զորահավաք է անցկացնում մինչև 40 տարեկան տղամարդկանց շրջանակում։

Վարազդատ Հարոյանը 3 տարի անցկացրել է «Ուրալում», իսկ վերջերս մոտ է եղել հունական «Լարիսա» տեղափոխվելուն․ 28-ամյա ֆուտբոլիստին մնացել էր միայն ստորագրել պայմանագիրը և միանալ նոր ակումբին, սակայն հունական ակումբը Հարոյանի գործակալից նամակ է ստացել, որտեղ նա բացատրում է ստեղծված իրավիճակը և նշում, որ ֆուտբոլիստը հայրենիքին պաշտպանելու որոշում է կայացրել»,- գրում է Marca-ն։

Վերջերս նմանատիպ հոդված էր հրապարակվել նաև AS պարբերականում։

Անձամբ ֆուտբոլիստը հերքել է այն հանգամանքը, որ ներկա պահին գտնվում է ռազմաճակատում․

«Այն լուրերը, որ ես գտնվում եմ ռազմական գոտում, ճիշտ չէ։ Ես ներկա պահին Ռուսաստանում եմ, սակայն շուտով պատրաստվում եմ մեկնել Հայաստան։

Միայն կարող եմ ասել, որ ինչպես ցանկացած Հայաստանի քաղաքացի, այնպես էլ ես, օգնում եմ իմ հայրենիքին։

Հիմա Հայաստանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստներով դրամահավաք ենք անցկացնում, որի ողջ հասույթն ուղղվելու է Հայաստանում պատերազմից տուժած բոլոր կարիքավոր ընտանիքներին։ Այսօր ցանկացած հայ պետք է օգնի նրանց, ում կարող է»,- նշել է Հարոյանը sport24-ին տված հարցազրույցի ժամանակ։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023