ԱԱ-2022-ի մեկնարկի օրը, հնարավոր է, փոխվի

ԱԱ-2022-ի մեկնարկի օրը, հնարավոր է, փոխվի

11/08/2022 - 11:30

Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունը, հնարավոր է, մեկնարկի նախատեսվածից մեկ օր շուտ։

The Athletic-ը գրում է, որ ՖԻՖԱ-ն, ամենայն հավանականությամբ, կփոխի մրցաշարի մեկնարկի ամսաթիվը, որպեսզի բացման խաղում հանդես գա աշխարհի առաջնությունը հյուրընկալող երկիրը` Քաթարը։

Մրցաշարի մեկնարկի ամսաթիվը փոխելու որոշումը պետք է հաստատի ՖԻՖԱ-ի խորհրդի բյուրոն, որի կազմ ընդգրկված են կազմակերպության նախագահ Ջանի Ինֆանտինոն, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի, Հարավային Ամերիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի (ԿՈՆՄԵԲՈԼ), Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի, Կարիբյան ավազանի երկրների ֆուտբոլային կոնֆեդերացիայի (ԿՈՆԿԱԿԱՖ), Աֆրիկյան ֆուտբոլային կոնֆեդերացիայի, Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիայի և Օվկիանիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի ղեկավարները։

Սպասվում է, որ այդ գաղափարը հավանության կարժանանա, ինչից հետո աշխարհի առաջնությունը կմեկնարկի ոչ թե նոյեմբերի 21-ին, այլ` 20-ին։

Հիշեցնենք, որ, ըստ նախապես հաստատված խաղացանկի, ԱԱ-ն մեկնարկելու է նոյեմբերի 21-ին, իսկ բացման խաղում միմյանց դեմ են մրցելու Սենեգալի և Հոլանդիայի հավաքականները, որի մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 14:00-ին։

Քաթարի հավաքականն իր առաջին հանդիպումն անցկացնելու է նույն օրը` 20:00-ից սկսած` մրցելով Էկվադորի դեմ։

հաղորդվում է, որ եթե Քաթարի հանդիպումը կայանա ոչ թե 20:00-ին, այլ 14:00-ին, ապա Էկվադորում այդ պահին լինելու է առավոտյան 5:00-ն, այդ պատճառով էլ նախապես հաստատված խաղացանկում այդ խաղը տեղափոխվել է ավելի ուշ, քանի որ ՖԻՖԱ-ն չի ցանկացել կորցնել Հարավային Ամերիկայի մեծությամբ վեցերորդ երկրի (20 մլն բնակչություն) դիտողունակությունը։

Բացի դրանից, ՖԻՖԱ-ն աշխարհի առաջնության մեկնարկի օրվա և բացման հանդիպման փոփոխության վերաբերյալ ցանկանում է հիմնվել նաև այն հանգամանքի վրա, որ սկսած ԱԱ-2006-ից, մրցաշարի բացման խաղում մշտապես հանդես է եկել մրցաշարն ընդունող երկրի հավաքականը։

Վերջում հավելենք` աղբյուրի փոխանցմամբ, ՖԻՖԱ-ի` աշխարհի առաջնության մեկնարկային օրվա և բացման հանդիպման փոփոխության հարցում, հնարավոր է, ազդեցություն է ունեցել նաև անձամբ Քաթարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի խնդրանքը, ով ցանկանում է Քաթարի հանդիպումից առաջ մեծ հրավառություն կազմակերպել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023