ԱԱ-2022. Աներևակայելի 1/4 եզրափակիչների վերլուծությունը

ԱԱ-2022. Աներևակայելի 1/4 եզրափակիչների վերլուծությունը

13/12/2022 - 17:59

ԱԱ-2022-ը շարունակում է լինել մեր օրվա բաղկացուցիչ մասը։ Քառորդ եզրափակիչ հանդիպումները դարձան վերջին օրերի ամենաքննարկվող թեմանները։ Եղան և՛ անակնկալներ, և՛ սպասվող հաղթանակներ։ Սակայն, դրանց մասին խոսելն ու վերլուծելը ևս կարևոր է։

Խորվաթիա 1:1 (11 մ – 4:2) Բրազիլիա

Բրազիլիան խաղին մոտենում էր ֆավորիտի կարգավիճակով, ինչը դարձավ Խորվաթիայի հաղթաթուղթը։

Եկեք կենտրոնանանք Բրազիլիայի խաղի վրա, մասնավորապես, գնդակին տիրելու սկզբնական փուլում: «Պենտակամպիոններն» այս խաղում մի փոքր քիչ գնդակին տիրեցին (48%), քան Խորվաթիան (52%) և ավելի քիչ փոխանցումներ կատարեցին (659`88,2% ճշգրտությամբ), քան մրցակիցները (679`-88,37% ճշգրտությամբ)։

Շատ կարևոր է նշել նաև, որ նրանք ավելի քիչ առաջ փոխանցումներ են կատարել, քան Խորվաթիան (203`Բրազիլիա, 234` Խորվաթիա):


Բրազիլիան սովորաբար մի փոքր ավելի զգույշ էր գնդակի հարցում, նրանք այդքան հաճախ չէին խաղում գնդակով և փորձում էին մի փոքր ավելի համբերատար լինել, որպեսզի հստակ բացեր ստեղծեն՝ հակառակորդի պաշտպանական առաջին շերտը հաղթահարելու և հեշտ առաջ շարժվելու համար։

Բրազիլիան գրոհն սկսում էր Կազեմիրոյի միջոցով, ով այն կառուցում էր երկու կենտրոնական պաշտպանների հետ։ Լուկաս Պակետայի դիրքին ուշադրություն դարձրեք․ նա մրցակցին քաշում էր ներքև, որպեսզի ազատ տարածություն ստեղծի հարձակման գծի խաղընկերների համար։

Մրցակիցը կարող էր ագրեսիվ կերպով պաշտպանվել՝ պրեսինգի ենթարկելով Կազեմիրոյին, բայց կախված նրանից, թե որքան խորքից է սկսում գրոհը «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը։ Բարձր և անհատական պրեսինգը Բրազիլիայի համար կարող էր դառնալ հաղթանակի գրավական, սակայն Խորվաթիան պահպանում էր կոմպակտ, և կազմակերպված պաշտպանությունը։

Եվ հետո Խորվաթիայի ֆուտբոլիստները այնքան արագ չեն, որքան Վինիսիուսը, Ռաֆինյան, Նեյմարը և շատ այլ բրազիլացիներ։


Զլատկո Դալիչի թիմն ավելի ցածր պաշտպանական գիծ էր կառուցել, ինչը մեծ մասամբ թույլ էր տալիս Բրազիլիային գրոհն սկսել իրենց կիսադաշտից նախքան մեծ ճնշում գործադրելը: Չնայած սրան՝ «պենտակամպեոնները» կարողանում էին եզրերոով ճեղքումներ անել։

Մենք հաճախ տեսնում էինք Նեյմարին կամ եզրային խաղացողներին, ովքեր գնդակը ստանում էին դաշտի կենտրոնական հատվածում և փորձում էին գտնել Ռիշարլիսոնին, ով հնարավորություն չէր ունենում հաճախ՝ գնդակով շրջվելու։ Նա փորձում էր գնդակը «դնել» խաղընկերների ոտքին։
Խորվաթիայի պաշտպանությունը ֆանտաստիկ էր ամբողջ խաղի ընթացքում։ Բոլոր խաղացողները պետք է պաշտպանվեին մեծ նվիրվածությամբ և էներգիայով՝ որպես թիմ, և նրանք հասան իրենց նպատակին։ Հարձակվողները պետք է հետևեին և օգնեին խաղընկերներին, հատկապես, հենակետային հատվածում, որտեղից հնարավոր էին հեռահար հարվածներ։ Սա հրաշալի ստացվեց, որովհետև հեռահար հարվածներ գրեթե չեղան Բրազիլիայի կողմից։


Դալիչը շատ ավելի ուրախ էր, որ իր թիմը երկար ժամանակ խաղաց գնդակով: Դա հանգեցրեց նրան, որ Խորվաթիան կատարեց 65 հեռահար փոխանցում (70,77%` ճշգրտությամբ), իսկ Բրազիլիան՝ 27 (37,04%` ճշգրտությամբ):

Ակնհայտ էր, որ երկար փոխանցումները Խորվաթիայի խաղային պլանի առանցքային մասն էին կազմում, և այս մարտավարությունը օգտագործում էր իր պաշտպանների ու Լուկա Մոդրիչի շնորհիվ․ վերջինս իջնում էր ներքև և այդտեղից էր փորձում ինչ-որ բան կազմակերպել։

Դալիչը շատ էր ուզում խաղալ հենց եզրերում, որտեղ Բրազիլիայի դեմ կարող էին քանակական առավելություն ստանալ, քանի որ եզրային հարձակվողները շատ չէին նահանջում։


Երկու թիմերն էլ ցուցադրեցին մի քանի հետաքրքիր գաղափարներ, բայց, ի վերջո, դրանք խափանվեցին երկու կողմերի ամուր պաշտպանության շնորհիվ կամ պատճառով: Ոչ-ոքին, հավանաբար, արդար արդյունք էր 120 րոպեի ընթացքում, քանի որ կողմերից ոչ մեկը բավականաչափ լավ խաղ ցույց չտվեց, ուստի 11-մետրանոցները հաջողություն բերեցին Խորվաթիային։

Ակնհայտ է, որ 11-մետրանոց հարվածները դարձել են «շախմատայինների» ակնհայտ հաղթաթուղթն ու առավելությունը։

Արգենտինա 2:2 (11 մ – 4:3) Նիդեռլանդներ

ԱԱ-2022-ի մեկնարկային խաղում Սաուդյան Արաբիայից կրած պարտությունից հետո (1:2) Արգենտինան մի փոքր փոխել է իր գաղափարներն ու սկզբունքները գնդակով լինելու ժամանակ։ «Ալբիսելեստեն» ավելի դիրքային թիմ է դարձել, բայց Լիոնել Սկալոնիի հաջողության գրավականն այս մրցաշարում շատ կապված է եղել եզրային խաղացողներին՝ Նահուել Մոլինայից և Մարկոս Ակունիայից։


Նիդեռլանդները շատ ամուր թիմ է, որն ավելի քան հզոր է պաշտպանությունում, ինչպես նրանք ցույց էին տվել իրենց ճկուն հնգյակով, որը խաղի ընթացքում բազմաթիվ անգամ փոխում էր եռյակի կամ քառյակի:

Սակայն, եզրային պաշտպանների առկայությանը համարժեք, Սկալոնիին ցույց տվեց հոլանդացիների թույլ կողմերը։

Այսպես «ալբիսելեստեն» հնաավորություն ունեցավ ոչ միայն եզրում խաղացողների շնորհիվ երկայնքով գործել, այլև շատ հաճախ 3-ը 2-ի քանակական առավելություն էին ստանում։ Հետագայում, չափազանց կարևոր էին Մոլինայի դիրքն ու դերը աջ, իսկ Մարկոս ​​Ակունիան՝ ձախ եզրում, այն էլ այն բանից հետո, երբ թիմը հաշվի մեջ առաջ անցավ։


Սպասելի էր, որ ֆիզիկական տեսանկյունից ծանրաբեռնված խաղ էր լինելու, ինչպես 90 րոպեների ընթացքում, այնպես էլ լրացուցիչ ժամանակում։

Գնդակով Արգենտինան փորձում էր խաղալ շատ շարժուն 3-5-2 մարտավարությամբ։ Այսպես դաշտի միջին գիծը Արգենտինան էր տնօրինում՝ Ռոդրիգո Դե Պոլի, Էնցո Ֆերնանդեսի, Ալեքսիս Մաքալիսթերի և Լիոնել Մեսսիի ներկայությամբ։

Արգենտինան ձգտում էր շատ խաղալ կիսաեզրերում և կենտրոնական մասում, քանի որ նրանք ունեն գնդակը վերահսկելու և փոխանցելու մեծ ունակությամբ խաղացողներ, ովքեր որոշիչ են փոքր տարածություններում խաղալու, ինչի շնորհիվ էլ եզրային խաղացողները ազատություն էին ստանում. Մեսսին իր հետևից տանում էր երեք խաղացող, բայց միևնույն է նա կարողանում էր առաջ փոխանցում կատարել, ինչը խնդիրներ էր ստեղծում: Նա իրեն հետապնդող հոլանդացի ֆուտբոլիստներին տեղափոխում էր դաշտի մի կողմ՝ ազատություն տալով մյուս կողմի եզրային խաղացողին։

Գոլի դրվագը ևս հատկանշական է։ Այստեղ Մեսսին գնդակով շարժվեց առաջ, իսկ Մոլինան, ով պետք է արագանար՝ իր հետ ֆուտբոլիստ «փախցնելու» համար, նա չարեց, ինչը մի փոքր շոկային էր հոլանդացիների համար, բայց Մեսսին այդ պահին շքեղ փոխանցում կատարեց Մոլինային, ով գրավեց դարպասը։

11-մետրանոցի դրվագը ևս պետք է հիշատակել։ Կենտրոնում «ալբիսելեստեն» ծանրաբեռնեց մրցակցին, հետո փոխանցեց եզր, որտեղ Ակունիայի նկատմամբ կանոնների խախտում թույլ տվեցին։ Նշանակվեց 11-մետրանոց, որն էլ իրացրեց Լեո Մեսսին։


Այնուամենայնիվ, Արգենտինայի թույլ կողմերից մեկը շարունակում է երևալ հանդիպման ընթացքում։

Ռոդրիգո դե Պոլը այն ֆուտբոլիստներից է, ովքեր ամենից շատ են տուժել դրանից, ով ստիպված է եղել անընդհատ շարժումներ կատարել վեր ու վար, որպեսզի գնդակ ստանա, սակայն այն չի լինում։ Արգենտինան փորձում է գնդակով միանգամից սրող փոխանցումներ կատարել, որը չի ստացվում, իսկ ֆուտբոլիստները չեն կարողանում ազատվել մրցակիցներից շատ արագ։

Հոլանդիան անընդհատ ռոտացիոն շարժումներ էր անում, ինչը կարող էր վնաս հասցնել Արգենտինայի պրեսինգի առաջին ճնշման ժամանակ։ Երբ մրցակիցը փորձում էր գտնել ազատ խաղընկերոջ գրոհի սկզբնական մասում Ռոդրիգո դե Պոլը սովորաբար հետապնդում էր նրանց, որպեսզի թույլ չտա նրանց ամբողջությամբ շրջվել։ Կիսապաշտպաններից մեկն էլ միշտ միանում էր Խուլիան Ալվարեսի և Մեսսիի շարքին՝ պրեսինգ կատարելու համար։ Խաղի վերջում Նիդեռլանդները սկսեցին բարձրից փոխանցումները իրացնել։ Վաութ Վեգորստի երկու հիանալի գոլերը ապացուցեցին Լուի վան Գալի իրավացիությունը:

Այնուամենայնիվ, չնայած Սկալոնիի թիմը գոլ բաց թողեց 90+11 րոպեին,հոլանդացիները արգենտինացիներին զիջեցին ֆիզիկապես հաջորդ 30 րոպեներին։ Լրացուցիչ ժամանակի երկրորդ կեսում Դի Մարիայի մուտքը արժեքավոր էր․ նա իր արագությամբ անախորժություն դարձավ մրցակցի համար, սակայն Արգենտինան կարողացավ հաղթել այս ծանր մրցավեճը միայն 11-մետրանոցներով։

Մարոկկո 1:0 Պորտուգալիա

Մարոկկոյի հավաքականը Իսպանիայի դեմ սենսացիոն հաղթանակից հետո պատրաստվում էր մի նոր անակնալի, որը մի փոքր ուշ տեղի ունեցավ։

Մարոկկոն Պորտուգալիայի դեմ խաղն սկսել էր 4-1-4-1 մարտավարությամբ, սակայն պաշտպանվելիս միայն Յուսեֆ Էն-Նեսիրին էր մնում որպես պաշտպանության առաջին շերտի ֆուտբոլիստ։ Նրա գործառույթը այլ էր։

Էն-Նեսիրին փակում էր Ռուբեն Նևեշին, և պորտուգալացի պաշտպանները գրոհը չէին կարողանուոմ սկսել նրա շնորհիվ։ Էն-Նեսիրին անհատապես հսկում էր նրան գրոհի սկզբնական մասում։

Բրունո Ֆերնանդեշը այս ամենից հետո սկսեց նահանջել ու գրոհն սկսել, իսկ այս դեպքում Ռուբեն Նևեշը դարձավ առավելություն, ով հնարավորություն տվեց ոչ միայն գրոհ սկսել, այլև Բրունո Ֆերնանդեշին թույլ տվեց ավելի ազատ ստեղծագործել։

Պորտուգալիան բարձր պրեսինգով էր խաղում խաղի սկզբնամասում, որը ապարդյուն էր։ Նրանք միանգամից նետվում էին մրցակցի ֆուտբոլիստների վրա, բայց մարոկկացի ֆուտբոլիստները պատվով էին դուրս գալիս այս իրավիճակներից։ Պրեսինգը գրեթե միշտ 5-6 ֆուտբոլիստով էր անում Ֆերնանդո Սանթուշի թիմը, ինչը հակագրոհներ էր պարգևում Մարոկկոյին։ Սոֆիան Ամրաբատը գրոհն սկսելիս սկսեց իջնել պաշտպանների կենտրոն, և մրցակցի պրեսինգը ավարտվեց։

Պորտուգալացի ֆուտբոլիստները հաճախ հայտնվում էին մարոկկացիների «քառակուսիների» մեջ և գնդակ չէին կարողանում ստանալ և ստիպված եզրերով էին փորձում գրոհել։ Սակայն, հարձակման ֆուտբոլիստները և կիսապաշտպանները՝ Նևեշը, Բրունոն, Բերնարդուն, միտված էին մրցակցի դարպասը, և ցանկացած առաջ փոխանցումի դեպքում մրցակցի տուգանայինի մոտ էին տեղակայվում։ Սրա արդյունքում Պորտուգալիան 5 ֆուտբոլիստով էր լինում Մարոկկոյի պաշտպանության վերջին շերտի դեմ։
Մարոկկոն հարձակվելիս հետաքրքիր դասավորությամբ էր շարվում։ Հարձակմանը միտվում էին 3 խաղացողներ, իսկ նրանց հենց թիկունքում միանգամից 4 ֆուտբոլիստներ էին, որոնք ապահովագրում էին խաղընկերների սխալները։ Պորտուգալիան մեծ ուժերով չէր պաշտպանվում, և Մարոկկոն օգտվում էր դրանից։ Մարոկկացի կիսապաշտպանները ավելի բարձր էին տեղակայվում երբեմն, քան պորտուգալացի կիսապաշտպանները։ Այսպես եվրոպացիները խաղից դուրս էին մնում։ Նման դեպքերում 7-ը 7-ի դիմաց էին հայտնվում։

Հակագրոհների ժամանակ Մարոկկոն թվային առավելություն էր ստանում։ Եթե նայենք մրցակցի հակագրոհները, ապա դրանց կեսից ավելին քանակական առավելություն են ունեցել հենց Պորտուգալիայի տուգանային հրապարակում։ Սա խոսում է կտրված կիսապաշատպանության ու պաշտպանության մասին։

Երկրորդ կեսում պատկերը մեծապես չփոխվեց։ Ռոնալդուի՝ դաշտ դուրս գալուց հետո Պորտուգալիան սկսեց խաղալ տուգանային հրապարակում։ Նրանք փորձում էին միշտ բարձրից գտնել խաղընկերներին։

Պորտուգալիան սկսեց քաոտիկ ֆուտբոլ խաղալ, իսկ ֆուտբոլիստները փոխվում էին խաղային դիրքերով՝ այսպես փորձելով հանկարծակիի բերել աֆրիկացիներին, սակայն սա էլ չաշխատեց. այդ ամենը նշան էր ավելի անկանոն ֆուտբոլի։

Խաղի հետագա հատվածում, երբ Պորտուգալիան կարող էր մեծացնել ագրեսիվությունը, Վալիդ Ռեգրարին փոխեց մարտավարությունը՝ դարձնելով 5-1-3-1։ Այս կերպ նա փորձում էր կանխել բարձրից կատարվող փոխանցումները եզրերից։

Պորտուգալիան չկարողացավ այդպես էլ իրական վտանգ ստեղծել՝ չնայած այդքան մեծ լարվածությանը։ Մարոկկոն, օգտվելով մրցակցի դարպասապահի սխալից, Էն-Նեսիրիի ջանքերով առաջ անցավ հաշվի մեջ և առավելությունը պահեց մինչև վերջ։

«Ատլասե առյուծների» հեքիաթը շարունակվում է։

Ֆրանսիա 2:1 Անգլիա

Անգլիան խաղի սկզբնական մասում կարողացավ տիրել գնդակին, գուցե, սա նաև ֆրանսիացիներին էր ձեռնտու։ Նրանք դաշտի կենտրոնում կարողացան առավելություն ունենալ, սակայն «եռագույնները» կարողացան խաղի մեջ առաջ անցնել, ու հանդիպման պատկերը փոխվեց։

Ֆրանսիան դաշտ էր դուրս եկել 4-2-3-1 մարտավարությամբ, որը պաշտպանվելիս դառնում էր 4-4-2։ Կիլիան Մբապպեն և Օլիվիե Ժիրուն դառնում էին պրեսինգի առաջին շերտը, իսկ Ուսման Դեմբելեն իջնում էր մի փոքր թիկունք։

Այստեղ շատ կարևոր էր Ադրիեն Ռաբիոյի գործոնը․ նա ձախ եզրում և՛ փակում էր Կայել Վոլքերին և՛ Բուկայո Սակային ուղղված հավանական փոխանցումը։ Մբապպեն էլ Ջոն Սթոունզին էր փորձում ճնշել։

Ֆրանսիացիները հաշվի էին առել նրա դանդաղ և Մբապպեի արագ խաղը, ուստի ճնշումն արդյունավետ կարող էր լինել․ ահա, թե ինչու Դեշամի թիմն սկսեց գնդակը զիջել Անգլիային։

Անգլիան փորձեց Լյուկ Շոուին օգտագործել որպես զենք։ Վոլքերը եկավ պաշտպանության կենտրոնական հատված, իսկ Շոուն ավելի վեր բարձրացավ։ Այդ դեպքում Մբապպեի ու Ժիրուի ճնշումը անարդյունավետ կլիներ, դրա համար Ժիրուն սկսեց «նստել» Դեկլան Ռայսի ոտքին, ինչից հետո «երեք առյուծներն» սկսեցին բարձրից փոխանցումներով խաղալ։

Անգլիան սկսեց գործել արդեն 3-2-5 մարտավարությամբ։ Շոուն ու Սական եզրերում էին, Ֆիլ Ֆոդենն ու Ջորդան Հենդերսոնը կիսաեզրում, իսկ Հարի Քեյնը առջևի գծում։ Ջուդ Բելինգհեմն ու Ռայսը երկուսով փորձում էին գրոհի հիմքը դնել, որը ստացվում էր բավական լավ։

Անգլիացիների 5 ֆուտբոլիստների առկայությունը հարձակման գծում ստիպում էր Օրելյեն Չուամենիին և Ռաբիոյին ավելի խորքից գործել։ Այսպես Անգլիան կամաց-կամաց սկսեց տիրել նախաձեռնությանը։

Ֆրանսիան գրոհի փուլում ավելի լավ էր գործում։ Նրանք պարզ ֆուտբոլ էին փորձում խաղալ։ Չուամենիի գործոնը այստեղ շատ կարևոր էր, քանի որ նա իր հետ տանում էր Հարի Քեյնին, ով հարձակման գծի խաղացողներից ամենալավն էր պրեսինգի դիմում։ Ֆոդենն ու Սական տարածության վրա էին փորձում հսկել մրցակցին։

Գոլային դրվագները ևս կարևոր են ուսումնասիրել։ Ֆրանսիայի առաջին գոլը հենակետային դիրքում սխալի հետևանք էր։ Ռայսն ու Հենդերսոնը ուշացան փակել Չուամենիին։ Իսկ Ժիրուի գոլը ևս խոսում է Անգլիայի ուշ արձագանքի մասին։ Անկյունայինից հետո անգլիացիները տեղակայվեցին սեփական տուգանայինում, չկարողացան դիմավորել Գրիզմանին, ով գերճշգրիտ փոխանցում կատարեց Ժիրուին, ով խոցեց Պիկֆորդի դարպասը։

Անգլիան հնարավորություն ուներ երկրորդ անգամ հաշիվը հավասարեցնել, բայց Քեյնը վրիպեց 11-մետրանոցից։ Այնուամենայնիվ, Ֆրանսիա-Անգլիա դիմակայությունը իրական ֆուտբոլային պայքար էր, որտեղ «եռագույններն» ավելի ուժեղ ու դիպուկ էին։

Սամվել Մխիթարյան

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023