Տեսադարան N30. Իսպանիա – Նիդեռլանդներ?
Շարունակում ենք Տեսադարանի շարքի շրջանակում ներակայացնել լեգենդար հանդիպումների ամբողջական տեսակրկնություններ։ Այս անգամ մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում ուղիղ 6 տարի առաջ՝ 2014 թվականի հունիսի 13-ին տեղի ունեցած Իսպանիա – Նիդեռլանդներ հանդիպումը։
2014 թվականին Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության վիճակահանությունից հետո հայտնի դարձավ, որ նույն խմբում են ընդգրկվելու և՛ աշխարհի գործող չեմպիոնը, և՛ գործող փոխչեմպիոնը։
Իսպանիայի հավաքականը վերջին տարիներին պարզաես գրավել էր ֆուտբոլային աշխարհը։ «Կարմիր Ֆուրիան» նախ 2008 թվականին երջանկահիշատակ Լուիս Արագոնեսի գլխավորությամբ դարձավ Եվրոպայի չեմպիոն, ապա 2010-ին արդեն Վիսենտե դել Բոսկեի հետ դարձավ աշխարհի չեմպին, իսկ 12 թվականին իսպանացիները պաշտպանեցին Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Եվ ահա 2014 թվականի մունդիալին իսպանացիները ներկայացան որպես մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկը։
Նիդեռլանդների հավաքականին իրավմամբ կարելի է համարել ֆուտբոլի պատմության ամենաանհաջողակ հավաքականներից մեկը, որը մշտապես ունեցել է անհավանական տաղանդավոր ֆուտբոլիստներ, սակայն այս տարիների ընթացքում միայն մեկ անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ երեք անգամ էլ պարտվել է աշխարհի առաջնությունների եզրափակիչում։
Նախքան Մունդիալ-14-ը «նարնջագույնները» տապալեցին Եվրո-08-ը, երբ գերվստահ հաղթահարեցին «մահվան» խումբը, սակայն քառորդ եզրափակիչում անսպասելի պարտություն կրեցին Ռուսաստանի հավաքականից (1։3): Մունդիալ-10-ը հոլանդացիները անչափ վստահ անցկացրին՝ ժամանակի ընթացքում դառնալով ֆավորիտներից մեկը։ Նրանք հասան մինչև եզրափակիչ, սակայն այդ օրը կրկին նրանց բախտ վիճակված չէր դառնալ աշխարհում ուժեղագույն հավաքականը։ Անդրես Ինիեստան խփեց իր կարիերայի ամենահեղիանակավոր գնդակը՝ իսպանացիներին պարգևելով դեռևս միակ չեմպիոնական տիտղոսը։
Եվրո-12-ին Նիդեռլանդների հավաքականը կրկին հայտնվեց բարդ խմբում, սակայն այս անգամ չափազանց անհաջող հանդես եկավ՝ պարտվելով բոլոր երեք խաղերում։
Եկավ 2014 թվականը, և երկու կողմերն էլ մարտական կազմերով մոտեցան երկար սպասված աշխարհի առաջնությանը։ Նախորդ մունդիալի համեմատ երկու հավաքականների կազմերն այնքան էլ մեծ փոփոխությունների չէին ենթարկվել։ Այնպես ստացվեց, որ B խմբի հենց մեկնարկային խաղում իրար պետք է դուրս գային այս հավաքականները։
Սալվադորի «Ֆոնտե-Նովա» մարզադաշտում հավաքաված ավելի քան 48 հազար երկրպագուներից և ոչ ոքի մտքով չէր էլ անցնում, որ ականատես կլինի այդպիսի վրեժխնդրության։ Նիդեռլանդների հավաքականը առաջինը բաց թողնելով գնդակ՝ հանդիպման մնացած ժամանակահատվածում 5 անպատասխան գնդակ ուղարկեց Իկեր Կասիլիասի պաշտպանած դարպասը։ Այդ օրը դուբլի հեղինակ դարձան Ռոբին վան Պերսին և Արյեն Ռոբենը, մեկ գնդակ էլ խփեց Ստեֆան դե Վրեյը, իսկ իսպանացիների կազմից աչքի ընկավ Խաբի Ալոնսոն՝ վստահորեն իրացնելով 11 մետրանոց հարվածը։
Այդ օրը Նիդեռլանդների հավաքականի մոտ ստացվում էր ամեն ինչ՝ խփելով մեկը մեկից գեղեցիկ գնդակներ։ Ընդ որում՝ պետք է նշենք, որ այդ գոլերից շատերը կրկնելը բարդ կլինի նույնիսկ հենց դրանց հեղինակների կողմից։ Հատկապես տպավորիչ էր Ռոբին վան Պերսիի գոլը, երբ Դեյլի Բլինդի օդային փոխանցումից հետո Վան Պերսին չսպասեց, որ գնդակն իջնի ցատկեց, և անհավանական հարվածով այն Կասիլիասի գլխի վրայով ուղարկեց դարպասը։ Հետագայում Ռոբին վան Պերսիին սկսեցին կոչել «թռչող» հոլանդացի՝ համեմատելով Յոհան Կրոյֆի հետ։
Բավականին գեղեցիկ ստացվեցին նաև Արյեն Ռոբենի խփած գնդակները, երբ հոլանդացի վինգերը պարզապես ծաղրեց այն ժամանակվա լավագույն կենտրոնական պաշտպաններ համարվող Սերխիո Ռամոսին և Ժերար Պիկեին։
Այդ խաղից հետո Իսպանիայի հավաքականն այդպես էլ ուշքի չեկավ: Հաջորդ տուրում իսպանացիները 0։2 հաշվով պատրվեցին Չիլիի հավաքականին, իսկ վերջին տուրում 3։0 հաշվով հաղթեցին Ավստրաիլայի հավաքականին, սակայն դա բավարար չեղավ խմբից դուրս գալու համար։
Նիդեռլանդներից կրած պարտությունը կարելի է համարել իսպանական հեգեմոնիայի ավարտը, ինչից հետո «կարմիր ֆուրիան» հայտնվեց խնդիրների մեջ, իսկ Նիդեռլանդների հավաքականը 9 միավորով վստահորեն հաղթահարեց խմբային փուլի արգելքը։ Հետագայում Լուի վան Գալի սաները կամային որակների հաշվին առավելության հասան նաև Մեքսիկայի հավաքականի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում փայլելու հերթը հասավ Թիմ Կրուլին, երբ Կոստա Ռիկայի դեմ հանդիպման լրացուցիչ ժամանակի վերջնամասում դուրս եկավ փոխարինման և 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ հետ մղեց կոստառիկացիների երկու հարված։
Կիսաեզրափակիչում հոլանդացիների մրցակիցը Արգենտինայի հավաքականն էր։ Հավասար ընթացած խաղում բանը կրկին հասավ 11 մետրանոցներին, սակայն ավելի դիպուկ գտվեցին հենց լատինաամերիկացիները, իսկ երրորդ տեղի համար պայքարում Նիդեռլանդների հավաքականը 3։0 հաշվով առավելության հասավ թևաթափ եղած Բրազիլայի հավաքականին, որը կիսաեզրափակիչում 1։7 հաշվով ջախջախվել էր Գերմանիայի հավաքականի կողմից։
# Աշխարհի առաջնություն, Արյեն Ռոբեն, Իսպանիայի հավաքական, Լուի Վան Գալ, Հոլանդիայի հավաքական, Ռոբին վան Պերսի, Ստեֆան դե Վրեյ, Վիսենտե դել Բոսկե, Տեսադարան