Էդեգորը մոտ է Ռեալից հեռանալուն․ մադրիդցիները բանակցություններ են վարում անգլիական ակումբի հետ
«Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը մոտ է ակումբից հեռանալուն։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, նորվեգացի կիսապաշտպանը «արքայական» ակումբում ունեցած իր ներկա վիճակից դժգոհ է՝ ցանկանալով հեռանալ Մադրիդից։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ռեալ Սոսիեդադը», որի կազմում երիտասարդ կիսապաշտպանը հանդես է եկել 2019/20 մրցաշրջանում, շատ էր ցանկանում վերադարձնել Էդեգորին, սակայն գործին խառնվել է «Արսենալը»։
Նախքան «Արսենալից» առաջարկ ստանալը 22-ամյա կիսապաշտպանը ցանկացել է վերադառնալ Սան Սեբաստիանը ներկայացնող ակումբ, սակայն «զինագործների» առաջարկից հետո, նա իր ընտանիքի հետ քննարկելով ստեղծված իրավիճակը, որոշում է կայացրել համալրել հենց լոնդոնյան ակումբի շարքերը։
Ռոմանոն հայտնում է, որ այժմ «Արսենալն» ու «Ռեալը» ուղիղ կապի մեջ են։ «Սերուցքայինները» ցանկանում են, որպեսզի Էդեգորը «Արսենալ» տեղափոխվի միայն վարձավճարով, ընդ որում, «Ռեալը» չի ցանկանում, որ վարձակալական պայմանագրում ներառվի խաղացողի՝ տրանսֆերային ամբողջական իրավունքների պարտադիր գնման կետ։
Հունվարի 22-ի դրությամբ բանակցությունները ակտիվ կերպով ընթանում են, իսկ գործարքը մոտ է կայացման, սակայն մի շարք կետեր դեռևս հստակեցված չեն, այդ պատճառով էլ գործարքը հաստատված չէ։ «Ռեալ Սոսիեդադը» խաղից դուրս է եկել, և Էդեգորը վերջնական կողմնորոշվել է իր ապագայի հարցում․ նա ցանկանում է հանդես գալ «Արսենալի» կազմում։
Մարտին Էդեգորը «Ռեալի» ֆուտբոլիստ է համարվում 2015 թվականից, երբ այդ տարվա հունվարին ակումբը խաղացողի տրանսֆերային իրավունքները 2․8 մլն եվրոյի դիմաց գնեց նորվեգական «Ստրյոմսգոդսեթ» ակումբից։ Մինչ այժմ նա «արքայական» ակումբի հիմնական կազմում անցկացրել է ընդամենը 11 հանդիպում և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով, իսկ անցնող տարիներին վարձակալությամբ հանդես է եկել հոլանդական «Հերենվենի» և «Վիտեսի», ինչպես նաև «Ռեալ Սոսիեդադի» կազմում։
# Արսենալ, Հերենվեն, Մարտին Էդեգոր, Ռեալ Մադրիդ, Ռեալ-Սոսիեդադ, Վիտես, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո