Հիասքանչ Արսենալ. «զինագործները» կամային հաղթանակ տոնեցին Վեսթ Հեմի նկատմամբ🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում առաջնության առաջատար «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։
Հանդիպումը բավական ծանր ընթացք ստացավ «զինագործների» համար, քանի որ «մրճահարները» Սայիդ Բենրահմայի դիպուկ իրացրած 11-մետրանոցի շնորհիվ 27-րոպեին առաջ անցան հաշվի մեջ։
Նախքան ընդմիջում Միկել Արտետայի թիմին չհաջողվեց խփել պատասխան գնդակը։
Այդուհանդերձ, երկրորդ կեսում տանտերերը կերպարանափոխված տեսքով դաշտ դուրս եկան և ընդամենը 6 րոպեի ընթացքում ոչ միայն հավասարացրին, այլև առաջ անցան հաշվի մեջ. 53-րդ ու 59-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Բուկայո Սական և Գաբրիել Մարտինելին։
69-րդ րոպեին «զինագործների» գեղեցիկ գրոհն էլ եզրափակեց Էդի Նկետիան` հաշիվը դարձնելով 3:1։
Բաց թողած երրորդ գոլից հետո Դևիդ Մոյեսի թիմը հանդիպման մնացած ժամանակատվածում ոչինչ չկարողացավ առաջարկել մրցակցին։
Այսպիսով, «Արսենալը» հաղթեց 3:1 հաշվով, ինչից հետո վաստակեց 40 միավոր` ամրապնդվելով Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականում։
«Վեսթ Հեմը»,14 միավորով, 16-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսենալ, Բուկայո Սակա, Գաբրիել Մարտինելլի, Դևիդ Մոյես, Էդի Նկետիա, Միկել Արտետա, Սայիդ Բենրահմա, Վեսթ Հեմ