Լայպցիգը սահմանել է Նագելսմանի հրաժարագինը․ նրա ծառայություններով հետաքրքրված է Բավարիան
«Բավարիան» սկսել է մտածել նոր գլխավոր մարզիչ հրավիրելու մասին։ Ինչպես տեղեկացնում է Sport1-ը, մյունխենցիների ներկայիս գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին փոխարինելու հիմնական թեկնածուներից մեկը Յուլիան Նագելսմանն է, ով ներկայումս մարզում է «Լայպցիգը»։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Լայպցիգի» ղեկավարները Նագելսմանի վերաբերյալ դեռևս որևէ առաջարկ չեն ստացել։ «Ցլերը», ամեն դեպքում, զգուշանում են, որ 33-ամյա մասնագետը, հնարավոր է, հեռանա իր զբաղեցրած պաշտոնից՝ հատկապես հաշվի առնելով, որ հաճախակիացել են այն խոսակցությունները, որ հաջորդ ամռանը Ֆլիկը գլխավորելու է Գերմանիայի հավաքականը։
Հաղորդվում է, որ «Լայպցիգը» չի ցանկանում բաց թողնել Նագելսմանին, սակայն պատրաստ է սկսել բանակցություններ, եթե որևէ ակումբ պատրաստ լինի նրա դիմաց վճարել 15-20 մլն հրաժարագին։
Հավելենք, որ եթե մյունխենյան ակումբը վճարի Նագելսմանի հրաժարագինը, ապա այն նոր ռեկորդ կդառնա Բունդեսլիգայի ակումբների համար։ Վերջերս «Բորուսիա Մյունխենգլադբախն» է թարմացրել այդ ռեկորդը՝ «Այնտրախտի» ներկայիս գլխավոր մարզիչ Ադի Հյութերի դիմաց վճարելով 7․5 մլն հրաժարագին։ 51-ամյա մասնագետը նոր մրցաշրջանում դառնալու է մյունխենգլադբախցիների նոր գլխավոր մարզիչը։
Ինչ վերաբերում է Յուլիան Նագելսմանին, ապա նա «Լայպցիգը» մարզում է 2019 թվականից, իսկ մինչ այդ էլ 2016-2019 թթ․ գլխավորել է «Հոֆֆենհայմը»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բունդեսլիգա, Գերմանիայի հավաքական, Լայպցիգ, Հանս-Դիտեր Ֆլիկ, Յուլիան Նագելսման