Ֆուտզալ․ Ռուսաստան – Հայաստան հանդիպմանն ընդառաջ

Ֆուտզալ․ Ռուսաստան – Հայաստան հանդիպմանն ընդառաջ

29/01/2021 - 14:05

Այսօր՝ հունվարի 29-ին Հայաստանի ֆուտզալի հավաքականը սկսում է պայքարը 2022 թվականին Նիդեռլանդներում կայանալիք Եվրոպայի առաջնության որակավորման խմբային փուլում։

Մեր տղաները որակավորման խմբային փուլում ընգրկված են 2-րդ խմբում, որտեղ մրցելու ենք Ռուսաստանի, Ֆրանսիայի, ինչպես նաև Վրաստանի հավաքականների։

Հայաստանի հավաքականը մեկնարկային խաղում Մոսկվայում կմրցի աշխարհի գործող փոխչեմպիոն և Եվրոպայի բրոնզե մեդալակիր Ռուսաստանի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 20։00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերով։

Տեսանյութը՝ «Armenia TV»-ի

Մեր հավաքականը՝ Ռուբեն Նազարեթյանի գլխավորությամբ արդեն մեկնել է Մոսկվա, որտեղ նախախաղային մարզում է անցկացրել։

Մեր հավաքականը մրցավայր է մեկնել հետևյալ կազմով․

Լուան Բարբոսա – «Ֆունդաո» (Պորտուգալիա)

Ռոբերտ Բոյարկին – «Ռոստով» (Ռուսաստան)

Սարո Գալստյան – «Լեո»

Գարեգին Մաշումյան – «Լեո»

Գամլետ Մանուկյան – «Սիբիրյակ» (Նովոսիբիրսկ, Ռուսաստան)

Սարգիս Մարգարյան – «Բորիսով-900» (Բելառուս)

Վլադիմիր Սանոսյան – «Դինամո» (Սամարա, Ռուսաստան)

Դավիթ Ասլանյան – «Սիպար» (Տաջիկստան)

Արթուր Մելքոնյան – «Ստոլիցա» (Բելառուս)

Էնրիկե Դա Սիլվա – «Բեթուն» (Ֆրանսիա)

Վիկտոր Դե Սոուզա – «Լյուբավա» (Լեհաստան)

Ռաֆիկ Բաղդասարյան – «Սիգմա-Կ» (Ռուսաստան)

Նիկիտա Խրոմիխ – «Դինամո» (Սամարա, Ռուսաստան)

Դենիս Նևեդրով – «Տյումեն» (Ռուսաստան)

Այժմ մի փոքր խոսենք ֆուտզալի Եվրոպայի առաջնության նոր ձևաչափի մասին, որն ՈՒԵՖԱ-ի կողմից վերջերս է փոփոխությունների ենթարկվել։

Նախ մրցաշարն արդեն անց է կացվելու յուրաքանչյուր 4 տարին մեկ՝ նախկին 2-ի փոխարեն։ Մրցաշարի ընտրական փուլին ավելացվել է նաև որակավորման խմբային փուլը, որի շրջանակում 32 հավաքականներ ընդգրկվել են 8 խմբերում։ Ինչպես հասկացաք, յուրաքանչյուր խմբում ընդգրկված են 4 հավաքականներ։ Խմբերում 1-ին հորիզոնականը զբաղեցրած հավաքականները միանգամից որակավորվելու են Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։ 1-ին հորիզոնականը զբաղեցրած հավաքականներին կմիանան նաև խմբերում 2-րդ հորիզոնականը զբաղեցրած լավագույն 6 հավաքականները, որոնք նույնպես միանգամից կուղևորվեն Նիդեռլանդներ։ Մյուս երկու հավաքականները, որոնց 2-րդ հորիզոնականը զբաղեցնելով հանդերձ, չի հաջողվել դառնալ վերոնշյալ 6 լավագույններից մեկը, միմյանց միջև 2021 թվականի նոյեմբերի 14-17-ն ընկած ժամանակահատվածում երկու հանդիպում կանցկացնեն՝ որոշելու Եվրոյի վերջին մասնակցին։

Որակավորման խմբային փուլն անցկացվելու է 2021 թ․ հունվարից-ապրիլ ամիսներին։ Մեր ընտրանին խմբում բոլոր հավաքականների դեմ պետք է երկուական հանդիպում անցկացնի՝ ինչպես տանը, այնպես էլ դրսում։ Մեր խմբում արդեն կայացել է մեկ հանդիպում․ 2020 թվականի դեկտեմբերի 8-ին Ֆրանսիայի ու Վրաստանի հավաքականները չեն կարողացել պարզել հաղթողին․ գրանցվել է գերմարտական ոչ-ոքի՝ 4։4։

Ինչ վերաբերվում է Եվրո-2022-ին, ապա այն անցկացվելու է Նիդեռլանդներում 2022 թվականի հունվարի 19-ից փետրվարի 6-ը։

Կարծում ենք ՝ հասկանում եք, որ մեր ֆուտզալի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու բացառիկ հնարավորություն ունի, այդ պատճառով անչափ կարևոր է յուրանչյուր խփած և բաց թողած գնդակը, էլ չենք խոսում՝ յուրաքանչյուր վաստակած միավոր մասին։ Հաջողություն ենք մաղթում մեր հավաքականին։

# , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022