Համրուն Սպարտանսը հրաշք գործեց` դուրս գալով ԿԼ-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլ🎥

Համրուն Սպարտանսը հրաշք գործեց` դուրս գալով ԿԼ-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլ🎥

12/08/2022 - 11:32

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Մալթան ներկայացնող «Համրուն Սպարտանսը»` Սոֆիայի «Վիվակոմ Արենա» մարզադաշտում, մրցեց «Լևսկիի» դեմ։

Նշենք, որ դիմակայության առաջին խաղում բուլղարական ակումբը հյուրընկալվելիս հաղթել էր 1:0 հաշվով։

Պատասխան հանդիպման մեկնարկում էլ «Լևսկին» ուներ խաղային մեծ առավելություն և մի քանի անգամ կարող էր բացել հաշիվը, սակայն միայն առաջին կեսում «Սպարտանսի» դարպասապահ Անրի Բոնելոն կատարեց 6 սեյվ։

Կողմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսում ավելի հավասար պայքար էր ընթանում, սակայն հանդիպման վերջնամասում մրցող կողմերն իսկական թրիլլեր էին պատրաստել։

78-րդ րոպեին հյուրերի կիսապաշտպան Մեթյու Գիյոմեն, օգտվելով «Լևսկիի» դարպասապահ Նիկոլայ Միհայլովի անվստահ խաղից, բացեց հանդիպման հաշիվը։

Բաց թողած գոլից հետո Ստանիմիր Ստոյլովի սաները նետվեցին առաջ` հետ բերելու կորցրածը և 90+1-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո, Վանդերսոն Ցունամիի խփած գոլի շնորհիվ, վերականգնեցին հաշվի հավասարակշռությունը։

Այդուհանդերձ, «Համրուն Սպարտանսի» ֆուտբոլիստները բաց թողած գոլից ընդամենը մեկ րոպե անց` 90+2-րդ րոպեին, գնդակը խաղարկեցին դաշտի կենտրոնից և սուր գրոհ զարգացրին ու կրկին առաջ անցան հաշվի մեջ. աչքի ընկավ Ռայան Կամենզուլին։

Հանդիպման հիմնական ժամանակում Մալթան ներկայացնող ակումբը հաղթեց 2:1 հաշվով, ինչից խաղը շարունակվեց լրացուցիչ ժամանակում։

Լրացուցիչ երկու խաղակեսերն էլ անցան հավասար և իներտ պայքարում, ինչի հետևանքով ակումբները չկարողացան գտնել մրցակցի դարպասը տանող ճանապարհը. կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար։

Հարվածաշարի ժամանակ կրկին փայլեց «Համրուն Սպարտանսի» դարպասապահ Անրի Բոնելոն, ով, հետ մղելով մրցակցի կատարած երկու հարված, հաղթանակ պարգևեց իր թիմին։

Այսպիսով, «Համրուն Սպարտանսը» դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ, որի շրջանակում մրցելու է սերբական «Պարտիզանի» դեմ։

Հիշեցնենք, որ մրցաշարի որակավորման առարին փուլում «Սպարտանսը» պայքարից դուրս թողեց «Ալաշկերտին»` ընդհանուր դիմակայությունում հաղթելով 4:2 հաշվով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022